RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014



Տեղադրվել է` 2014-10-17 14:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2008, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԸՍՏ ՌՀՄ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ երեկ «Ա. Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարները» համաժողովը, որին հրավիրված էին տնտեսագետներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչը: Համաժողովը վերածվեց բաց քննարկման, որտեղ մասնակիցների բազմապիսի հարցերին պատասխանեցին մասնագետներն ու փորձագետները` համաժողովի վարողներ Արամ Սարգսյանը, Թաթուլ Մանասերյանը, Արամ Սաֆարյանը, Վարդան Բոստանջյանը, Մհեր Շահգելդյանը, Հայաստանի նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը: Համաժողովի սկզբում Արամ Սարգսյանը հնչեցրեց Արա Աբրահամյանի դիտարկումները` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պարագայում Հայաստանի առջեւ բացվող հնարավորությունների մասին: Այդ դիտարկումները բավական հետաքրքրական տեղեկատվություն էին պարունակում, որոնք մեր ընթերցողին եւս կհետաքրքրեն, այնպես որ դրանք ներկայացնում ենք:

ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի ելույթը «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական հեռանկարները» համաժողովում

Հարգելի գործընկերներ,

Բոլորս գիտենք, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի պատմության մեջ տեղի ունեցավ պատմական մի իրադարձությունՙ ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը: Հայաստանը անդամակցեց աշխարհաքաղաքական եւ տնտեսական խոշորագույն մի կառույցի, որով մեր երկրի համար բացվեցին լայն տնտեսական հնարավորություններ:

Ներկայումս մեր երկրում բուռն քննարկումներ են տեղի ունենում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դրական եւ բացասական կողմերի հետ կապված: Պետք է ասել, որ դրանց մի մասը իրականության հետ քիչ կապ ունեցող խոսակցություններ են: Մինչդեռ խնդիրը կարիք ունի հանրային-հասարակական լայն քննարկման, հասկանալու համար, թե ինչ է իրենից իրոք ներկայացնում Եվրասիական տնտեսական միությունը, ինչ պայմաններով է Հայաստանը անդամակցում դրան, ինչպիսի քաղաքական ռիսկեր է այն իր մեջ պարունակում եւ, վերջապեսՙ ինչպիսի տնտեսական հնարավորություններ է այն ստեղծում մեր երկրի համար եւ ինչպես կարելի է օգտվել այդ հնարավորություններից:

Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը կազմակերպել են այս Համաժողովը նպատակ ունենալով մեկնարկ տալ հանրային-հասարակական լայն քննարկումների, որտեղ լսելի կլինեն ամենատարբեր կարծիքներ ու դիրքորոշումներ, որտեղ իրենց հիմնավորումներով հանդես կգան փորձագետներ, մասնագետներ:

Առանց հավակնություն ունենալու խոր մասնագիտական վերլուծության, կցանկանայի հակիրճ անդրադառնալ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության որոշ կարեւոր խնդիրներին, ներկայացնել այդ գործընթացի տնտեսական հնարավորությունները մեր երկրի համար:

Եվրասիական տնտեսական միություն. կողմ եւ դեմ կարծիքներ

Տնտեսական հնարավորություններ

ԵՏՄ տնտեսական հարաբերությունների նոր կանոնները կբերեն Հայաստանում արտադրության ընդլայնման եւ արդիականացման:

Կձեւավորվի ընդհանուր շուկա. այն էՙ տնտեսական գոտի, որտեղ զրոյացված կլինեն մաքսային վճարները:

Էներգակիրներն, այդ թվումՙ վառելիքը կներկրվի հատուկ, շուկայականից ցածր գներով, ինչը կարելի է համարել լրացուցիչ ֆինանսական օգնություն:

Եվրասիական զարգացման բանկի փորձագետները հաշվարկել են, որ ԵՏՄ-ին անդամակցելով Հայաստանը միայն գազի ցածր գնի (180$) եւ մաքսավճարի զրոյացման պայմաններում, տարեկան կտնտեսի 140 մլն. դոլար, իսկ Համախառն ներքին արտադրանքի ցուցանիշը կավելանա մինչեւ 4.5%:

Սոցիալ-տնտեսական նոր քաղաքականությունը կնպաստի ներքին արտադրողի պաշտպանության ավելացմանը, կխթանի տեղական արտադրությունը Հայաստանում, ինչը կբերի նոր աշխատատեղերի ավելացմանը եւ արտագաղթի կրճատմանը:

Անդամակցությունը կմեծացնի այլ երկրներից Հայաստան ուղղվող ներդրումների ծավալը, մասնավորապեսՙ կխթանվեն արդյունաբերության, էներգետիկայի եւ գյուղատնտեսության բնագավառներում Ռուսաստանի եւ Բելառուսի հետ համատեղ իրագործվող ներդրումային ծրագրերը:

Մոտ 1300 ռուսական ընկերություններ աշխատում են Հայաստանում եւ արդեն 3 մլրդ. դոլարի ներդրումներ են կատարել, ինչը ընդհանուր արտաքին ներդրումների կեսն է կազմում: Նոր տնտեսական արտոնյալ պայմաններում ԵՏՄ երկրների ներդրումների չափը մի քանի անգամ կավելանա;

«Ռուսական երկաթուղի» ՓԲԸ մտադրություն ունի հայկական երկաթգծի արդիականացման գործում ներդնել 500 մլն. դոլար: «Ռոսատոմ» ընկերությունը հայ փորձագետների հետ համատեղ ծրագիր կիրագործի Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու վերաբերյալ:

Անգամ շրջափակման պայմաններում ճիշտ օգտագործելով տրանսպորտային տրանզիտ ուղիները, 2013-ին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը ավելացել է 23% -ով;

Հայաստանի անվտանգության եւ պաշտպանվածության մակարդակը էլ ավելի կբարձրանա, հաշվի առնելով Ռուսաստանի հետ տնտեսական ինտեգրման նոր հնարավորությունները;

Չնայածՙ Հայաստանը 2003-ից Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, սակայն երկիրը դրանից մեծ օգուտ չի ստացել: Այն ԱՊՀ երկրների մեջ ամենաաղքատների թվում է, իսկ Համախառն ներքին արդյունքի ցուցանիշներովՙ աշխարհում 133-րդ տեղում է:

Հայաստանը նոր առեւտրատնտեսական հարաբերություններ կստեղծի ԲՐԻԿՍ-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ ՀԱՀ ) եւ Համագործակցության Շանհայան կազմակերպության երկրների հետ:

Աշխարհաքաղաքական հետեւանքներ

«Հյուսիս-հարավ» միջանցքի ստեղծում եւ տնտեսական շրջափակման ճեղքում: Հայաստանը կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության երկրների տրանզիտ միջանցքի մասնակիցՙ ելքով դեպի Պարսից ծոց, եթե նկատի ունենանք հայ-իրանական սահմանը եւ Երեւանի ու Թեհրանի հարաբերությունները, ինչպես նաեւ Հայաստան-Իրան երկաթուղային հաղորդակցության հեռանկարը: Դա, անկասկած, կմեծացնի Հայաստանի դերը տարածաշրջանում: Իրանով Հայաստան իրականացվող բեռնափոխադրումները քաղաքականապես անիմաստ եւ տնտեսապես ոչ շահավետ կդարձնեն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակումը:

Լեռնային Ղարաբաղում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացում: Հայաստանի միջոցով տեղի կունենա Արցախի արտադրանքի արտահանում Եվրասիական տնտեսական միության երկրների շուկաներ:

Սոցիալական պաշտպանության հնարավորություններ

Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը էապես կհեշտացնի Ռուսաստանում աշխատող հայաստանցիների կյանքը, կվերացնի ժամանակավոր գրանցման խնդիրները, զանազան արտոնագրերի եւ քվոտաների ձեռք բերումը, կապահովի մեր հայրենակիցներին սոցիալական փաթեթով:

Մյուս կողմից, ԵՏՄ-ին անդամակցելուն դեմ արտահայտվողները ներկայացնում են հետեւյալ փաստարկներըՙ

Հայաստանը կկորցնի՞ իր անկախությունը

Առաջինՙ շփոթում են, կարծելով, թե ձեւավորվում է քաղաքական միություն: Եվրասիական տնտեսական միության մեջ միայն տնտեսական, առեւտրային եւ մաքսային քաղաքականությունն է որոշվելու Բարձրագույն տնտեսական հանձնաժողովում, որտեղ անդամ երկրները հավասար ձայնի իրավունք ունեն:

Գները կբարձրանան, եվրոպական երկրների ապրանքները անհասանելի կդառնան նոր մաքսավճարների պատճառով:

Փաստացի 900 արտադրանքատեսակներին վերաբերող պայմանավորվածություն է ձեռք բերվել 5 տարով հետաձգել ԵՏՄ մաքսավճարների կիրառումը:

Մեր սահմանները մենք չենք վերահսկելու:

Նորից շփոթմունք է: Պետական սահմանները մնում են երկրի սահմանապահ ուժերի վերահսկողության տակ: Մաքսային սահմաններում գործելու է անդամ երկրների կողմից մշակված միասնական կարգը:

Հաջորդըՙ Հայաստանում գործում է լիբերալ արտաքին առեւտրային ռեժիմՙ ներկրման սակագները կամ զրոյական են, կամ 10%, իսկ արտահանման դեպքում մաքսավճար չի գանձվում:

Եթե այս է իրականությունը, ապա շատ դեպքերում, հատկապես հումքի արտահանման պարագայում օրենսդրությունը, կարծում եմ, անհրաժեշտ է փոխել: Ստացվում է, որ անհամաչափ բարձր շահույթի պայմաններում պետական բյուջեն ստանում է չնչին հարկեր:

Շնորհակալություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ