RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014



Տեղադրվել է` 2014-09-25 23:32:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1666, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐՆ «ԷԹՆԻԿԱԿԱՆ ԶՏՈՒՄՆԵՐ» ԵՆ ԱՆՈՒՄ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Պ. Ք.

Թուրքիա են փախել 100 հազար քրդեր

Այսպես կոչված «Իսլամական պետության» ջիհադիստ գրոհայինների հարձակումների հետեւանքով վերջին օրերին Սիրիական Քրդստանի տասնյակ հազարավոր բնակիչներ անցել են Թուրքիայի տարածք: Իրաքում ջիհադիստների դիրքերին սկսել են օդային հարվածներ հասցնել ամերիկյան եւ ֆրանսիական ռազմօդանավերը: Սեպտեմբերի լույս 23-ի գիշերը ամերիկյան օդուժը 8 հարված է հասցրել եւ Սիրիայի տարածքումՙ Հալեպի մոտ բնավորված ջիհադիստների դիրքերին: Ռոյթեր գործակալության տվյալներով, սպանվել է 30 ջիհադիստ: Նաեւ զոհվել են առնվազն 8 խաղաղ բնակիչներ: Ֆրանսիական «Լիբերասիոն» թերթի տվյալներով, «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները սեպտեմբերի 21-ից պաշարել են Սիրիայի հյուսիսումՙ թուրքական սահմանից ոչ հեռու ընկած քրդաբնակ Կոբանե (Այն ալ Արաբ) քաղաքը: Եթե ռազմավարական նշանակություն ունեցող այդ բնակավայրն անցնի ջիհադիստների ձեռքը, ապա նրանք կկարողանան վերահսկել սիրիա-թուրքական սահմանի մի ընդարձակ հատված:

Կոբանեի քուրդ պաշտպանները անհավասար մարտեր են մղում ծանր զենքով եւ տանկերով սպառազինված ջիհադիստ գրոհայինների դեմ: Թուրքիայում ապրող հարյուրավոր քրդեր եկել են օգնելու Կոբանեի պատշպաններին: Պաշարված քաղաքում մնացած 800 բնակիչների ճակատագիրն անհայտ է: Անցյալ շաբաթ Իրաքում ջիհադիստների առաջխաղացումը կասեցվել էր քուրդ մարտիկների եւ ամերիկյան օդուժի համաձայնեցված գործողությունների շնորհիվ, եւ ջիհադիստները հարձակում էին ծավալել Սիրիայի հյուսիս-արեւելքում: Սեպտեմբերի 16-ից ի վեր նրանք «կայծակնային պատերազմով» գրավել են վեց տասնյակ քրդական գյուղեր:

ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնաժողովի տվյալներով, վերջին օրերին Սիրիայից Թուրքիա են փախել 100 հազար քրդեր: Սպասվում են «հարյուր հազարավոր» նոր փախստականներ: Սիրիական տարագիր ընդդիմությունը խոսում է «էթնիկական զտման» մասին: Փախստականներից շատերը պատմում են, որ քրդական գյուղերը զավթած ջիհադիստները մահապատժի են ենթարկել բազմաթիվ խաղաղ բնակիչների, այդ թվումՙ ծերերի եւ հաշմանդամների:

Ի դեպ, «Ալ Ղաիդայի» անսքող եւ Թուրքիայի սքողված աջակցությունը վայելող «Իսլամական պետություն» խմբավորումը Իրաքում եւ Սիրիայում ոչնչացնում է նաեւ քրիստոնեական եկեղեցիներն ու սրբավայրերը: Ժամանակին «Ազգն» անդրադարձել է Մոսուլի քրիստոնյաների ճակատագրին: Հավելենք, որ Սիրիայի հյուսիսում ջիհադիստների թիրախն է դարձել մասնավորապես Դեր Զորի հայկական եկեղեցին, որտեղ պահվում են Ցեղասպանության զոհերի մասունքները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ