RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014



ԱԴՐԲԵՋԱՆ

Տեղադրվել է` 2014-09-25 23:32:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1547, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԳՈՐԲԱՉԵՎԻՑ` ՕԲԱՄԱ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻԻՑ ԽԱԲՎԱԾՆԵՐԸ»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում` դժվար է բնութագրել: Այնտեղ կառավարությունը որոշել է Մաոյի օրինակով «կուլտուրական հեղափոխություն» սկսել: Ոչ, հարեւան երկրում բրնձի դաշտերն ավերող ճնճղուկներ չկան, որպեսզի ոչնչացվեն: Ադրբեջանը շատ պինդ է նստել «նավթային ասեղի» վրա եւ գյուղատնտեսությամբ զբաղվելու ցանկություն չունի: Մարդիկ տասնյակ հազարներով լքում են իրենց բնակության վայրերը` Բաքվում եւ մերձակա ավաններում աշխատանք փնտրելու:

Ըստ անգամ պաշտոնական տվյալների, Ադրբեջանի բնակչության շուրջ 45 տոկոսը կենտրոնացած է այդ երկրի մայրաքաղաքում: Դա ոչ միայն սոցիալական, այլեւ ներքաղաքական լրջագույն մարտահրավեր է իշխանությունների համար այն պատճառով, որ մարդկային ահռելի զանգվածը կարող է դառնալ անկառավարելի:

Որպեսզի ինչ-որ բան հանկարծ այնպես չլինի, իշխանությունները որոշել են օրենսդրորեն սահմանափակել թաղման, հարսանյաց հանդեսների, կրոնա-ծիսական արարողությունների մասնակիցների թվաքանակը, իսկ միջոցառումների համար օրենքով սահմանել «խելամիտ ընթացակարգ»:

Ադրբեջանի հոգեւոր առաջնորդարանն արդեն իսկ կրոնական սպասավորների համար սահմանել է «միասնական համազգեստ», իսկ «մոլլաները պետք է համապատասխան որակավորման դասընթացներ անցնեն եւ ստանան հավաստագրեր»: Հակառակ դեպքում նրանց կարգելվի կատարել թաղման, արու երեխաների թլպատման, ինչպես նաեւ` հարսանյաց ծիսակատարություններ:

Իշխող վարչախումբն, այսպիսով, փորձում է վերահսկողության տակ առնել Ադրբեջանի հանրային կյանքի առանց բացառության բոլոր դրսեւորումները: Կառավարությանն աառընթեր կրոնի հարցերով պետական կոմիտեն «կսահմանի հոգեհացի արարողության ընթացակարգը եւ այն ուտեստները, որ կմատուցվեն սահմանված թվակազմով դրանց մասնակցողներին»,- գրում է, մասնավորապես, contact.az-ը եւ ավելացնում, որ հատկապես թաղման արարողությունների ընթացքում «հնարավոր է` պետությունն իր վրա վերցնի բոլոր ծախսերը»:

Միաժամանակ շարունակվում է համատարած պայքարը «դրամաշնորհների միջոցով գործունեություն ծավալող» հասարակական կազմակերպությունների եւ առանձին իրավապաշտպան անձանց դեմ: Գրեթե ամեն օր Բաքվում խուզարկության են ենթարկվում հասարակական այն կազմակերպությունների գրասենյակներն ու քաղաքացիների բնակարանները, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն մարդու իրավունքների, օրինականության եւ հանդուրժողականության:

Երեւույթն այնքան համատարած բնույթ է կրում, որ Միացյալ Նահանգների նախագահ Օբաման օրերս ի շարս այլ երկրների, որտեղ մարդու իրավունքները խախտվում են զանգվածաբար, նշել է նաեւ Ադրբեջանը: Իշխող վարչախմբի պատասխանն իրեն սպասել չտվեց. սեպտեմբերի 24-ին այդ առթիվ հայտարարությամբ հանդես է եկել կառավարող «Ենի Ազարբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, խորհրդարանի պատգամավոր Սիավուշ Նովրուզովը:

«Մինչ Ադրբեջանին քննադատելը Բարաք Օբաման կամ նրա օգնականները պետք է ծանոթանային Ադրբեջանի օրենքներին, որոնցով կարգավորվում է ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը»,- ասել է Նովրուզովը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն «աշխարհի միակ երկիրն է, որտեղ ոչ կառավարական կազմակերպությունները պետական աջակցություն են ստանում»: Նրա խոսքերով` «ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման եւ գործունեության հարցում պետք է լինի թափանցիկություն, ինչը չի պահպանվել որոշ` արտերկրից դրամաշնորհներ ստացող կազմակերպությունների դեպքում», որոնց գործունեությունն, ի դեպ, ոչ դատական կարգով Ադրբեջանում դադարեցվել է:

Նովրուզովը հատուկ ընդգծել է, որ Վրաստանում «վարդերի հեղափոխության ժամանակ հսկայական դերակատարություն է ունեցել Սորոսի հիմնադրամի տեղական ներկայացուցչությունը»: Հետխորհրդային տարածքի եւ այլ երկրների իշխանություններն, ինչ խոսք, ներքաղաքական հարցերում «պնդօղակները ձգելու» համար հաճախ են դիմում «հինգերորդ զորասյունը զսպելու անհրաժեշտությանը»:

Բայց Ադրբեջանում փորձում են «արտաքին միջամտությունն արմատից կտրելու» քաղաքականության համար գտնել «ավելի հիմնավոր բացատրություն»: Գրեթե բոլոր ոչ կառավարական, իրավապաշտպան կազմակերպությունները, որոնց գործունեությունը կասեցվում է, ինչպես նաեւ կալանավորված հանրային գործիչները հայտարարվում են «հայկական ազդեցության գործակալներ»: Վերոհիշյալ Նովրուզովը, մասնավորապես, Ադրբեջանի հասցեին ԱՄՆ նախագահի հնչեցրած քննադատությունը համարել է «հայկական լոբբիի ներկայացուցիչների կողմից ապատեղեկացված լինելու արդյունք»:

Ադրբեջանի կառավարող կուսակցության ներկայացուցչի կարծիքով ԱՄՆ նախագահը «ենթարկվել է Միացյալ Նահանգների հայկական շրջանակների ազդեցությանը»: Ավելի վաղ մամուլում հրապարակումներ էին շրջանառվել, թե «Բաքվում բացահայտվել է հայկական լրտեսական ցանց»: Եւ դա այն դեպքում, երբ «Հայաստանի օգտին լրտեսությամբ զբաղվող» կազմակերպությունը Բաքվում պետական գրանցում է ստացել 1994թ. օգոստոսին եւ 20 տարի շարունակ անարգել գործել:

Արտաքին եւ ներքին քաղաքականության հարցերում լիովին ձախողված` Ադրբեջանի իշխող վարչախումբը ոչինչ նոր առաջարկելու ընդունակություն, փաստորեն, չունի: Այդ երկրի իշխանությունների համար «ամեն նոր լավ մոռացված հինն է» կարգախոսն է դարձել «փրկօղակ», եւ նրանք հետեւողականորեն կրկնում են իրենց նախորդներին` ամեն ինչի համար մեղադրելով հայկական «լոբբիին»:

Ժամանակին Ադրբեջանի կոմունիստ ղեկավարներն էին շրջանառել վարկած, թե ԱՄՆ այցի օրերին «հայ մեծահարուստները կաշառել են» Միխայիլ Գորբաչեւին, թե «նրա բոլոր օգնականներն ու խորհրդականները հայերն են, այդ իսկ պատճառով էլ ԼՂ հարցում Մոսկվան հայամետ կեցվածք ունի»: Կոմունիստներին փոխարինեցին Ադրբեջանի ժողովրդական ճակատի նացիոնալ-սոցիալիստները, բայց Լեռնային Ղարաբաղի հարցում նրանք էլ մնացին «հայկական լոբբիի ազդեցության» գաղափարի կրողներ:

20 տարի է` Ադրբեջանում իշխում է Ալիեւի վարչախումբը: Այդ ընթացքում աշխարհում շատ բան է փոխվել: Նույնն է մնացել իշխող ուժի ընկալումը` «Ադրբեջանի դեմ հայկական լոբբին ամենուր եւ բոլոր միջոցներով անհաշտ պայքար է մղում»: Վերջին դրսեւորումը Բարաք Օբամային «հայկական լոբբիի ազդեցության տակ ընկնելու» համար ներկայացված մեղադրանքն է:

Այդ ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ հենց Ադրբեջանի իշխող վարչախմբի համար, որն ամենժամյա ռեժիմով իր հպատակներին ներշնչում է, թե Իլհամ Ալիեւի «միջազգային վարկանիշն օրեցօր աճում եւ ամրապնդվում է»: Եթե դա այդպես է, ապա ի՞նչ կարող է անել հայկական լոբբին, որի հնարավորություններն անհամեմատ սուղ են, քան` Ադրբեջանի իշխող վարչախմբի մի քանի տասնյակ միլիարդավոր դոլարի հասնող անձնական հարստությունը:

Իսկ եթե այնուամենայնիվ հայկական լոբբին ավելի ուժեղ է, ապա ինչպե՞ս է «աճում Ադրբեջանի միջազգային հեղինակությունը»: Իրականությունն այն է, որ Ալիեւի իշխող վարչախմբի քաղաքական եւ մյուս բոլոր ռեսուրսներն արտաքին աշխարհում այլեւս հետաքրքրություն չեն շարժում: Որովհետեւ Ադրբեջանում տարրական այլակարծությունը հետապնդվում, պետական հարստությունը կողոպտվում, մարդու իրավունքները ոտնահարվում են: Ալիեւի վարչախումբն իրեն սպառել է:

Եւ հայկական լոբբին կատարյալ իրավունքով այդ մասին ասում եւ ասելու է: Եւ եթե Միացյալ Նահանգների նախագահն Ադրբեջանը նշել է «չարիքի առանցք» երկրների շարքում, ապա դա փաստի արձանագրում է, որին պետք է հետեւեն հստակ քայլեր` ներառյալ Ալիեւի վարչախմբի միջազգային մեկուսացումը` որպես քաղաքակրթության թշնամու:

Ստեփանակերտ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ