RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2014-09-25 23:32:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1280, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՎՅԱՉԵՍԼԱՎ ԿՈՎԱԼԵՆԿՈՆ ԵՎ ԴԵՐ ԶՈՐԻ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ԵԿԵՂԵՑԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Վերջին օրերին Հունաստանում գտնվող Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինը, անդրադառնալով նույն օրերին Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայոց եկեղեցու պայթեցման փաստին (ինչն իրականացրել է այսպես կոչված «Իսլամական պետությունը», դատելով Թուրքիայի հանցակից լռությունից, Անկարայի առնվազն լուռ համաձայնությամբ) հայտարարել է. «Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին եւ Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի օրը կատարված այս ոճիրը, ըստ մեզ, բարբարոսական արարք է: Այդ ոճիրի հետեւում կանգնածները թող իմանան, որ մեր նահատակների հիշատակը եւ հանուն արդարության մեր ժողովրդի պայքարը խորհրդանշող Դեր Զորը` որպես Հայոց ցեղասպանության նահատակների սրբավայր, հնարավոր չէ ոչնչացնել մեր ժողովրդի հավաքական հիշողությունից»:

Անշուշտ այսպես է...

Արամ Առաջին կաթողիկոսի` այս ոճրագործությունը դատապարտող հայտարարությանը նախորդեցին, կամ հաջորդեցին, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ԱԳ նախարարի, այլ պաշտոնյաների դատապարտող հայտարարությունները, իհարկե` տեղին. վտանգված է, ձեռք է բարձրացված Հայոց ցեղասպանության կենդանի հուշարձաններից մեկի, թերեւս ամենախորհրդանշականի վրա:

Նույն այս օրերին, ավելի կոնկրետՙ Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձից երկու օր անց ընդամենը, Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ, Երեւանում ՌԴ նախկին դեսպան Վլաչեսլավ Կովալենկոն հայտարարեց. «Հայաստանը եթե չի ցանկանում վտանգել իր եւ հայ ժողովրդի ապագան, ապա պետք է անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը»: Դեսպանի խոսքերը ավելի վաղ հստակեցրել էր Ռուսաստանում հայտնի փորձագետ Դուգինը` հայկական կայքերից մեկին նշելով, թե «Հայաստանը կա՛մ կլինի եվրասիական, կա՛մ չի լինի առհասարակ»:

Հայաստանի անկախությունը, պետականությունը, մեզ` որպես ազատ ապրող ժողովուրդ նսեմացնող այս երկու հայտարարություններին չեն պատասխանել ոչ Արամ Առաջին կաթողիկոսը, ոչ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը, ոչ ԱԳ նախարարը, ոչ ոք...

Հիմա, կարո՞ղ ենք մենք արդյոք արձանագրել, որ ի տարբերություն Ցեղասպանության զոհերի հիշատակի, Ցեղասպանության առհասարակ, Հայոց անկախությունը ամենեւին էլ միավորիչ եւ համընդհանուր գործոն չէ համայն հայության համար: Գուցե Ռուսաստանին, նրա ներկայացուցիչներին, անկախ վերջիններիս ով լինելուց, չի՞ կարելի դեմ հայտարարություն անել, որովհետեւ Ռուսաստանը մեր անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավորն է:

Գուցե...

Մինչդեռ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ցեղասպանության միլիոնավոր անմեղ նահատակների հիշատակը բարձր պահելու նպատակով հրաշալի միջոց է մեզ հիմա ընձեռնված` ամուր պահել մեր եւ նրանց երազանքը, ամուր եւ անձեռնմխելի:

Սա նույնքան կարեւոր գործ կլինի, որքան Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայ եկեղեցու վերականգնումը, ավելին, վերջինս հնարավոր կլինի միայն այն պարագայում, երբ մենք ամուր պահենք մեր անկախությունը` դատապարտելով մեր կոթողներից բացի մեր պետականության վրա որեւէ հարձակում, որեւէ կողմից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ