RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014



Տեղադրվել է` 2014-09-25 23:32:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1469, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԹՈՒՐՔԻԱՆ ԹԵՐԵՎՍ ՃԱՆԱՉԵԼ Է «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»

Պ. Ք.

Այն մշուշը, որով Թուրքիայի իշխանությունները պատել են Մոսուլում իրենց գլխավոր հյուպատոսության աշխատակիցների ազատման հանգամանքները, բազմաթիվ հարցեր է առաջացնում փորձագետների եւ լրագրողների շրջանում: Նրանցից շատերը համոզված են, որ Թուրքիայի եւ «Իսլամական պետության» գործարքը Անկարայի եւ նոր «խալիֆայության» համագործակցության դրսեւորումներից մեկն է միայն: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների եւ նրանց ընտանիքների անդամներիՙ 49 անձանց արձակման դիմաց փրկագին չի վճարվել: «Կան բաներ, որոնց մասին չի կարելի խոսել: Չի կարելի պետությունը կառավարել մասնավոր կրպակի պես», ասել է նա:

Էրդողանը խուսափել է շիտակ պատասխանել այն հարցին, թե ջիհադիստներն արդյոք որեւէ փոխհատուցում ստացե՞լ են այդ արձակման դիմաց: «Եղել է փոխանակում թե ոչ. կարեւորն այն է, որ 49 մարդ վերադարձել է հայրենիք: Դա ոչնչի հետ չես համեմատի», հայտարարել է Էրդողանը:

Սակայն Թուրքիայում հիմնավորված եւ «Իսլամական պետությանը» մոտիկ կանգնած Takva Haber կայքէջը հաղորդում է, որ պատանդներին ազատ արձակելու հրամանը անձամբ տվել է նորահայտ «խալիֆ» Աբու Բաքր ալ Բաղդադին: «Բանակցությունների հաջողության բանալին դարձավ կողմերի փոխադարձ ճանաչումը որպես պետություն», պնդում է կայքէջը:

Էրդողանի հակառակորդները նշում են, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ծավալումից հետո Թուրքիայի իշխանությունները արմատական իսլամիստների թույլատրեցին գործել թուրքական տարածքում: Էրդողանը հույս ուներ, որ ջիհադիստները կտապալեն Բաշար Ասադի թշնամական վարչակարգը: Այդ հույսերը չարդարացան, բայց տարածաշրջանում հայտնվեց լարվածության նոր օջախ:

Վերջին օրերին «Իսլամական պետության» գրոհայինները հարձակումներ են ծավալել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական բնակավայրերի վրա: Առնվազն 100 հազար քրդեր փախել են Թուրքիա:

Քուրդ ակտիվիստները նշում են, որ Թուրքիայից «Իսլամական պետության» տարածք են մտնում երկաթուղային շարժակազմերՙ բերելով զենք եւ ռազմական սարքավորումներ: Այդ մատակարարումները զգալի չափով նպաստեցին, որ ջիհադիստները Սիրիայում պարտության մատնեն չափավորական ընդդիմությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ