RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014



Տեղադրվել է` 2014-09-25 23:32:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1597, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՍԱԼՄՈՆԴԸ ՄԵՐԿԱՑՐԵՑ ԼՈՆԴՈՆԻ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ

Պ. Ք.

Շոտլանդիայի նախարարապետ Ալեքս Սալմոնդը պաշտոնական Լոնդոնին մեղադրել է Շոտլանդիայի անկախացման դեմ քվեարկած շոտլանդացիներին խաբելու մեջ: Այդ մասին նա հայտարարել է «Սքայ նյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Սալմոնդի խոսքերով, հանրաքվեի ժամանակ Շոտլանդիայի անկախացման դեմ քվեարկած մարդիկ «չարացած ու հիասթափված են», քանի որ Մեծ Բրիտանիայի երեք հիմնական կուսակցությունների առաջնորդները (պահպանողականների առաջնորդ, վարչապետ Դեւիդ Կեմերոնը, լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Նիկ Քլեգը, լեյբորիստների առաջնորդ Էդ Միլիբենդը) հրաժարվել են տարածաշրջանի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ իրենց տված խոստումներից:

Շոտլանդիայի վարչապետը պատմել է, որ տվյալ հարցի առթիվ Կեմերոնի եւ Միլիբենդի միջեւ տարաձայնություններ ծագեցին հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակմանը հաջորդած առաջին իսկ օրը: Դրանք վերաբերում են Շոտլանդիայի խորհրդարանին նոր լիազորությունների փոխանցման ժամանակացույցին: Այսպես, Կեմերոնը գտնում է, որ դրանց ընդլայնումը պետք է տեղի ունենա Անգլիայի սահմանադրական բարեփոխման մեջ ուղղումների կատարմանը զուգընթաց (շոտլանդացի պատգամավորներին կարգելվի քվեարկել բացառապես Անգլիային առնչվող հարցերի առթիվ), մինչդեռ Միլիբենդը համաձայն չէ Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ:

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին: Մասնակիցների մոտ 55 տոկոսը հանդես եկավ Միացյալ Թագավորության կազմում մնալու օգտին, որի վարչապետ Դեւիդ Կեմերոնը խոստացել էր ընդլայնել Շոտլանդիայի լիազորությունները: Շոտլանդացիների անկախության ջատագով, երկրի նախարարապետ Ալեքս Սալմոնդը քվեարկության արդյունքների հրապարակումից հետո ոչ միայն դատապարտեց պաշտոնական Լոնդոնի խաբեությունը, այլեւ, հիմք ընդունելով անկախացման կողմնակիցների պարտությունը (45 տոկոս կողմ, 55ՙ դեմ), հայտարարեց, որ թողնում է Ազգայնական կուսակցության առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնները:

Չնայած շոտլանդացիների հանրաքվեի բացասական արդյունքին, Եվրոպայում ուժեղանում են անջատական տրամադրությունները: Մասնավորապես Իսպանիայի հյուսիսում գտնվող Բասկերի երկրում վերստին խոսում են ինքնավարության անհրաժեշտության մասին, իսկ ինքնավար Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթարո Մասը որոշել է անկախության հանրաքվե անցկացնել առաջիկա նոյեմբերի 9-ին: Իսպանիայի կառավարությունը նման հանրաքվեի անցկացումը համարում է անօրինական: Իսկ Եվրոհանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արդարադատության հարցերի գծով հանձնակատար Վիվիան Ռեդինգը նույնիսկ հայտարարել է. «Անկախության հանրաքվեի դրական արդյունքի դեպքում Կատալոնիայի բնակիչները կհայտնվեն ԵՄ-ից դուրս, եվրոյի համակարգից դուրս եւ առանց ԵՄ քաղաքացիության»: Ի դեպ, Իսպանիայի ՀՆԱ 20 տոկոսն ապահովող Կատալոնիայում անցկացված վերջին հարցումները վկայում են, որ բնակչության բացարձակ մեծամասնությունը (մոտ 80 տոկոս) անկախության կողմնակից է:

Բելգիայում «Նոր ֆլամանդական դաշինքը» հանդես է գալիս Ֆլանդրիայի անկախացման օգտին: Ազգայնականների առաջնորդ Բարթ դե Վեվերը վստահ է, որ բելգիական պետությունն առանց այդ էլ «անհետանալու է», ուստի ուզում է անկախ Ֆլանդրիայի ստեղծմանը հասնել բանակցությունների միջոցով:

Իտալիայի հյուսիսում գտնվող գերմանալեզու Հարավային Թիրոլի մարզում «Ազատություն» կուսակցությունը երազում է տարածքի ինքնավարության մասին: Մինչ 1-ին աշխարհամարտը Հարավային Թիրոլը պատկանում էր Ավստրո-Հունգարիային, բայց հետո մտավ Իտալիայի կազմի մեջ: Անկախական տրամադրություններն ուժեղացել են Իտալիայի բարեկեցիկ հյուսիսի նաեւ այլ մարզերումՙ Լոբարդիայում եւ Վենետոյում: Բավարիայում եւս սկսել են խոսել ինքնավարության եւ անկախության մասին, սակայն ընդհանուր առմամբ այնտեղ գերակշռում են Գերմանիայի միասնականության կողմնակիցները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ