RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-09-25 23:32:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1486, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒ ԱՆԿԱՏԱՐ ԱՆԿՅՈՒՆԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Երեւանում օրերս գումարված Հայաստան-Սփյուռք համաժողովում հնչած բազմաթիվ հայտարարություններից պատմության համար կարելի է առանձնացնել հետեւյալները.

Առաջիկա տարի, Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Հայ եկեղեցին կսրբադասի 1,5 միլիոն մեր անմեղ զոհերին:

Մեծի տանն Կիլիկիո Անթիլիասի կաթողիկոսությունը դատական հայց կներկայացնի Թուրքիայի Սահմանադրական դատարանՙ պահանջելով իրեն վերադարձնել պատմական Սիս քաղաքում գտնվող իր նախկին նստավայրը:

Առաջիկա ապրիլի 12-ին Վատիկանի Սբ. Պետրոս Բազիլիկայում կմատուցվի հայածես պատարագ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, հանդիսապետությամբ Հռոմի պապի:

2015 թ. Ապրիլի 24-ից հետո Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովը կվերածվի համահայկական հարցերը համակարգող պետական հանձնաժողովի:

Հաջորդաբար Ամենայն հայոց կաթողիկոսի, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի, Հայ կաթողիկե պատրիարքի եւ ՀՀ նախագահի կողմից հրապարակված ծրագրային այս գաղափարները իսկապես ուշագրավ են եւ հավանաբար իշխող հարցերը դառնան ազգային մեր առաջիկա օրակարգի:

Սակայն առայժմ կուզենայի առանձնացնել դրանցից վերջինը, որը իմ տպավորությամբ արձագանքն էր համաժողովի ընթացքում եւ դրանից առաջ սփյուռքահայ տարբեր շրջանակներից եկող տրտունջների, դժգոհությունների, անբավարարվածության:

Հայտնի է, որ ՀՀ նախագահի գլխավորությամբ գործող Ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովը կազմված է, բացի Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից, Հայ առաքելական, Հայ կաթողիկե, Հայ ավետարանական եկեղեցիների հոգեւոր պետերից, հայկական ավանդական երեք կուսակցությունների, բարեգործական, մշակութային, անգամ մարզական (բարեբախտաբարՙ ընդամենը մեկ) գլխավոր կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Սակայն հատկապես ներկայացուցչական տեսակետից սփյուռքի տարբեր շրջանակներ այդ հանձնաժողովը համարում են անկատար եւ ոչ ամբողջականՙ տարբեր հիմնավորումներով: Առաջինՙ վերոհիշյալ կազմակերպությունները ներկայացնում են սփյուռքահայությանը ոչ ամբողջական իմաստով: Դրանցից դուրս են մնում տարբեր երկրներում ապրող հարյուր հազարավոր ազգակիցներ, որոնք, մեղմ ասած, չեն կիսում ավանդականների տեսակետը կամ գործելաձեւը: Երկրորդՙ հատկապես նորահայտ կամ նոր ստվարացած գաղթօջախներում, ինչպես, օրինակ, Ռումինիայում, Հունգարիայում, Գերմանիայում եւ այլուր, ավանդական մեր կազմակերպությունները չեն գործում եւ կամ կազմակերպված ներկայություն չունեն: Հետեւաբար, եթե մեր խնդիրն է պետական այդ հանձնաժողովի որոշումները դարձնել ընդունելի եւ գործուն, ապա պետք է համալրում կատարվի եւ հանձնաժողովը դառնա իսկապես ներկայացուցչականՙ գոնե սփյուռքի մասով:

Այս տեսակետի կողմնակիցները հիշեցնում են, որ համաժողովի ընթացքում բազմիցս նշվածՙ Հայաստանի Հանրապետություն-Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Սփյուռք եռամիասնության մի մասըՙ եռանկյունու մի անկյունը անկատար է. այն պետք է ամբողջանա ինքն իր մեջ եւ ինքն իրենով:

Իսկ թե ի՞նչպեսՙ ահա՛ քննարկման կարեւոր թեմա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ