RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014



Տեղադրվել է` 2014-09-25 23:32:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1301, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԳԻՇԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ Հայաստանը ստորագրում էր Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման վերաբերյալ զույգ արձանագրությունները, ավելի ճիշտՙ երբ երկու երկրների ԱԳ նախարարներն արդեն նախաստորագրել էին դրանք եւ ընթանում էր երկու հասարակություններին արձանագրությունների վերաբերյալ իրազեկման, գուցե նաեւ այդ արձանագրությունները ստորագրելու կապակցությամբ համոզման գործընթաց, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ձեռնարկեց իր` թերեւս պատմական շրջագայությունը Սփյուռքի գաղթօջախներով: Ինչպես հիշում ենք, այն ժամանակ Սերժ Սարգսյանը աշխարհում սփռված հայությանը, գոնե դրա ակտիվ եւ ազդեցիկ հատվածին ներկայացնում էր Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը կոչված արձանագրությունների էությունը եւ փորձում բացատրել, որ այդ արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանը ոչինչ չի կորցնում, դեռ մի բան էլ շահում է: Իհարկե, այդ շրջագայությամբ Հայաստանի նախագահը չէր հարցնում Սփյուռքի կարծիքը` ստորագրե՞լ արձանագրությունները, թե՞ ոչ, բայց մյուս կողմից սա նախադեպ էր, որ այսուհետ Հայաստանի նախագահը, ո՛վ էլ նա լինի, պարտավոր է Հայաստանի համար կարեւորագույն որոշումներ կայացնելուց առաջ այդ որոշմանՙ եթե ոչ թույլտվությունը հարցնել այդ թվում Սփյուռքից, ապա գոնե բացատրել, այդ թվում Սփյուռքին, կոնկրետ որոշման էությունը, այն կայացնելու դրդապատճառները:

Սակայն Սերժ Սարգսյանը, տարիներ անց, մեկ այլ կարեւոր որոշում կայացնելիս, փաստորեն խախտեց իր իսկ ձեւավորած ողջունելի նախադեպը. անցյալ տարի սեպտեմբերի 3-ին նախագահ Սարգսյանը Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց Հայաստանի որոշումը` անդամակցելու Մաքսային միությանը: Բազմիցս ենք խոսել այն մասին, որ այս որոշումը Հայաստանի որոշում չի կարող լինել (եթե անգամ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է Մաքսային միության անդամակցելուն), քանի որ այն ներկայացված, ապա եւ համաձայնեցված չէ ողջ Հայաստանի մասշտաբով, ընդ որում Հայաստան ասելիս նկատի չունենք միայն Հայաստանի Հանրապետությունը: Բայց անգամ սա այս պարագայում կարեւորը չէ. կարեւորը անցյալ տարվա սեպտեմբերի 2-ի գիշերն է, բայց սկզբից սկսենք:

Որոշ ժամանակ առաջ Հայաստանի նախագահը, էական չէՙ ինչ մակարդակի այցով մեկնել էր Չեխիա: Պրահայում տեղի հայ համայնքի հետ հանդիպումից հետո, երբ հանդիպման սրահից դուրս են գալիս բոլոր լրագրողները, եւ հետեւաբար անջատվում են տեսա կամ ձայնագրող սարքերը, բացի նախագահականի օպերատորից, Հայաստանի նախագահը պատասխանում է Պրահայի հայերի հարցերին: Այս հարց ու պատասխանը, ըստ երեւույթին ծածուկ, ձայնագրել, ապա եւ «Առավոտ» թերթին է ուղարկել Պրահայում բնակվող մեր հայրենակիցներից մեկը: Ներկաներից մեկի հարցին, թե «դրսում ապրող հայերի մեծ մասը դեմ է Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը, ինչո՞ւ, ուրեմն չհարցրեցիք համայն հայության կարծիքը` այս հարցում», Սերժ Սարգսյանը պատասխանում է. «Հետաքրքիր մարդ եք. եկել եք ստեղ ուզում եք Հայաստանի բախտը վճռե՞ք: Հայաստանում ապրողները թող այդ հարցը լուծեն, դուք այդ հարցերի հետ կապ չունեք: Նրանք պիտի որոշեն Հայաստանը Մաքսային միություն գնա, թե՞ ոչ: Ես չէի կարող մի գիշերվա մեջ բոլորիդ կարծիքը հարցնել...»:

Նախ, Հայաստանի նախագահի բազմաթիվ խորհրդականներին կարելի է հորդորել, որպեսզի վերջիններս նախագահին խորհուրդ տան` վերջապես հասկանալու, որ Հայաստանը, ասենք, Բելառուսից կամ Ղազախստանից տարբերվում է մի շատ կարեւոր նրբությամբ. Հայաստանն այլ բան է, Հայաստանի Հանրապետությունը բոլորովին այլ: Հետեւաբար, երբ ասում ենք «Հայաստանում ապրողներ», ուրեմն այդ թվում են նաեւ սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք իրենց անկոտրում կամքի շնորհիվ` ամեն մեկն իր գաղթօջախում «Հայաստան» է կերտել եւ «Հայաստանում» է ապրում, որոնք ամեն տարի, տարին մի քանի անգամ իրենց հանգանակություններով, անհատույց հանգանակություններով, հենց Հայաստանի բախտի որոշման մեջ իրենց չափով դեր են վերցնում: Կամ, երբ ասում ենք` «մեր պատկերացումները Արցախը Հայաստանի մաս չէ», պետք է նկատել, որ հենց մեր պատկերացումներով Հայաստանի մաս է, այլ հարց է` Հայաստանի Հանրապետության...

Դառնանք վերջապես սեպտեմբերի 2-ի գիշերին: Ուրեմն դատելով ՀՀ նախագահի խոսքերից, քանի որ ինքը չէր կարող «մեկ գիշերում բոլորի կարծիքը հարցնել», կնշանակի, որ ինքը` կոնկրետ ՄՄ-ին մեր երկրի միանալու որոշումը կայացրել է` նախ առանց բոլորի կարծիքը հարցնելու, ապա եւ` «մեկ գիշերում», ենթադրելի է ` սեպտեմբերի 3-ին նախորդած սեպտեմբերի 2-ի գիշերը:

Ի՞նչ է սա նշանակում. նախ, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը գոնե Սերժ Սարգսյանի համար եղել է հանկարծակի, ապա եւ այս որոշումը ոչ այնքան մեր նախագահի որոշումն է, որքան նրա վրա գործադրված ճնշման հետեւանք, հակառակ պարագայում ստիպված չէր լինի «մեկ գիշերում» եւ առանց բոլորի կարծիքը հարցնելու նման կարեւորագույն որոշում ընդունել: Օրինակՙ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրելու որոշման կայացման համար Հայաստանի նախագահին, փաստորեն, մեկ գիշեր չէ, որ ժամանակ էր տրվել, եւ այդ ժամանակը բավականացրեց` գոնե փորձելու լսել «բոլորի կարծիքը», Հայաստանի կարծիքը, այդ թվում` Չեխիայի հայերի, ովքեր, այդ պարագայում, փաստորեն, կարող էին վճռել Հայաստանի բախտը, իսկ այ Մաքսային միությանը միանալու ժամանակ չէին կարող:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ