RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014



Տեղադրվել է` 2014-09-25 23:32:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1168, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՀՆԱ. ՀԱՍՆԵԼ ՈՒ ԱՆՑՆԵԼ ԿԻՊՐՈՍԻՆ ... ՀԵՏՈ ԷԼ ԼԻԲԱՆԱՆԻՆ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, 24.09.14, Գրաց, Ավստրիա

Հայաստանի առեւտրային ցանցում վերջին տարիներին ավանդույթ դարձած գների հերթական բարձրացումը հիմնականում բացատրվում է համաշխարհային շուկայում համանման գործընթացներով: Առեւտրի մեր կազմակերպիչներն ու պատասխանատուները ցավոք չեն նկատում ու մտաբերում, որ իրենց կողմից հիշատակվող արտերկրում ժամանակավորապես թե մշտապես լինող ու ապրող մեր հարյուր հազարավոր հարազատներն ու բարեկամները դեպքից դեպք Հայաստան այցելելովՙ տարօրինակից մինչեւ զարմանքի զգացում են ապրում: Հենց թեկուզ գյուղարտադրանքի գների առումով:

Վերջին տարիներին հաճախ է նշվում, որ գյուղոլորտին ցուցաբերվող կառավարական ծրագրերի հետեւողական իրագործման արդյունքում զգալիորեն ավելացել է ՀՀ-ում կաթի արտադրությունը, այն տարեկան հասնում է 650 հազար տոննայի: Բայց երբ նայում ենք կառավարության հաստատած ռազմավարական ծրագրերը, նկատում ենք, որ հիշյալ արտադրանքի դիմաց 2015 թվականի համար նախանշված է 900 հազար տոննա ցուցանիշ: Ուրեմն ո՞ւր մնաց զգալիորեն ավելացումը, երբ պարզից էլ պարզ է, որ այս տարեվերջին անգամ 700 հազար տոննա ցուցանիշ չի արձանագրվի: Եվ խնդրեմ. չոր կաթի, կամ ինչպես մեր մարդիկ են ասում, կաթի փոշու որոշակի քանակների ներմուծում, կաթնամթերքի գների բարձրացում:

Այս վիճակը առավել մատչելի ներկայացնելու նպատակով օգտվենք Ավստրիայի առեւտրային ցանցի Penny սուպերմարկետների ցանցի գովազդային թերթիկի լուսանկարից: Պատկերված մեկ տասնյակից ավելի 1 լիտր պարունակության կաթի որեւէ տուփից կարելի է 2-ը վերցնելՙ վճարելով մեկի գինըՙ 99 ցենտ: Քանակի ու տեսակի առումով որեւէ սահմանափակում չկա, ակցիայի ժամկետ էլ նշված է ամբողջ 3 օր: ՀՀ արժույթով 1 լիտրի գինը ստացվում է մոտ 260 դրամ, երբ հայաստանյան առեւտրային ցանցում այն մոտ է նշվածի կրկնակիին:

Նրանց, ովքեր կփորձեն հիշել, թե նման զեղչերը տարվա ընթացքում հազիվ մի քանի օր են լինում, իսկ իրենք Հայաստանում կաթը փաստորեն դեռ էժան էն վաճառում, հետեւյալ բացատրությունը ներկայացնենք: Ինչպես Ավստրիայում, այնպես էլ Եվրոպայի շատ այլ երկրներում արտադրության ու առեւտրային հարկերը ՀՀ-ի համեմատ եռակի բարձր են: Ավստրիայում, օրինակ, երկրի 365 միլիարդ դոլար ՀՆԱ-ից հավաքագրվում է 210 միլիարդ դոլարի բյուջե, 60 տոկոսից բարձր ցուցանիշ, երբ մեր համանման արդյունքը 20 տոկոսի էլ չի հասնում: Արդյունքում Ավստրիայում մեկ բնակչի հաշվով բյուջեից տարեկան ծախսը կազմում է 26000 դոլար, ՀՀ-ումՙ 1000 դոլար: Խղճուկ այս գումարով ինչպես դպրոց ու բուժհաստատություն վերանորոգեն ու անձնակազմ պահեն, մշակույթ ու հարակից ոլորտներ խրախուսեն, փողոցներն ու պատմական հուշարձանները կարգի բերեն... Չէ, չի ստացվի, եթե անգամ կախարդական փայտիկ գտնվի ու բյուջեն ներկայիս ՀՆԱ-ի 60 տոկոսը կազմի: Լավագույն դեպքում ներկայիս 1000 դոլարը կկրկնապատկվի, որով նույնպես հայաստանցիների հոգսերը չեն լուծվի: Այլ բան է պետք, ասենք երկրի գյուղաբնակին անմիջական աջակցություն ու օգնություն, նրան էլ շատերի պես փոքր ու միջին գործարարության միջավայր տեղափոխում, պարզ հումքարտադրողից պարզ արտադրատեսակներ արտադրողի կարգավիճակի ապահովում, որպիսի գործընթացների արդյունքում է, որ մեր աղքատիկ 10 միլիարդանոց ՀՆԱ-ն կաճի ու թերեւս մոտենա, ասենք, մեր մեկ երրորդ տարածքն ու բնակչությունն ունեցող Կիպրոսի 24 միլիարդ դոլար ՀՆԱ-ին ու 11 միլիարդ դոլար բյուջեին, մտքում ունենալով փոքրիկ Լիբանանի 65 միլիարդ դոլար ՀՆԱ-ն ու 15 միլիարդ դոլար բյուջեն:

Այսուհանդերձ վերադառնանք կաթի 600900 հազար տոննա տարեկան արտադրությանը: Այստեղ ՀՀ 340 հազար գյուղացիական տնտեսությունների մասնակցությունն այնքան աննշան է, որ այն կարելի է մասնակցություն չհամարել: Այլապես հայ գուղաբնակն այսչափ անզոր վիճակում չէր հայտնվի, մասսայաբար արտագաղթի տրամադրության չէր տրվի:

Այսպես էլ ապրում ենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ