RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014



Տեղադրվել է` 2014-10-17 14:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1531, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԲԱՔՈՒՆ ՀԱՄԱՁԱ՞ՅՆ Է ԲԱՆԱԿՑԵԼ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհները վերստին տարածաշրջանում են: Երեկ նրանք հատել են հայ-ադրբեջանական սահմանըՙ ներկա գտնվելով այդ հատվածում դիտարկմանը: Ըստ երեւույթին, պատահական չէ, որ ընտրվել է Ղազախ-Իջեւան սահմանագիծը: Վերջին շրջանում ադրբեջանական կողմը հաճախ է թիրախ ընտրում Տավուշի մարզի բնակավայրերը: Թե ի՞նչ կտա համանախագահների այդ ժեստըՙ հնարավոր կլինի դատել որոշ ժամանակ հետո:

Իսկ առայժմ, ըստ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի, համանախագահները հանդես են եկել բանակցություններին փորձագիտական խմբեր ներգրավելու առաջարկությամբ, որին Բաքուն համաձայնել է: Ի՞նչ է նշանակում բանակցություններին փորձագիտական խմբեր ներգրավելՙ Մամեդյարովը բացատրել է հետեւյալ ձեւով. «Կարող են ստեղծվել աշխատանքային խմբերՙ տարածքների ազատման, փախստականների եւ տեղահանվածների վերադարձի եւ այլ հարցերով»:

Ինչպես ասում ենՙ «արջը յոթ երգ գիտի, յոթն էլՙ մեղրի մասին», եւ Մամեդյարովը, կարելի է չկասկածել, հերթական անգամ փորձել է նենգափոխել ԼՂ բանակցային գործընթացի էությունը:Քանի որ մինչեւ կողմերի միջեւ չձեւավորվի վստահության մթնոլորտ, անհնար է որեւէ սկզբունքային հարց քննարկել անգամ աշխատանքային խմբի մակարդակով: Իսկ համանախագահների վերջին հրապարակային հայտարարություններում գերիշխողը հենց վստահության մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին էին:

Բանակցությունների հնարավոր արդյունավետության եւ շատ հավանական ձախողման մասին կարելի է դատել նույնիսկ առանց Բաքվի պաշտոնական արձագանքների: Դիլիջանում միջազգային քոլեջի բացման արարողությանը Սերժ Սարգսյանը չափազանց ուշագրավ ակնարկ արեց Ադրբեջանինՙ հուսալով, որ մի օր ադրբեջանցի ուսանողներ կգան այնտեղ սովորելու:

Ադրբեջանական կողմի արձագանքն իրեն երկար սպասել չտվեց: Haqqin.az-ը հանդես եկավ ծավալուն մտավարժանքներովՙ առանցքում դնելով երկու թեզ: Առաջինը, որ Դիլիջանը վաղեմի ադրբեջանական քաղաք է, որ ժամանակին մաս էր կազմում Ղազախի գավառին, 1922 թվականին բոլշեւիկներն այն նվիրել են Հայաստանին, երկրորդ, որ ադրբեջանցիներին հրավիրելով Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստանը մտադիր է Ադրբեջանում հինգերորդ զորասյուն ստեղծելՙ երիտասարդների մի սերունդ, որին խորթ կլինի Իլհամ Ալիեւի կողմից սահմանված իղձը, որ մենք պիտի ապրենք մեր պատմական հողերումՙ Երեւանի խանությունում, Զանգեզուրի եւ Գյոկչայի մահալներում:

Այս տրամադրվածությամբ ի՞նչ խոսք կարող է լինել աշխատանքային խմբերի մակարդակով բանակցությունների մասին: Երբ պետական քարոզչամեքենան Ադրբեջանում ամեն ինչ ներկայացնում է որպես հայկական ոտնձգություն, երբ ԵԽԽՎ-ում Էլմար Մամեդյարովի դեմ ադրբեջանցի քաղաքական վտարանդիների ակցիան է համարվում հայկական լոբբիստական կառույցների կազմակերպած սադրանք, իսկ մի խումբ լրագրողներ եւ իրավապաշտպաններ, որ հեծում են բանտերում, համարվում են հայկական լրտեսական ցանցի գործակալներ:

Ավելին, Էլմար Մամեդյարովը «փորձագիտական մակարդակի բանակցությունները» համարում է մադրիդյան գործընթացի մաս, բայց, ինչպես վերեւում ասվեց, քննարկման ենթակա է համարում տարածքների ազատումը, փախստականների եւ տեղահանվածների վերադարձը, իսկ մնացած խնդիրներն անվանում եւ այլ հարցեր»:

Միջնորդներին հասկանալ կարելի էՙ նախագահների մակարդակով բանակցություններում առաջընթացի բացակայությունն ստիպում է գործընթացը վերահսկողության տակ պահելու հավելյալ մեխանիզմներ փնտրել: Բայց չէ՞ որ ոչ մի ադրբեջանցի փորձագետ կամ աշխատանքային խմբի անդամ չի կարող այլ բան ասել, քան սահմանել է Իլհամ Ալիեւըՙ որպես ադրբեջանական հասարակության գերագույն իղձ, այն էՙ «մենք պետք է ապրենք Երեւանի խանությունում, Զանգեզուրի եւ Գյոկչայի մահալներում»: Եվ, բնականաբար, որեւէ հայ փորձագետ ու աշխատանքային խմբի անդամ նման «հրատապ խնդիրներ» անգամ լսելու ցանկություն չունի:

Ահա եւ ստեղծվում է նույն «փակուղին»: Եւ իրավավիճակը երբեմն դառնում է զավեշտական: Ռուսաստանյան «Լիտերատուրնայա գազետա»-ն թարգմանաբար ներկայացրել է արցախցի մի խումբ բանաստեղծներիՙ համառոտ կենսագրականով: Vesti.az-ն իսկույն «արդար բողոքի» ձայն է բարձրացրել: Եվ պահանջում է, որ արցախցի բանաստեղծի մասին գրվիՙ ծնվել է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ռեգիոնի...:

Զավե՞շտ է: Ուրիշ ի՞նչ ասես: Կամ նույն լրատվամիջոցը պահանջում է, որ Ադրբեջանի պատկան մարմինները քրեական գործ եւ միջազգային հետախուզում հարուցեն Մոնսերատ Կաբալիեի դեմ: «Ահա այդ ժամանակ նա ծնկաչոք կգա Բաքու եւ ներողություն կխնդրի»,- հոխորտում է ադրբեջանցի լրագրողը:

Բայց համանախագահների այցելության շուրջ ադրբեջանական մամուլի հրապարակումներից ամենաուշագրավը, թերեւս, vesti.az-ի անդրադարձն էր Արցախում խավիարի արտադրություն հիմնելու մասին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի ասածին: «Եթե դա հնարավոր լիներ, ապա ժամանակին Ադրբեջանը ԼՂԻՄ-ում խավիար կարտադրեր,- գրել է սույն լրատվամիջոցը,- ի՞նչ որակի խավիար պիտի արտադրվի, որպեսզի եվրոպացի նրբաճաշակներն այն համտեսեն»:

Ինչպես ասում ենՙ «ամեն ոք դատում է իր անբարոյականության չափով»: Ադրբեջանը, որ միջազգային ամենատարբեր հարթակներում «խավիարային դիվանագիտություն» է իրականացնում, լրջորեն անհանգստացել է, որ արցախյան խավիարը «լոբբիստական նպատակներով է արտադրվելու», եւ ԼՂՀ կառավարությունը ոչ թե տնտեսական, այլՙ «քաղաքական նպատակներ է հետապնդում»:

Ինչպիսի՞ն կլինի իրավիճակը մի քանի տարի հետո, երբ Արցախը կարտադրի եւ տարեկան 30 տ. խավիար կարտահանի արտաքին շուկա: Եւ դա կունենա՞ իր ազդեցությունը «փորձագիտական» կամ «աշխատանքային խմբերի» մակարդակով «բանակցությունների» վրա: Չենք կարող ասել: Փաստ է միայն, որ Ադրբեջանին արցախյան խավիարը մտահոգում է արդեն իսկ այսօր: Այն չափով, որքանով, երեւի, հայկական զինուժի արդիականացման մասին տեղեկատվությունը:

Եւՙ վերջին «մանրուքը». հոկտեմբերի 15-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը Բաքվում չէ: Հաջորդ օրը «Թուրան» գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքին, գրեց, որ Ղազախ-Իջեւան սահմանագիծը կհատի նաեւՈւորլիքը: Եթե սա տեղեկատվական վրիպում է անգամ, միեւնույն է, կասկածներ մնում են: Մանավանդ որ նույն օրն Իլհամ Ալիեւը գտնվել է Դուշանբեում եւ Էմոմալի Ռահմոնի հետ ստորագրել «Փոխըմբռնման մասին» հուշագիր:

Ստացվում է, որ Էլմար Մամեդյարովն ի՞ր անունից է համաձայնել աշխատանքային խմբերի մակարդակով բանակցություններ սկսելու գաղափարին: Եւ այն ներկայացրել են միայն ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի ու ֆրանսիացի համանախագահնե՞րը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ