RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014



ԱՆՏԵՍՎԱԾ

Տեղադրվել է` 2014-10-17 14:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1330, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ՞ ԱՐԴՅՈՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊՈՆՏՈՍԻ ՀՈՒՅՆԵՐԻ ԵՎ ԱՍՈՐԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վերջին երկու ամսվա ընթացքում Հունաստանի խորհրդարանը երկու կարեւորագույն որոշում ընդունեց: Նախ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, այսպիսով դառնալով երրորդ պետությունը Եվրոպայում` Շվեյցարիայից եւ Սլովակիայից հետո: Երկրորդ կարեւորը որոշումը Հունաստանի խորհրդարանն ընդունեց շուրջ երկու շաբաթ առաջՙ կառավարության ներկայացրած օրինագծով Հունահայոց թեմն իրավական ճանաչում ստացավ: Անշուշտ, այս օրինագծերն առաջին հերթին ուղղված են իրականացնելու այն համաձայնագրերը, որոնք Հունաստանը ստանձնել է Եվրոմիության եւ միջազգային այլ կառույցներից, սակայն այդ որոշումները շատ մեծ նշանակություն ունեն Հայաստանի համար հատկապես այսօր` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:

Հունաստանի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կարող է նաեւ օրինակ հանդիսանալ Եվրոպական այլ պետություններում: Եթե անգամ Եվրոպայում Հունաստանի օրինակին հետեւողներ չլինեն, ապա քննարկումներն այդ թեմայի ուղղությամբ արդեն իսկ նպաստավոր են Հայաստանի համար: Անշուշտ, այս առնչությամբ Հայաստանն էլ պետք է տեղեկատվական քարոզչական լուրջ նախաձեռնությամբ հանդես գա եւ հանդիպումների ժամանակ Հունաստանի օրինակը մատնացույց անելով շեշտի Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու անհրաժեշտությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում: Սակայն դրան զուգահեռ, ժամանակն է, որ Հայաստանի խորհրդարանը նախաձեռնի եւ ճանաչի Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունները:

Սա ոչ թե պատասխան կլինի Հունաստանին, այլ ճիշտ մարտավարություն ընդդեմ Թուրքիայի: Առաջին հերթին դատապարտելով ցեղասպանությունը նման արհավիրք տեսած ազգը փորձում է կանխել ցեղասպանությունների կրկնությունը: Սա շատ կարեւոր կլինի հատկապես այժմ, երբ Իրաքում եւ Սիրիայի հյուսիսում կատարվում է այն, ինչ տեղի էր ունեցել 100 տարի առաջ Արեւմտյան Հայաստանում ու Կիլիկիայում: Անշուշտ, Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունը ճանաչելով դժվար թե Հայաստանը կարողանա սթափեցնել միջազգային գերտերություններին եւ կազմակերպություններին, որպեսզի նրանք իրական եւ սթափ գնահատեն Իրաքում կատարվելիքն ու կանգնեցնեն ոճրագործությունը, սակայն մյուս կողմից, սա կլինի ցեղասպանության դեմ պայքարի հերթական փուլ, միջոց եւ քայլ:

Հարցը բարոյական հարթությունից զատ ունի նաեւ քաղաքական-դիվանագիտական կողմ: Այս գաղափարախոսությունը բազմիցս բարձրացրել է թուրքագետ Արտակ Շաքարյանը

«Ճանաչելով Պոնտոսի հույների եւ ասորիների Ցեղասպանությունը, Հայաստանը միաժամանակ հերքում է թուրքական այն թեզը, որ առաջին աշխարհամարտի տարիներին պատերազմել են հայերի դեմ, քանի որ նրանք աջակցում էին ռուսական բանակին: Նույն ժամանակահատվածում թուրքերը կոտորել են նաեւ հույներին եւ ասորիներին, մինչդեռ այդ ազգերը որեւէ կապ չունեին ռուսների եւ ռուսական բանակի հետ: Սա ծրագրված սպանդ է եղել քրիստոնյա բնակչության դեմ, ինչից, անշուշտ, ամենաշատը հայերն են տուժել»,- ասում է Շաքարյանը:

Նույն տեսակետն արտահայտող ամերիկահայ ցեղասպանագետ Արմեն Մասրուպյանի գնահատմամբ, Հայաստանի խորհրդարանն անհապաղ պետք է ճանաչի Պոնտոսի հույների ցեղասպանությունը, այս կերպ ոչ միայն պահանջելով աշխարհից արդարություն, այլեւ ինքն օրինակ ծառայելով եւ պայքարելով ցեղասպանությունների միջազգային ճանաչման համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ