RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014



Տեղադրվել է` 2014-09-25 23:32:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1865, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ` ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Մ. Խ.

Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովում հնչեցրած իր ելույթում երկու առաջարկ արեց. ստեղծել համահայկական տնտեսական ֆորում` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ձեւավորել համահայկական երիտասարադական միություն` ընդունելով նաեւ երիտասարդության մասին օրենք: Առաջինը` լուծելու համար տնտեսական զանազան խնդիրները, որոնք Հայաստանի զարգացման եւ Հայաստանի հետ համագործակցության համար խոչընդոտ են, երկրորդը` կարեւորելու համար երիտասարդության դերը Հայաստանի ապագայի տեսակետից:

Արա Աբրահամյանը գոհ էր սփյուռքի նախարարության գործունեությունից, քանի որ, նրա կարծիքով, այդ օղակը ստեղծվելով, նպաստել է Հայաստանի հետ սփյուռքի կառույցների ավելի սերտ աշխատանքին: Կոնգրեսն աշխատում է նախարարության հետ` պատրաստ լինելով նաեւ աշխատելու բոլոր մյուս կառույցների հետ:

Արա Աբրահամյանը նույնպես, ինչպես համաժողովի շատ այլ մասնակիցներ, գտնում է, որ Հայոց ցեղասպանության խնդիրը ճանաչման փուլից իրավական ուղղությամբ արդեն պետք է տանել: «Ազգի» հետ փոքրիկ զրույցը սկսվեց հենց այս թեմայից.

- Մենք մոտ տասն տարի առաջ գրավոր դիմեցինք Հայաստանի նախագահին, նշելով, որ մենք իրավական ճանապարհով պետք է սկսենք լուծել այդ խնդիրը: Դա ցեղասպանության խնդիրներով զբաղվող հինգ միջազգային իրավաբան-փորձագետների հավաքի որոշման արդյունք էր: Պրոֆեսոր Յուրի Բարսեղովը նույնպես ճիշտ ճանապարհ էր համարում, որ մենք գնանք դատարան: Հիմա պետք է մտածել պրոֆեսիոնալ իրավաբաններ ունենալու մասին, որոնք կստանձնեն Հայոց եղեռնի դատապաշտպանությունը, ունենանք փորձագետներ, պատրաստենք մասնագետներ այդ միջազգային դատերը շահելու համար: Այո, դա կարեւոր խնդիր է, եւ այդ ուղղությամբ Հայաստանի հետ համագործակցում ենք:

- Եվրասիական միությանն անդամակցության պայմանագրի կնքումը Հայաստանի հետ հոկտեմբերի 10-ին Ձեր կարծիքով տեղի կունենա՞, այս պահին բավական բարդ տնտեսական կացություն է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի համար...

- Գիտեք ինչ կա` միշտ էլ ժամանակը բարդ է, ե՞րբ է հեշտ եղել Հայաստանի համար վերջին երկու հազար տարվա մեջ: Մենք պետք է գնանք առաջ, մենք էսօր իրավունքն չունենք կանգնելու: Մենք տեղեկություն ունենք, որ ամեն ինչ ընթանում է այնպես , ինչպես պետք է: Կան խնդիրներ, իհարկե, դուք բոլորդ մեզանից լավ գիտեք` Ուկրաինայում խնդիրներ կան, միջազգային սանկցիաներ կան Ռուսասատանի դեմ: Դա ընդհանրապես չի կարող չազդել Հայաստանի վրա ե՛ւ անդամակցության, ե՛ւ տնտեսության, ե՛ւ զարգացման առումով: Մի մոռացեք, որ Ռուսաստանում երկուսուկես միլիոն հայություն կա, եւ էդ երկուսուկես միլիոն հայությունն անմիջական կապ ունի (այդ հարցերի հետ): Բայց որքան Ռուսաստանը զարգանա եւ կայունանա, Հայաստանի հետ կապերը սերտանան` Հայաստանի օգուտն է:

- Իսկ հենց այդ օրը կստորագրվի՞ պայմանագիրը:

- Ես պատճառներ չեմ տեսնում չստորագրելու:

- Դուք գործարար եք, որը ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Հայաստանում բիզնեսներ ունի. ԵՏՄ-ին անդամակցության պարագայում Հայաստանում արժեզրկման տեմպը որպես գործարար հաշվարկե՞լ եք:

- Ոչ մի արժեզրկում էլ չի լինի: Ինձ չի թվում, որ այսօր մի քայլից պետք է հետ կանգնենք կամ պատճառ ունենք հետ կանգնելու, այդպիսի պատճառ այսօր ես չեմ տեսնում: Տնտեսական, քաղաքական, ռազմավարական բոլոր խնդիրները մենք պետք է հանգիստ, առանց որեւէ աղմուկի քննարկենք եւ լուծենք:

- Լեւոն Հայրապետյանի վիճակը փոխելու հետ կապված ի՞նչ է արվում:

- Դուք ինքներդ տեսնում եք ընթացքը: Պետք է մի քիչ համբերություն ունենանք, ինձ թվում է ամեն ինչ կպարզվի, Լեւոն Հայրապետյանը դուրս կգա, բոլորս` երկուսուկես միլիոն հայություն Ռուսաստանում մտահոգված է այդ խնդրով: Հիմա նորից քայլեր ձեռնարկվում են, ես նոր եմ վերադարձել արտերկրից, փորձեմ նորից վերադառնալ էդ խնդրին, տեսնել` կարո՞ղ եմ նորից մի բան անել, որովհետեւ բոլորդ գիտեք Հայրապետյանի առողջական վիճակի մասին. մեր բոլորի առաջնային խնդիրն է, որ Հայրապետյանը գոնե այս ընթացքում տանը լինի, տնային կալանքի:

Լեւոն Հայրապետյանը, բոլորս գիտենք, օգնել է Հայաստանին, ակտիվ հայրենասեր-բարերար է, հիմա ժամանական է, որ մենք մեր խոսքն ասենք նրա նկատմամբ: Ռուսաստանի հայությունն ուզում է, որ էդ մարդը դրսում սպասի դատավարության ժամանակին: Եթե մարդ մեղավոր է, ոչ մի բարերարություն չի օգնի, մենք պետք է լինենք իրավական դաշտում, սակայն ես համարում եմ, որ այդ մարդն արդար է:

- Գործի ընթացքի վրա ինչը կարող է կամ ինչպե՞ս կարելի է ազդել:

- Կարելի է ազդել, որ գործն ավելի արագ ընթանա: Գիտեք` Եվտուշենկովն (խոսքն «ԱՖԿ Սիստեմա» ընկերության հիմնադիր Վլադիմիր Եվտուշենկովի մասին է-Մ.Խ.) ամենակարեւոր, ամենաազդեցիկ մեկն է, հայ ժողովրդի բարեկամն է, բավական ներդրումներ է արել, նրա խոսքը կարագացնի պրոցեսը: Բայց տեսնում եք` որքան բարդ խնդիր է, ու հատկապես Հայրապետյան Լեւոնի մեղավորությանը չի վերաբերում, խնդի՛րը պետք է պարզվի. Եվտուշենկովն ինքը բոլոր հարցերին հենց պատասխանեց, նույն օրը Հայրապետյան Լեւոնը դուրս կգա:

Հ.Գ.- Մեր կողմից նշենք, որ Վլադիմիր Եվտուշենկովի համար սահմանված խափանման միջոց տնային կալանքն էլ մի քանի օր առաջ փոխարինվեց երկիրը չլքելու մասին ստորագրությամբ, իսկ թե ինչպես է ազդելու Եվտուշենկովի ցուցմունքը Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցի վրա, պարզ չէ, քանի որ կալանքի ժամկետը երկարացվել է մինչեւ հունվար: Ամեն դեպքում Արա Աբրահամյանը հույսը չէր կորցնում, որ այդ ուղղությամբ աշխատելով կարելի է հասնել դրա փոփոխմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ