RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014



ՀԱՄԱԺՈՂՈՎ

Տեղադրվել է` 2014-09-25 23:32:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1490, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստան-Սփյուռք համաժողովում մի շարք նոր խոստումներ հնչեցին, որոնք միատեղ գուցե թե պետք է հիշատակել այն առումով, որ դրանք Հայաստանի հետագա ընթացքի հետ կապ ունեն: Նախ Սերժ Սարգսյանը, երկու դեպքում էլ տրվելով գուցե համաժողովի էյֆորիային, եւ երկու դեպքում էլ տարբեր ելույթների «ընդմեջեն», երկու նորություն հնչեցրեց: Մեկն այն էր, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովը Եղեռնի հարյուրամյա տարելիցը նշելուց հետո վերածվելու է հայության աշխատանքը համակարգող համահայկական խորհրդի: Այսինքն` սա տուրք էր այն առաջարկներին, որ պետք է ստեղծել համահայկական խորհուրդ կամ մարմին` հայկական խնդիրներին ավելի համախումբ մոտենալու համար: Սակայն թե որքանով է հարմար Հայաստանի նախագահին առընթեր խորհրդի կողմից Սփյուռքի եւ այլ խնդիրներ լուծել, երբ դա նույն «հաջողությամբ» անում է մի այլ պետական մարմին` սփյուռքի նախարարությունը, եւ առաջարկների էությունը հենց այս համակարգումից վեր մի մարմին ունենալուն է վերաբերում, սա առանձին խոսակցության նյութ է, համենայնդեպս` սփյուռքից հնչող առաջարկներով սփյուռքյան կառույցներից լայն լիազորություններով մարմնի ստեղծման մասին է առաջարկը: Ապա եւ` հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված հայտարարությունը, որ արեց նախագահը Հայ դատի խնդիրներով խմբերի աշխատանքի արդյունքը ներկայացնող Կիրո Մանոյանի խոսքն ընդհատելով (ով ասում էր, թե պետք է հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները): Սերժ Սարգսյանը նշեց, որ միգուցե մի օր էլ Հայաստանը հետ կկանչի արձանագրությունները («Ժառանգության» ականջը կանչի, որն ամեն ԱԺ նստաշրջանի սկզբում այդպիսի հարց է բարձրացնում ու պատասխան ստանում, թե դա նախագահի որոշելիքն է): Եթե այդպիսի բան լինի, ըստ նախագահի, դա նշան կլինի ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների վատթարացման կամ մեկ այլ պատճառով, այլ` որովհետեւ այդ արձանագրություններն արդեն իրենց դերը խաղացել են: Բնականաբար` երկու դեպքում էլ նախագահը վաստակեց ծափեր մի քանի հարյուր մարդ ամփոփող դահլիճից, չգիտենք միայն այսպիսի հայտարարությունների համար որքանով է նախապես հիմք եղել: Իսկ ՄԱԿ-ի ամբիոնից նախագահ Սարգսյանի հնչեցրած ելույթում երկրորդված նույն միտքն արդեն խոսում է այն մասին, որ միգուցե արդեն որոշում կա:

Իրենց ելույթներում սփյուռքի ներկայացուցիչները նշում էին, որ Հայոց ցեղասպանության խնդիրն այժմ պետք է ճանաչումից տեղափոխել իրավական դաշտ, չնայած ոչ ոք այդ ուղղությամբ կոնկրետ մեխանիզմ չէր նշում: Բայց ահա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն իր ելույթում համեմատաբար նոր առաջարկ հնչեցրեց` ավելի վաղ հնչած այդ կարգի ընդհանրական առաջարկների համեմատ կոնկրետանալով: Նա դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան` Կիլիկիայի հայկական թագավորության պատմական տարածքում գտնվող Հայ եկեղեցու Սիսի նստավայրն ու եկեղեցապատկան տարածքները վերադարձնելու պահանջով, ինչը պարզապես դահլիճի հիացական ծափերին արժանացավ, իսկ ավելի ուշ`Հայոց ցեղասպանության հարցն իրավական դաշտ փոխադրելու առաջին գործնական քայլը լինելու գնահատականների:

Ի դեպ` ավելի ուշ եղան մարդիկ, որոնք կապ էին տեսնում այս ելույթի ու Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու` իսլամիստների կողմից պայթեցնելու մեջ, համենայնդեպս` այդպիսի ենթատեքստ նկատողներ կային, քանի որ Թուրքիան հովանավորում է իսլամիստներին ու միգուցե թաքնված այսպես է պատասխանում նման պահանջներին: Համենայնդեպս` մեր պատմաբաններից շատերը, ու անգամ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էին կասկածում` եթե Թուրքիան կապ չունի` թող դատապարտող հայտարարությամբ հանդես գա: Այո, հավանաբար շատ դժվար է լինելու Հայոց ցեղասպանության նոր հանգրվան իրավական ուղին, ու հարկ է ամեն ինչին լավ նախապատրաստվել ու նոր հայտարարություններ անել:

Վերադառնալով համաժողովին եւ մոտիկից դիտելով կազմակերպիչների չարչարանքը` չէինք ուզենա դատարկ քննադատողի դիրքում հայտնվել այն պարզ պատճառով, որ սփյուռքը շատ նուրբ, շատ բազմաշերտ, շատ զգացմունքային, շատ փուխր, շատ բազմաբեւեռ մի բան է, որը կազմակերպելն իսկապես բարդ գործ է, եթե խնդրին չմոտենաս նոր հայացքով: Սակայն մի շարք դիտարկումներ մեզ թույլ կտանք` բարի կամեցողի դիրքերից միայն:

Ասենք, որ համաժողովի արդյունքի առումով ցուցիչ է նաեւ այն հռչակագիրը, որ հրապարակվեց համաժողովի ավարտին եւ որում, կարծես մանրադիտակի տակ, երեւում էին այս կարգի համաժողովի բոլոր կազուսներն ու ողջ մաքսիմալիզմը: Իսկապես որ պարզապես մի հռչակագիր, որտեղ շատախոսությունը եւ հռչակագրային մոտեցումը իրենց բարձրակետին էին հասել` հնչուն ու պաթետիկ բառերի ու նախադասությունների ողջ փայլով ու շքեղությամբ, որը սովորաբար համարվում է դատարկ բաների մասին երկարաշունչ ու գործնական նշանակություն չունեցող երեւույթի հոմանիշ: Իսկ սպասում էին ընդամենը մոտակա քայլերի հստակ թվարկումի:

Իհարկե, առավել հեշտ կլիներ ուրիշ շատ լրատվամիջոցների նման խոսել այս հերթական համաժոովի ձանձրալի պաթոսից եւ գորշությունից, բայց դա կարելի է հեշտ անել, եթե չես մասնակցել համաժողովին, չես տեսել սփյուռքահայերի` երկրից հուսալի մի բան լսելու կարոտալի հայացքները, եթե չես նկատել, թե որքան բարդ է աշխատել հարյուրավոր մասնակիցների հետ հենց տեխնիկապես, էլ ուր մնաց` նպատակայնորեն:

Ուղղակի կարող ենք նշել, որ ընթացքում մեզ չէր լքում ինչ-որ կուսակցության համագումարին ներկա լինելու զգացողությունը: Ասենք` ՀՀԿ համագումարում էլ տեղական կառույցներից ու գործադիրից բարձրագոչ ելույթներ են լինում, երկրի ղեկավարների ելույթներն են ընդմիջվում ծափերով, ամեն ինչ նույնքան որոշված ու գծված է լինում, որքան որ այս համաժողովում եղավ: Նույնը տեղի էր ունենում խորհրդային տարիներին, ՀԿԿ համագումարներում, որտեղ նույն կերպ պաթոսը հասնում էր ինքնամոռացության աստիճանի, ծափերը «երկարատեւ ու բուռն» էին: Այսինքն` մեծ խմբերի հետ շփվելու տոտալիտար, ուղղահայաց հարաբերություններից արդեն տասնյակ տարիներ մեր ղեկավարները չեն կարողանում հրաժարվել, եւ դա ոչ թե այն պատճառով, որ չեն ուզում, այլ պարզապես չեն գիտակցում դրա անհրաժեշտությունը, ուղղահայաց-թելադրող շփումների ոճը նրանց արյան մեջ է: Երեւի սերունդ պետք է փոխվի, անգամ` սփյուռքահայերի սերունդը, որ գոնե սփյուռքի հետ հարաբերվելիս բոլորովին այլ, զուգահեռ-հորիզոնական կապեր գործեն, պետությունն այնքան խելացի գտնվի, որ հանդես չգա թելադրողի, հրամայողի դերում, որ փնտրվեն-գտնվեն սփյուռքի հետ աշխատելու այնպիսի ֆորմատներ, որոնք արդյունավետ լինեն երկուստեք: Միգուցե դա կարելի է անել հանդիսավոր-կարոտալի մասն առանձին կազմակերպելով, ներկայացուցչական մարմինների ամփոփիչ հանդիպումները մասնակիցների հիմնական մասի մեկնումից հետո թողնելով: Միգուցե իմաստ չունի այսքան մեծ համաժողով անել, այլ կարելի է տարածաշրջան առ տարածաշրջան խնդիրները վեր հանել, ապա եւ իմի բերել մի փոքր ընդհատումներով: Չնայած շատերն էին նշում սփյուռքահայերից, որ եկան, միմյանց ճանաչեցին` համայնքներն այնքան ցրված են, որ նրանց ներկայացուցիչները միմյանց չեն ճանաչում հաճախ:

Բայց եւ` ստացվում է, որ սփյուռքահայ խմբերն ու կառույցները հավաքվում են ոչ թե իրենց անելիքն իրապես քննարկելու, հետագա քայլերը մշակելու, այլ ծանոթանալու միմյանց ու Հայաստանի ղեկավարության տեսակետների հետ` պաշտպանության, արտաքին հարաբերությունների, խորհրդարանական ուղղությամբ: Այսինքն` լավագույն դեպքում` էքսկուրսիա են գալիս հայրենիք, որից օգտվելով պետությունն իր քաղաքականությունն է ներկայացնում նրանց: Եւ միայն: Ու դրա համար ոչ թե գործնականության մրցավազք է համաժողովում, այլ գեղեցիկ ու պաթետիկ ելույթների մրցություն, սփյուռքի ներկայացուցիչները մրցում են իրար հետ, թե ով ավելի գեղեցիկ եւ զգացական կխոսի... Որոշումները մեկ էՙ մի քանի հոգի են կայացրել ու ներկայացնելու են: Ու, ասենք, այնքան էլ չէին երեւում տարբեր համայնքների` իրարից այնքան տարբեր խնդիրները, դրանք նույնականացվում էին: Իսկ թե ինչպես կարելի է ռուսահայ եւ ամերիկահայ համայնքների տրամագծորեն տարբեր անելիքները ու խնդիրները չերեւակել հենց որոշումների տեսքով` անհասկանալի է ընդհանրապես:

Իսկ այնպես` սփյուռքահայերը գոհ էին, իրար տեսան, նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, Իշտոյանին տեսան, Է. նալբանդյանը նրանց բացատրեց` ինչու է Հայաստանն այս անում, ու այն չի անում արտաքին ճակատում: Պաշտպանության նախարարությունում շատ հուզիչ հանդիպում ունեցան` հայրենասիրության նոր չափաբաժնով տոգորվեցին: Ու դեռ Անկախության հանրաքվեի օրն էլ ընդունելության արժանացան երկրի նախագահի կողմից:

Սփյուռքի նախարարությունն էլ, չենք ուրանում, չարչարվեց լավ, նրա աշխատակիցները քրտնաթոր վազում էին այս ու այն կողմ, արձագանքում ամեն խնդրի: Իսկ թե արդյունավետ ժողով եղա՞վ, թե` ինչպես միշտ, մտայնություն փոխելու խնդիր է, որը համաժողովի օրը չի լուծվում, այլ շատուշատ առաջ, եւ որի համար կամք է պետք, ու այդ անելու պատրաստակամ մարդիկ:

Հավանաբար կգա այն օրը, որ որակապես ու բովանդակային առումով կփոխվի Հայաստան- Սփյուռք հարաբերությունների` այնքան հնարավություններ պարունակող, սակայն դրանք կիսովին անգամ չօգտագործող պատուհանի բացվածքը, եւ դա կարտացոլվի հենց համաժողովներում: Առայժմ այս ֆորմատն ունենք:

Համենայնդեպս` ամփոփիչ ասուլիսներին էլ սփյուռքահայերը դժգոհ չէին, չնայած նրանց կողմից արվող նոր առաջարկները խոսում են այն մասին, որ վերն ասվածը նրանք լիովին գիտակցում են. ասենք` «Կալիֆորնիա կուրիերի» խմբագիր Հարութ Սասունյանն ասում էր, թե հարկ է, որ սփյուռքում ուղիղ ընտրություններով ներկայացուցչական մարմին ընտրել, որը հավասարի իրավունքով նստի Արցախի ու Հայաստանի իշխանությունների կողքին: Սա, փաստորեն նշանակում է, որ իրենք կուզեին ավելի լայն ներկայացված լինել ե՛ւ օրակարգ ձեւավորելու, ե՛ւ որոշումներ կայացնելու մեջ, հայրենիքից ուղղակի ղեկավարվելու փոխարեն: Համենանդեպս` սա մի առաջարկ է, որ վաղուց է քչփորվում եւ կարող է մի ճանապարհ դառնալ ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական հարաբերությունների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ