RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03 > #031, 2014-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014



ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2014-09-25 23:32:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1320, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ. ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԿԱՐԵՎՈՐՎԵՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

Ռուսաստանաբնակ մեծահարուստ, հայտնի բարերար Սերգեյ Համբարձումյանին պատկանող Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցային համալիրի շքասրահում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն: Միջոցառմանը մասնակցում էին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ, քաղաքական, հասարակական եւ մշակութային անվանի գործիչներ, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդը, տարածաշրջանային կառույցներում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչներ եւ Մոսկվայի հայ համայնքի հայտնի գործիչներ:

Հանդիսավոր ընդունելությանը բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը: Ընդգծելով անկախության օրվա խորհրդի կարեւորությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ` դեսպանը նշեց, որ անկախության հռչակումը կանխորոշիչ դերակատարում է ունեցել նաեւ աշխարհասփյուռ հայության շրջանում` նպաստելով ազգային գիտակցության բարձրացմանը եւ համազգային շահերի իրականացման նպատակով անկախ պետականության շուրջ համախմբմանը: Օլեգ Եսայանն անդրադարձավ նաեւ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների առանցքային ոլորտներին` նշելով, որ երկու ժողովուրդների բարեկամությունն այսօր շարունակում է ամրանալ միջպետական փոխգործակցության շրջանակների ընդլայնմամբ:

ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ելույթով հանդես եկավ նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը: Նշելով, որ երկու բարեկամ ժողովուրդներն ունեն փոխգործակցության եւ երկուստեք աջակցության հարուստ անցյալ եւ անդրադառնալով քաղաքական, տնտեսական, հասարակական եւ մշակութային բնագավառներում երկու պետությունների փոխգործակցության լայն շրջանակին` փոխարտգործնախարարը վստահություն հայտնեց, որ հետագայում եւս հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները կշարունակվեն բարձր արդյունավետությամբ եւ համագործակցության խորացմանն ուղղված ինտեգրացիոն նոր ձեւաչափերում:

Տոնական միջոցառումը շարունակվեց Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմին կից գործող «Հայորդաց տուն» պարային համույթի համերգային կատարումներով:

Հանդիսավոր ընդունելության ընթացքում, օրվա խորհրդին համահունչ, ինձ հաջողվեց տեղեկանալ, որ միջոցառման կազմակերպիչ եւ հովանավոր, «Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանը հերթական անգամ հանդես է եկել հայանպաստ եւ ազգօգուտ մի ծավալուն ձեռնարկումով. նրա ֆինանսավորմամբ առաջիկայում Մոսկվայում կհիմնվի համալսարան, որտեղ կուսանեն ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի հայ տաղանդավոր երիտասարդները: Ավելորդ չէ նշել, որ Համբարձումյանն ամիսներ առաջ հերթական խոշոր ներդրումն է իրականացրել Հայաստանում: Այս տարվա հունիսի 5-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի է ունեցել գեղասահքի նոր դպրոցի` ՙՍառցե պալատի՚ հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագիծն իրականացնելու համար գործարարը հատկացրել է միլիոնավոր դոլարներ եւ այն կյանքի կոչվելուց հետո կնվիրաբերվի Երեւան քաղաքին: Դպրոցի հիմնարկեքին մասնակցել է նաեւ գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան, ով իր անմիջական մասնակցությունն է ունեցել դպրոցի ստեղծման ծրագրին եւ պատրաստակամություն է հայտնել այն շահագործման հանձնելուց հետո հնարավորինս աջակցել գեղասահքի զարգացմանը Հայաստանում:

Նշեմ նաեւ, որ սա գործարարի առաջին խոշոր ներդրումը չէ Հայաստանում: Նա իրականացնում է նաեւ 130 մլն դոլար արժեքով մի նախագիծ, ըստ որի` առաջիկա տարիների ընթացքում Երեւանի Արամի եւ Բուզանդի փողոցների հարեւանությամբ կառուցվելու է «Հին Երեւան» թաղամասը, որն ունենալու է ցածրահարկ շենքեր եւ պահպանվելու է հին Երեւանի կոլորիտը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 26-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ