RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014



ԱՆՑՈՒԴԱՐՁ

Տեղադրվել է` 2014-10-17 14:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1301, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՏՈՆԵԼ, ԹԵ՞ ՉՏՈՆԵԼ` ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեւանի հիմնադրման 2796 ամյակին նվիրված Էրեբունի-Երեւան տոնակատարությունը վերջին տարիներին տարատեսակ գնահատականների է արժանանում, պայմանավորված հիմնականում այդ տոնի համար ծախսվող միջոցներով: Որպես կանոն նշվում է, որ ավելի նպատակահարմար կլիներ այդ ծախսերը ուղղել սոցիալական խնդիրների լուծմանը, ընդ որում ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ Հայաստանում: Այս առումով, թերեւս, հստակեցման անհրաժետություն կա:

Նախՙ ծախսվող միջոցների մասին: Երեւանի քաղաքային բյուջեից այս տարի տոնակատարության նպատակով հատկացվել էր 180 մլն դրամ: Առաջին անգամը լինելով, գումարի մի մասը` մոտ 50 մլն դրամ, ուղղվեց սոցիալական ծրագրերին` կենցաղային տեխնիկա (սառնարաններ, հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ եւ այլն) հատկացվեց 2796 սոցիալապես անապահով երեւանցիների ընտանիքներին: Այդուհանդերձ, մեկնաբանությունները, որ ավելի լավ կլինի տոնը չնշել կամ նշել ոչ ամեն տարի եւ այդ գումարները հատկացնել սոցիալական նպատակներով, պահպանվում են:

Այն, որ Երեւանի հիմնադրման տոնակատարությունը իսկապես տոնական տրամադրություն է պարգեւում հարյուր հազարավոր երեւանցիների, Հայաստանի մյուս բնակավայրերից եկած մեր հայրենակիցների, արտասահմանցի հյուրերի, արդեն լուրջ փաստարկ է, որ այդ տոնակատարությունը պետք է լինի:

Երկրորդ, պետք է ոչ թե հաշվել ծախսվող միջոցները, այլ թե դրանք նպատակայի՞ն են ծախսվել եւ ապահովե՞լ են այն, ինչի համար նախատեսված են եղել: Համենայն դեպս, կենցաղային անհրաժեշտ տեխնիկա ստացած սոցիալապես անապահով ընտանիքների համար այդ տոնը առարկայորեն է ուրախացրել , իսկ տոնակական միջոցառումներին մասնակցելով, նրանք ուրախացել են մնացած բոլորի հետ միասին: Այսինքն, կարելի է ենթադրել, որ հատկացված գումարը ապահովել է այն, ինչի համար հատկացվել է:

Երրորդ, սոցիալական նպատակներով քաղաքի տոնակատարության համար նախատեսված ամբողջ գումարը ծախսելու տրամաբանության մասին: Մեզանում մի տեսակ մոդա է դարձել պետական յուրաքանչյուր ծախսի համար, անկախ դրա անհրաժեշտ կամ ոչ անհրաժեշտ լինելուց ասել, թե լավ կլիներ այսքան գումարը ծախսել այսինչ սոցիալական ծախսի համար: Օրինակ` երբ քաղաքի ասֆալտապատման համար 10 մլրդ դրամ է ծախսվում, ինչ-որ մեկը անմիջապես հաշվարկում է, թե դրանով այսքան բնակարան կարելի է կառուցել աղետի գոտում: Ընդ որում, մոռանալով, որ միայն վերջին 5 տարում աղետի գոտու համար պետական բյուջեից 81 մլրդ դրամ է հատկացվել, երեւի այդքան էլ դրան նախորդող 5 տարիներին:

Բացի դրանից, գուցե թե այնքան էլ ճիշտ չէ, որ Երեւանի քաղաքային բյուջեի գումարը ծախսվի ոչ թե Երեւանի, այլ ուրիշ բնակավայրի հոգսերի համար: Դրա համար կա պետական բյուջե, որտեղից սոցիալական նպատակներով գումարներ են հատկացվում: Դրանք, ի դեպ, մյուս ծախսերի համեմատ ամենամեծ մասնաբաժինն ունեն (այլ հարց է իհարկե, թե որքանով են ամբողջական լուծում տալիս սոցիալական խնդիրներին):

Միաժամանակ, նման դեպքերում, այդ թվում նաեւ Երեւանի տոնակատարության առնչությամբ, հատկապես ժողովրդի անունից խոսել սիրողները պետք է հաշվի առնեն նաեւ մայրաքաղաքի բնակչության կարծիքը` ցանկանո՞ւմ է նա այդ տոնը, թե՞ ոչ: Հազիվ թե որեւէ մեկը կասկածի, որ երեւանցիների ճնշող մեծամասնության համար այդ տոնը սիրելի է եւ ցանկալի: Չխոսելով այն մասին, որ քաղաքի տոն նշում են անգամ տասնամյակների պատմություն ունեցող քաղաքները: Ինչո՞ւ դրանից պետք է հրաժարվի երրորդ հազարամյակի մեջ գտնվող Երեւանը:

Էրեբունի-Երեւան տոնակատարության առնչությամբ մյուս ծայահեղությունն էլ կա: Տոնի ընկալումը, նրա միջոցառումների քանակը, բազմազանությունը եւ բազմամարդությունը գերազանցում է Հայաստանի Հանրապետության անկախության տոնին:

Անհասկանալի մի պարադոքս կա` այն մարդկանցից շատերը, որոնք մի առանձնահատուկ հաճույք են ստանում սեփական պետությունն ու երկիրը փնովելուց կամ առնվազն չսիրելուց, պարբերաբար կրկնելով «երկրիը երկիր չի», «էս երկիրը», «փախնենք գնանք ստեղից» եւ նման այլ արտահայտություններ, տրամագծորեն հակառակ արտահայտություններն են անում Երեւանի մասին` իրենց սերն արտահայտելով նրա նկատմամբ:

Բնական է, որ յուրաքանչյուրի համար հայրենիք հասկացությունը սկսվում է իր հարազատ քաղաքից, գյուղից, բակից, տանից, բայց այդ գիտակցումը պետք է տարածվի նաեւ երկրի վրա: Ինչը, ցավոք, տեղի չի ունենում: Հասարակական ընկալման մեջ սերը դեպի հարազատ քաղաքն արտահայտելը նորմալ է դիտարկվում, իսկ դեպի հարազատ երկիրը, պետությունը` մի տեսակ արհամարհանքով: Երեւի թե արժե, որ անկախության տոնի հանդիսությունները չզիջեն քաղաքի տոնին, թեեւ անկախության եւ պետականության հանդեպ զգացողությունները միայն դրանցով չեն պայմանավորված կամ միայն դրանցով չպետք է սահմանափակվեն:

Ամեն դեպքում, աշխարհում հազվադեպ են Երեւանի նման հինավուրց պատմություն ունեցող քաղաքները եւ մեր հարազատ քաղաքի, մեր պետության մայրաքաղաքի հիմնադրման տարեդարձը արժե որ նշվի հանդիսավորությամբ, տոնական տրամադրութամբ, առանց հերթապահ դարձած նվնվոցների, այնպես, որ այն տոն լինի բոլորի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ