RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014



Տեղադրվել է` 2014-09-25 23:32:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1239, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 10

Ի՞ՆՉ ԱՍԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Թեժ հարաբերությունների պակասից` թեժ քաղաքական գործընթացներ ակնկալողներին հայտնենք, որ ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» կուսակցությունները, նախքան հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում արգելելը երեխաներին` հեծանիվ քշել, արդեն սեպտեմբերի 25-ից, «հուժկու» հանրահավաքին ընդառաջ, կսկսեն իրենց մարզային հանրահավաքների շարքը: Այսպես, սեպտեմբերի 25-ին եռյակի առաջին հանրահավաքը տեղի կունենա` ԲՀԿ-ի «տանը»` Աբովյան քաղաքում, ապա սեպտեմբերի 26-ին «բուրժուադեմոկրատները» կլինեն Հրազդանում, սեպտեմբերի 28-ին կմեկնեն Սիսիան, նույն օրը կլինեն նաեւ Կապանում, հոկտեմբերի 3-ին Արարատի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակը կընդունի նրանց, հոկտեմբերի 4-ին Իջեւանի` շատրվաններին կից հրապարակը: Եւ վերջապես հոկտեմբերի 6-ին եռյակը կլինի Վանաձորում, իսկ 8-ին մարզային հանրահավաքները կեզրափակվեն Գյումրիում:

Տրամաբանական է, որ եռյակը հիշյալ բոլոր հանրահավաքների մասնակիցներին կհրավիրի հոկտեմբեր 10-ի «հուժկու» հանրահավաքին, ենթադրելի է, որ ԲՀԿ ղեկավարությունը կհոգա մարզերից եկածների տեղափոխության հարցերը` անվճար, լրիվ ապաքաղաքական բարեգործությամբ:

Սա, եթե եռյակի հանրահավաքին նայենք` կազմակերպչական տեսանկյունից, չնայած այս առումով նկատենք, որ եթե ԲՀԿ-ն հիմնականում լուծելու է հանրահավաքների տեխնիկական-ֆինանսական մասը, ապա ՀԱԿ-ի ծեր եւ փորձատու ուսերին է ընկած դրանց գաղափարական մասը: Այս առումով որոշակի լուսանցքում է հայտնվում «Ժառանգությունը», բայց այս կուսակցության պարագայում դա այդքան էլ ուշագրավ հանգամանք չէ:

Հիմա հանրահավաքների այս շքերթին նայենք` օրակարգային առումով: Ի՞նչ են խոսելու այդ հանրահավաքների ժամանակ, այլ կերպ ասած` ինչո՞վ են հետաքրքրելու ժողովրդին ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը»: Արդարության համար նկատենք, որ այս երեք քաղաքական ուժերի միասնականությունը, թեկուզ որոշակի հարցերի շրջանակի շուրջ, արդեն իսկ կարող է հետաքրքրական լինել ժողովրդի համար, բայց այդ հետաքրքրության պաշարը կարող է բավարարել մեկ-երկու հանրահավաքի միայն. աստիճանաբար, բուն ասելիքի, կամ ասելիքի առհասարակ բացակայության պարագայում, ժողովուրդը էլ հետաքրքրվածություն չի դրսեւորի եռյակի հանդեպ, ինչն ամբողջովին կտապալի Հայաստանում «բուրժուադեմոկրատական» հեղափոխության փորձը:

Հետեւաբար, եռյակը հենց այսօր պետք է ընդհանուր օրակարգ ձեւավորի, ընդհանուր ասելիք, մի այնպիսի տեքստ, որի տակ լինի Ծառուկյանի, Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ստորագրությունները, որքան էլ սա աբսուրդի ժանրից լինի:

Իհարկե նման օրակարգ է այն ժամանակ դեռ քառյակի կողմից իշխանությանը հասցեագրված «12 կետանի» պահանջագիրը, ինչի իրականացման ներկա փուլն էլ հենց ամփոփելու է եռյակը` գալիք հանրահավաքների ընթացքում, ինչպես հիմա արդեն հստակեցնում են: Սակայն, այս առումով առնվազն տարօրինակ է Դաշնակցության որոշումը` չմիանալ հանրահավաքներին, քանի որ «12 կետանի» պահանջագիրը նաեւ Դաշնակցության օրհնանք է ստացել: Այսինքն, եթե ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը» գալիք հանրահավաքներին ոչինչ չեն խոսելու «12 կետանի» պահանջագրի իրագործման ներկա փուլի ամփոփումից բացի, ապա ինչո՞ւ այդ հանրահավաքներին չի մասնակցում նաեւ Դաշնակցությունը: Կնշանակի այդ հանրահավաքներում եռյակը խոսելու է ոչ միայն պահանջագրի ընթացակարգից, այլեւ մի այնպիսի բանից, ինչի հետ կապված Դաշնակցությունն ունի բոլորովին այլ մոտեցում: Խոսքն, իհարկե, սահմանադրական բարեփոխումների մասին է, ընդ որում, ոչ դաշնակցականները, ոչ քառյակում մնացածներից որեւէ մեկը չի հերքում, որ հանրահավաքներում սահմանադրական բարեփոխումների մասին խոսելու` ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» որոշման հեռանկարն է հենց այն պատճառը, ինչի արդյունքում հարգելի դաշնակցական գործընկերներն իրենց կողքին չեն լինի: Բայց այստեղ մի` եռյակի պարագայում հերթական աբսուրդը կա: Տեսեք, կոնկրետ ԲՀԿ-ն, ով ոչ թե դեմ է սահմանադրական բարեփոխումներին, այլ դրանք համարում է ժամանակավրեպ, ընդգծում է, որ այդ փոփոխություններն այսօր «ժողովրդին չեն հետաքրքրում», իսկ հետաքրքրում են կենսամակարդակի բարձրացման վերաբերյալ հայտարարությունները եւ հատկապես գործողությունները: Հետեւաբար, ըստ ԲՀԿ-ի, ժողովրդին չես կարող հրապարակում պահել վերջինիս հետ սահմանադրական բարեփոխումների մասին խոսելով, քանի որ այս թեման այսօր «ժողովրդին չի հետաքրքրում»: Հիմա, այս պարագայում, էլ ինչո՞ւ է եռյակը հանրահավաքների օրակարգ մտցնում մի թեմա, որով ժողովուրդը բոլորովին հետաքրքրված չէ:

Բայց մյուս կողմից. ԲՀԿ-ն ընդգծում է, որ «այսօր ժողովրդին հետաքրքրում է իր կյանքի բարելավումը», այսինքն տրամաբանական է, որ հանրահավաքներին գոնե ԲՀԿ-ն խոսելու է իր կարծիքով ժողովրդին հետաքրքրող այս թեմայից նաեւ: Այս պարագայում, սակայն, առաջանում է աննպատակահարմարության հարց. այսինքն ի՞նչ իմաստ ունի խոսել ժողովրդի հետ մի բանից, որի մասին բոլորը գիտեն, առանց առաջարկելու կոնկրետ ճանապարհներ եւ, ինչն ամենակարեւորն է, առանց ժողովրդին սեփական հնարավորությունների չափով այդ ճանապարհով տանելու: Օրինակ, որքանո՞վ է նպատակահարման այն ատամնաբույժի գործողությունը, որը, տեսնելով ատամն ուռած հիվանդին, միայն խոսում է այն մասին, թե որքան հիվանդ ատամ ունի տվյալ հիվանդը: Սրանով հիվանդի ցավը մեղմվո՞ւմ է:

Նշանակում է, որ հանրահավաքների շքերթին ընդառաջ եռյակն այսօր ասելիքի հստակեցման խնդիր ունի: Բայց սա դեռ ամենակարեւորը չէ, քանի որ ժողովուրդն այսօր ոչ միայն խոսքեր է ուզում լսել, այլեւ գոնե մեկ անգամ հանդիպել մեկին, ով ոչ միայն կասի, այլեւ կկարողանա տեր կանգնել իր ասածին: Եռյակում առնվազն երկուսը, ընդ որում` ամենաբարձր մակարդակը ներկայացնող, ամենեւին էլ որպես սեփական խոսքի տեր ճանաչված չեն ժողովրդի կողմից: Երրորդն էլ, պատկերացնելն անգամ դժվար է, թե ինչպե՞ս է կանգնելու մի հրապարակում, որտեղ իր կողքին կանգնածները կբղավեն` «Սերժ, հեռացիր»:

Ուրեմն ի՞նչ է ասելու եռյակը մեզ, եւ, որն ավելին կարեւոր է, ի՞նչ է ասելու եռյակը մեզ, որին մենք կհավատանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ