RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014



Տեղադրվել է` 2014-10-17 14:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1383, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ` ՊԱՀԱՆՋՎՈՂ ՔԱՆԱԿՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանից արտահանման ծավալների ավելացման մասին խոսելիս, բազմաթիվ խոչընդոտներ են հիշատակվում` երկաթուղային ճանապարհների բացակայություն եւ թանկ փոխադրում, Վերին Լարսում պարբերաբար առաջացող խնդիրներ, հայկական ապրանքների սերտիֆիկացման եւ ստանդարտացման խնդիրներ, որակական չափանիշներ, արդյունավետ մարկետինգի եւ գովազդի պակաս եւ այլն: Այս ամենի մասին խոսում են թե՛ պետական պաշտոնյաները, թե՛ իրենքՙ տնտեսվարողները: Սակայն հազվադեպ է խոսվում մի խնդիր մասին, որը որպես հիմնական են նշում այն կազմակերպությունները միայն, որոնք ցանկանում են Հայաստանից ապրանք արտահանել այս կամ այն երկիր: Դա պահանջվող ապրանքի քանակի բացակայությունն է:

Տարբեր երկրների գործարար համաժողովների ժամանակ հաճախ են լինում դեպքեր, երբ հայկական ապրանքները սեփական երկիր ներմուծելու ցանկություն ունեցող արտասահմանյան ընկերությունները բախվում են մեծ քանակների բացակայությանը: Խոսքը հիմնականում սննդամթերքի մասին է` գյուղմթերքներ եւ դրանցից վերամշակված սննդամթերք: Օրինակ, որեւէ ընկերություն ցանկանում է օրական մի քանի տոննա հայկական խնձոր գնել իրենց երկրում իրացնելու համար: Եվ ի՞նչ: Պարզվում է, որ մենք պահանջվող քանակին անգամ մոտեցող քանակի խնձոր չունենք: Այդպիսով, գործարքը չի կայանում, արտահանումն էլ չի ավելանում: Ակնառու օրինակն այս պահին բոլորիս աչքի առաջ է` Արեւմուտքի արգելքներին ի պատասխան Ռուսաստանի կիրառած` ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից սննդամթերքի ներմուծման արգելքի պարագայում, երբ ռուսական շուկայում այդ ապրանքների 12 մլրդ դոլարի տեղ է բացվել, մեր արտահանումը վերջին մեկ-երկու ամսում էական փոփոխություն չի կրել: Իհարկե, հայկական ապրանքների արտահանումը չի կարող ավելանալ միլիարդավոր դոլարներով: Սակայն խնդիրն այն է, որ այն ոչ միայն չի ավելացել, այլեւ նվազել է: Մասնավորապես, օգոստոսին հուլիսի նկատմամբ արտահանումը Հայաստանից նվազել է մոտ 19 տոկոսով, իսկ անցյալ տարվա օգոոստոսի նկատմամբ` մոտ 10 տոկոսով: Այս ցուցանիշը թեեւ ընդհանւոր արտահանմանն է վերաբերվում, բայց եթե նկատին ունենանք, որ գյուղմթերքների եւ պատրաստի սննդի բաժինը ընդհանուր արտահանման շուրջ 20 տոկոսն է կազմում, ապա վերջինիս քիչ թե շատ նշանակալի աճի դեպքում, արտահանումն այսպիսի անկում չէր ունենա: Հիշեցնենք, որ օգոստոսը գյուղմթերքների արտահանման ամենաակտիվ ամիսն է:

Վերստին նշենք, որ արտահանման ծավալների ավելացումը տարբեր խնդիրների հետ է կապված, բայց համապատասխան քանակի ապրանքի բացակայությունը նման դեպքերում հատկապես անմիջապես նկատվում է: Ո՞րն է ելքը:

Գյուղմթերքների դեպքում առաջին հերթին նոր տեխնոլոգիաների ներդրումը եւ արտադրողականության բարձրացումը, իսկ մինչ այդ կառավարության կողմից հնարավոր քայլերի իրագործումը բնական աղետներից բերքի կորուստը նվազագույնի հասցնելու առումով: Այնուհետեւ, գյուղացիական տնտեսությունների հետ աշխատանքը, որպեսզի ստեղծվի մի կառույց, որ կմիավորի բոլոր նրանց, ովքեր արտահանման ենթակա մթերքներ ունեն, բայց փոքր քանակի պայմաններում, սեփական ջանքերով չեն կարողանում դա անել:

Նման կազմակերպությունը կզբաղվի այդ մթերքների ընդունմամբ, այդ թվում նաեւ սորտավորմամբ, եւ անմիջական կապեր կհաստատի այլ երկրների ներմուծող կազմակերպությունների հետ: Բնական է, որ առանց պետական աջակցության, հատկապես համաֆինանսավորման, այդ կառույցը չի կայանա: Մյուս կողմից էլ` գյուղացիական տնտեսությունները պետք է կարողանան համախմբվել, վստահել միմյանց եւ ստեղծել նման կառույց` հանուն իրենց գործարար շահի: Դժբախտաբար, այս գիտակցումը բացակայում է հայ գյուղացիների եւ ընդհանրապես գործարարներից շատերի մոտ: Սակայն պետության մասնակցությունը գուցե վստահություն ներշնչի եւ մեր ապրանք արտադրողների մոտ: Ամեն դեպքում, մի բան ակնհայտ է` առանց նման քայլի իրագործման մեծաքանակ ապրանքի բացակայությունը դեռ երկար ժամանակ մնալու է գյուղմթերքների եւ սննդամթերքի արտահանման ծավալների ավելացման հիմնական խոչընդոտներից մեկը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ