RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014



Տեղադրվել է` 2014-09-25 23:32:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1379, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ԹԵԹԵՎԱՑՈՒՄ... ԵՎ ԿՐԿԻՆ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Առաջ անցնելով փաստենք, որ երեւի աշխարհում նման նախադեպ չկա, երբ բողոքեն հարկային բեռի թեթեւացման ( ոչ թե ավելացման ) դեմ, պատճառաբանելով, որ դրա արդյունքում ստիպված պետք է օրենքով աշխատեն:

Տոնավաճառների մի քանի հարյուր առեւտրականներ կառավարության առջեւ կրկին բողոքի ցույցեր են անցկացնում: Վերջին անգամ բնակչության այս խավի ներկայացուցիչները բողոքում էին մի քանի տարի առաջ` ՀԴՄ-ների ներդրումից, որը կոչված էր բացահայտել մանրածախ եւ մեծածախ առեւտրի ոլորտում փաստաթղթաշրջանառությունը: ՀԴՄ-ները ներդրվեցին, բայց դրանց կիրառումը շարունակվեց ձեւական մնալ, հետեւաբար նաեւ չբացահայտված փաստաթղթաշրջանառությունն ու ստվերային շրջանառությունը մնացին անփոփոխ: Իսկ որ առեւտրի ոլորտում են պտտվում մեր տնտեսության ստվերի ահռելի մի հատված, որեւէ մեկի եւ հատկապես տոնավաճառների առեւտրականների համար գաղտնիք չէ: Դրա դեմ պայքարի ձեւեր գտնելը կառավարության պարտականությունն է: ՀԴՄ-ները թեեւ պարտադիր պայման էին ստվերի բացահայտման համար, բայց ոչ բավարար: Հատկապես հարկման փոքր բիզնեսի համար ստեղծված շրջանառության հարկի պարագայում:

Այս տարվա հունիսին Հայաստանի կառավարությունը արմատական փոփոխություն կատարեց փոքր բիզնեսի եւ մասնավորապես առեւտով զբաղվողների համար` մի կողմից իջեցնելով հարկային դրույքաչափը, մյուս կողմից` փոքր բիզնեսից պահանջելով փաստաթղթերով աշխատել:

Առեւտրով զբաղվողները 3,5 տոկոսի փոխարեն կվճարեն 1 տոկոս շրջանառության հարկ

Շուրջ 40 հազար առեւտրային գործունեություն իրականացնողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից կառավարությունը դարձրեց 1 տոկոս: Թեթեացնելով փոքր եւ միջին բիզնեսի, մասնավորապես առեւտրային գործունեություն իրականացնողների բեռը, պետական բյուջեն չի ստանա 8 մլրդ դրամ:

Ընդ որում, հարկային բեռի թեթեւացումը արվել է միայն առետրային գործունեություն իրականացնող փոքր ու միջին տնտեսվարողների համար: Արտադրության եւ ծառայությունների ոլորտների ՓՄՁ-ները շարունակելու են հարկվել շրջանառության հարկի նախկին` 5 տոկոս դրույքաչափով, թեեւ տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից ճիշտ կլիներ առաջին հերթին հենց այս` արժեքներ ստեղծող ճյուղերի համար հարկային բեռ թեթեւացնել: Սակայն վերադառնանք առեւտրին:

Խոշոր բիզնեսը առավելապես տոնավաճառների միջոցով շարունակում է մեծածավալ ստվերային շրջանառություն ունենալ: Բացի դրանից, տոնավաճառները կեղծված, մաքսանենգ, ժամկետանց ապրանքների վաճառքի վայրերն են, ինչից տուժում են թե օրինական աշխատող տնտեսվարողները, թե սպառողները` այսինքն մենք բոլորս: Առեւտրով զբաղվողների համար փաստաթղթաշրջանառությունը պարտադիր դարձնելը նշանակում է, որ նրանք պարտավոր են իրենց մատակարարներից ստանալ մատակարարված ապրանքի վերաբերյալ փաստաթուղթ` հաշիվ-ապրանքագիր կամ ՀԴՄ կտրոն:

Այդուհանդերձ, եթե ապրանք մատակարարողները չեն ներկայացնում փաստաթուղթ, մանրածախ առեւտրականներն ունեն պատժամիջոցներից խուսափելու այլընտրանք` նրանք պարզապես կարող են հարկային մարմնին հայտնել, թե ո՞ր ընկերությունից են իրենք ձեռք բերել առանց փաստաթուղթ ապրանքը :

Այսինքն, առաջարկվում է մեխանիզմ, որով պետք է բացահայվի, թե որտեղի՞ց եւ ի՞նչ արժողությամբ ապրանք են ստանում տոնավաճառներում առեւտուր անողները: Նմանապես, թե խոշոր ներկրողները որտե՞ղ եւ ի՞նչ արժողությամբ ապրանք են սպառում: Միանշանակ է, որ առանց այստեղ փաստաթղթաշրջանառություն բացահայտելու, ստվերի դեմ պայքարը կդառնար պայքար հողմաղացների դեմ, այսինքն` անօգուտ եւ անիմաստ:

Պատժամիջոցները փաստաթուղթ չունենալու դեպքում

Փաստաթղթի բացակայության դեպքում սահմանված են պատժամիջոցներ: Մինչեւ 2015-ի հունվարի 1-ը սուբյեկտը նախ կնախազգուշացվի, երկրորդ խախտման դեպքում` կտուգանվի 20 հազար դրամով, երրորդ խախտման դեպքում կկիրառվի 5 տոկոս շրջանառության հարկ, իսկ չորրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ավելացված արժեքի հարկի դաշտում: 2016-ի հունվարի 1-ից, եթե ՓՄՁ-ն չունենա փաստաթղթաշրջանառություն, նախազգուշացումն ու տուգանքը կհանվեն, տնտեսվարողն առաջին խախտման դեպքում կվճարի ավելի բարձր` 5 տոկոս շրջանառության հարկ, իսկ երկրորդ խախտման դեպքում` կհայտնվի ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դաշտում:

Տոնավաճառների առեւտրականների դժգոհությունը փաստաթղթաշրջանառությունը պարտադիր դարձնելու առնչությամբ է: Ընդ որում, «մոռանալով», որ իրենց համար հոկտեմբերի 1-ից հարկային բեռը թեթեւանում է, նրանցից շատերը փորձում են թյուրիմացություն ստեղծել հասարակության մեջ հայտարարելով, որ իրենց հարկային բեռը ավելանում է:

Ո՞րն է մտահոգության իրական պատճառը

Տոնավաճառների առեւտրականները տարբեր կերպ են պատճառաբանում իրենց դժգոհությունը` ավելորդ թղթաբանություն, հաշվապահ պահելու դժվարություն, ամեն պահի հարկային ստուգումների վտանգ: «Եթե ուզում եք խոշորներին հարկային դաշտ բերել, խնդրում ենք մեր միջոցով դա չանել։ Մեզ տեռորի մի ենթարկեք», անգամ նման զավեշտալի արտահայտություն եղավ ուղղված վարչապետին: Մինչդեռ դժգոհության իրական պատճառն այն է, որ չբացահայտվի իրենց եւ իրենց ապրանք մատակարարողների ստվերային առեւտուրը: Ի՞նչ է ասում այս առնչությամբ կառավարությունը դժգոհողներին:

«Մենք ձեզ չենք դիտարկում որպես հարկատու: Հակառակը, ընդունված օրենքով պետական բյուջեի մուտքերը նվազելու են 10 մլրդ դրամով, քանի որ ՓՄՁ-ներն այսուհետ 3,5 տոկոսի դիմաց վճարելու են 1 տոկոս շրջանառության հարկ: Շրջանառության հարկը նվազեցրել ենք, լա՞վ է դա, թե՞ վատ: Հրաժարվել ենք այդ գումարից, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը զարգանա, ծաղկի: Ձեզ խնդրում ենքՙ առանց փաստաթղթի մի աշխատեք, որ խոշորների համար չդառնաք հարթակ, գործիք, որ մեզ խաբեն: Հարկային ծառայությունները ստուգումներ կիրականացնեն միայն, երբ լինեն ռիսկեր: Ստուգումները սկսելու ենք խոշորներից», առեւտրականներին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը :

Դիտարկմանը, թե խոշոր բիզնեսն ապրանքը վաճառելուց իրենց փաստաթուղթ չի տրամադրում, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դրա համար կան մարմիններ, որոնք պետք է հետեւեն եւ օրենքի շրջանակում մարդկանց պատասխանատվության ենթարկեն: Տեղեկացնելով, որ կառավարությունը որոշումը կայացրել է փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում, այդուհանդերձ, վարչապետն առաջարկել է առեւտրականներին գրավոր առաջարկներ ներկայացնել:

Բեռի թեթեւացման դիմաց օրինական գործունեություն

Բնական է եւ հասկանալի, որ հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ տնտեսվարողները կարողանան շահավետ գործունեություն ծավալել եւ զարգանալ: Պարզ է նաեւ, որ խնդիրն ունի սոցիալական նշանակություն` հազարավոր ընտանքիներ համեմատաբար լավ կենսամակարդակ ունեն տոնավաճառային առեւտրում ներգրավված լինելու շնորհիվ: Հետեւաբար, ցանկացած որոշում ընդունելիս, կառավարությունը այս հանգամանքերը պետք է հաշվի առնի: Սակայն նույն մոտեցումը պետք է ունենա նաեւ մյուս կողմը:

Եթե պետությունը առեւտրով զբաղվողներին աջակցելու համար հարկային բեռ է նվազեցնում, եւ պետական բյուջեն չի ստանում միլիարդավոր դրամներ, ապա մանրածախ առեւտրականներն էլ դրա դիմաց պետք է որոշակի ազնվություն ցուցաբերեն եւ նպաստեն խոշոր տնտեսվարողների ստվերի եւ միաժամանակ նաեւ իրենց ստվերի թեկուզ որոշ մասի բացահայտմանը: Ավելի պարզ ասած` հարկային բեռի թեթեւացման դիմաց` օրինական գործունեությանը: Բիզնես հանրությունը տարիներ շարունակ նման առաջարկներ է արել իշխանությանը: Սակայն հիմա, երբ եկել է նման առաջարկն իրագործելու պահը, այն «մոռացվում է»` բնակչության, պետության, երկրի տնտեսության շահերի հետ միասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ