RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014



ԽՈՐՔԱՅԻՆ

Տեղադրվել է` 2014-10-17 14:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1559, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԿՐԵՄԼԻ ՊԱՏԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԵՎ ՆԵՐՍ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հենց սկզբից նշենք, որ Հայաստանի մի խումբ քաղաքացիներ, որոնք խնդրել են իրենց ներկայացնել որպես «Հայաստանի բազմահազար քաղաքացիներ», եռյակի (ներողություն, Ստեփան Դեմիրճյան) հաջորդ հանրահավաքին ընդառաջ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորաբար ասվում է. «Մենք չենք գա եռյակի հաջորդ հանրահավաքին, իսկ կգանք եւ մեր խոսքը կասենք հաջորդի հաջորդ հանրահավաքին»: Մյուս կողմից, հանրահայտ Vertu ընկերությունը, ենթադրելի է հենց եւ միայն մեր եռյակի հանրահավաքին ընդառաջ, հատուկ այդ կապակցությամբ հայտարարել է իր լրիվ նոր սմարթֆոնների արտադրության մասին, որոնք կարժենան տասնվեց հազար ամերիկյան դոլար: Ճիշտ է ընկերությունը չի մանրամասնել, թե արդյոք կլինե՞ն նոր արտադրության մեջ ոսկեգույն սմարթֆոններ, որոնցով ժողովրդի հետ հանդիպման այդքան սիրում է գնալ Գագիկ Ծառուկյանը...

Բայց շատ շեղվեցինք, չնայած, եթե եռյակի հոկտեմբերի տասին կայացած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցածներից շատերն են իրենց թույլ տալիս բուն թեմայից շեղվել, ապա մենք լրիվ իրավունք ունենք` շեղվելու: Իրականում, ինչպես բազմիցս ենք նշել, եռյակը, որքան էլ տարօրինակ հնչի քաղաքական ուժի, առավել եւս քաղաքական ուժերի դաշինք-համագործակցության համար անհրաժեշտ, քաղաքական բուն նպատակ չունի: Այնինչ նպատակի, ավելինՙ նպատակի իրագործելիության ընկալման անհրաժեշտությունը անկյունաքարային է քաղաքական պայքար մղելիս: Այսինքն, եթե այս կամ այն քաղաքական ուժը մտնում է քաղաքական պայքարի մեջ, նա պետք է ոչ միայն ունենա եւ ցույց տա իր քաղաքական նպատակը, այլեւ մարդկանց հավատացնի` հստակ ծրագրային ճանապարհային քարտեզով սեփական քաղաքական նպատակների իրագործելի լինելը:

Հիմա ի՞նչ տեսանք հոկտեմբերի տասին, անշուշտ բացի Լեւոն Տեր-Պետրոսյանին, Գագիկ Ծառուկյանին եւ ուշացած Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնելուց եւ միասին տեսնելուց: Եռյակը ցույց տվե՞ց իր քաղաքական նպատակը, եթե այո, ապա ո՞րն է այն: Դատելով հանրահավաքին բարձրացված պաստառներից, օրինակՙ դրանցից մեկի վրա գրված` «Վերադարձրեք «Նաիրիտ»-ի աշխատողների պարտքերը», կամ` «Վերացրեք կարմիր գծերը», ինչպես նաեւ հիմք ընդունելով եռյակիՙ հատկապես ԲՀԿ-ական գործիչներից Մկրտիչ Մելքումյանի ելույթըՙ պետք է արձանագրենք, որ եռյակը (դրա նշված թեւը), ինչպես նաեւ հանրահավաքին մասնակցած ժողովրդի մի զգալի հատված, ոչ թե իշխանափոխություն է պահանջում, այլ` իշխանությունից է պահանջում, իսկ սրանք, հասկանալի է, տարբեր բաներ են: Հիմա, պետք է հասկանալ, թե ո՞րն եռյակի` ընդհանուր առմամբ, սեփական քաղաքական իրագործելի, հստակ ճանապարհային քարտեզ ունեցող նպատակը, իշխանափոխությո՞ւնը, թե՞ իշխանությունից այս կամ այն պահանջի բավարարման ակնկալիք-պահանջը: Սա մենք ինքներս պետք է հասկանանք, քանի որ եռյակը ինքն իր իսկ քաղաքական նպատակը չի ներկայացնում:

Ավելին, դատելով Գագիկ Ծառուկյանի «ելույթ»-ից, այս պահին գոնե եռյակը չունի քաղաքական նպատակ, քանի որ ԲՀԿ առաջնորդը հստակ հայտարարեց, որ ինքը հիմա չի խոսի, այլ ուշադիր կլսի իր գործընկերներին, իսկ կխոսի հաջորդ հանրահավաքին: Սա նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանը գոնե միայն այս պահին դեռ կողմնորոշված չէ անելիքների մեջ, ու, քանի որ Ծառուկյանն ինքը չի ասում, թե ինչու է դա այդպես, մեզ մնում է միայն ենթադրել:

Տեսեք, նույն օրը` հոկտեմբերի տասին, Մինսկոում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների եւ Հայաստանի ու Ղրղզստանի նախագահների համատեղ գագաթաժողովը: Սրան ընդառաջ պաշտոնական Կրեմլը` Պուտինի օգնականի մակարդակով առաջին անգամ` Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի պատմության մեջ, հստակ հայտարարեց, թե «Հոկտեմբերի տասին կստորագրվի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու համաձայնագիրը, որն ուժի մեջ կմտնի եկող տարվա հունվարի մեկից, ԵՏՄ-ի կենսագործման հետ միաժամանակ»: Այստեղ նկատենք, որ դիվանագիտության մեջ հաճախ են պետական պաշտոնյաները, այդ թվում նրանց օգնականները հանդես գալիս այս կամ այն բանը հերքող կամ հաստատող հայտարարություններով, ոչ թե որովհետեւ տեղեկատվություն են տրամադրում, այլ, որովհետեւ իրենք ցանկանում են, որ այդպես լինի: Տեսեք, օրինակ Մինսկի խմբի համանախագահությունը, երբ հայտարարում է, որ «ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի», դա ոչ այնքան նշանակում է, որ Մինսկի խմբի համանախագահության կարծիքով մեր հակամարտությունն իրոք խաղաղ լուծմանն այլընտրանք չունի, այլ նշանակում է, որ Մինսկի եռյակը շեշտում է, որ ԼՂ հակամարտությունը իրեն պետք է, որ խաղաղ լուծվի: Վերադառնալով Մինսկի գագաթաժողովին ընդառաջ Պուտինի օգնականի հիշյալ հայտարարությանը, նկատենք, որ այսկերպ Կրեմլը Մինսկ ժամանող Հայաստանի նախագահին հստակ մեսիջ հղեց, որ Հայաստանը ՊԵՏՔ Է ստորագրի ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը: Ընդ որում, չի կարելի բացառել, որ Սերժ Սարգսյանը կարող էր եւ չստորագրել այդ համաձայնագիրը, մեկնել Մինսկ, բայց չստորագրել: Պատճառը, ինչպես հասկանալի է, ԼՂ-ի հետ սահմանին մաքսակետ, թեկուզ ձեւական, դնելու ԵՏՄ-ի ծպտյալ կամ լավ էլ հասկանալի պահանջն է, ինչի հետ Հայաստանի իշխանության յուրաքանչյուր ներկայացուցչի խոսքերով Երեւանը չի կարող համաձայնել: Ուրեմն Հայաստանի նախագահը Մինսկ կարող էր եւ մեկնած լինել` որոշմամբ` չստորագրել ԵՏՄ-ին միանալու համաձայանգիրը, գոնե այս պահին: Մոսկվան, սակայն, Մոսկվա չէր կոչվի, եթե այս ամենը չհասկանար եւ այս ամենի դեմ կանխարգելիչ միջոցառումներ չաներ: Նախ, աշխարհաքաղաքական առումով, Կրեմլը կարողացավ հասնել նրան, որ Բելառուսի եւ Ղազախստանի խորհրդարանները, ապա եւ նախագահներ` Լուկաշենկոն ու Նազարբաեւը համաչափ վավերացրեցին ԵՏՄ-ի ստեղծման մասին Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան համաձայնագիրը, այսինքն ԵՏՄ-ն ինքը դարձավ կենդանի օրգանիզմ, որին կարելի է եւ միանալ: Սրանից բացի, նախքան ԵՏՄ գագաթաժողովը նույն Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովին մասնակցելու նպատակով Բելառուսի մայրաքաղաք «բոլորից մի քանի օր շուտ» մեկնել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` բանակցելու Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Կասկածից վեր է, որ այդ հանդիպմանը Ալիեւը կրկին բարձրաձայնել է ԵՏՄ անդամ պետության ղեկավարի մոտ` Բաքվի տեսանկյունից Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու անթույլատրելիության մասին: Թե ինչ պայմանավորվածությունների են եկել երկու նախագահները, մենք չգիտենք, բայց գիտենք, որ այդ հանդիպումից հետո Լուկաշենկոն հայտարարեց, թե` «Իմ ու նախագահ Ալիեւի միջեւ առկա անձնական բարեկամությունը փոխադրվել է մեր երկու երկրների միջպետական հարաբերությունների ոլորտ»: Ալիեւն ինքը Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո որեւէ ուշագրավ հայտարարությամբ հանդես չեկավ, ինչից ենթադրում ենք, որ այն, ինչը ինքը լսել է Բելառուսի նախագահիցՙ կա՛մ նրան գոհացրել-հանգստացրել է, կա՛մ էլ իրենից որոշակի ժամանակ է պահանջել` նոր հաշվարկներ անելու համար:

Արդյունքում, արդեն ԵՏՄ մինսկյան գագաթաժողովի ժամանակ, նախագահ Լուկաշենկոն առհասարակ լռեց` չկարեւորելով իր ու Ալիեւի հանդիպումը` Հայաստանի անդամակցության հետ կապված, իսկ նախագահ Նազարբաեւը հայտարարեց, թե «Այն նուրբ հարցի շուրջը, որը մենք բարձրացրել էինք կապված Հայաստանի անդամակցության հետ, մենք ձեռք ենք բերել փոխզիջումային լուծման տարբերակ, եւ սահմանների հարցը եւս հանում ենք»: Ուշադրություն դարձրեք` Նազարբաեւը չի ասում, թե «սահմանների հարցը լուծված ենք համարում», այլ ասում է` «հանում ենք», կնշանակի, որ սահմանների հարցը կարող է եւ չի լուծվել, բայց հանվել է` այլեւս չդիտարկվելով որպես Հայաստանի եվրասիականացման ճանապարահին խոչընդոտ:

Սաՙ ինչ վերաբերում է խնդրի աշխարհաքաղաքական կողմին, որպեսզի Հայաստանի նախագահը հստակ հասկանա Պուտինի օգնականի` «Պետք է» մեսիջը: Ինչ վերաբերում է առավել ներքին հարցերին, ապա այստեղ առանց քաղաքական դավադրությունների, իհարկե, չի կարող լինել: Դեռեւս Մինսկի գագաթաժողովից առաջ, մեկ-երկու օրվա ընթացքում, Հայաստանի ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչները, ավելի կոնկրետ` Գագիկ Ծառուկյանը` «Նեզավիսեմայա գազետա»-ին տված հարցազրույցում, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, եւ ՀԱԿ-ից մի քանիսը հայտարարեցին, որ եռյակի համար քննարկման թեմա չէ եւ չի կարող լինել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության որոշումը, ավելինՙ եռյակը չի արել եւ չի անելու հակառուսական հայտարարություն` անչափ կարեւորելով հայ-ռուսական հարաբերությունների պահպանումը: Այլ կերպ ասած, նախքան Մինսկի գագաթաժողովը Կրեմլը Հայաստանի իշխանություններին, այս պարագայում կոնկրետ նախագահին հստակ հասկացրեց, որ իրեն զուգահեռ, կամ իր փոխարեն ինքը Հայաստանում ունի մարդիկ, ովքեր բավական լուրջ լծակների տեր են, եւ Ռուսաստանին, ահա, հավատարմության երդում են տալիս: Այլ կերպ ասած` չես ստորագրելու դու, մենք կբերենք նրանց, ովքեր կստորագրեն: Այս համատեքստում լրիվ հասկանալի է ընդդիմության հաշվարկը` իրենց հանրահավաքը կազմակերպել հենց հոկտեմբերի տասին: Հիշեցնենք դա այն օրն էր, երբ Հայաստանը ՊԵՏՔ Է ստորագրեր ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը, հակառակ պարագայում...:

Դժվար է ասել, թե ի՞նչ կլիներ Ազատության հրապարակում, եթե Սերժ Սարգսյանը վերջին պահին հետ քաշվեր` եվրասիական ինտեգրացիայից, նկատենք, որ վերջին պահին հետ քաշվելու փորձ Հայաստանի նախագահը ունի: Բայց Գագիկ Ծառուկյանի` «ես այսօր չեմ խոսելու» հայտարարությունը լրիվ տեղավորվում է Սերժ Սարգսյանի` Մինսկում դրած ստորագրության տրամաբանության մեջ: «Քանի որ ստորագրեց, ուրեմն մենք մեր գործողություններում վերահաշվարկ անելու կարիք ունենք, նոր մեսիջ ստանալու անհրաժեշտություն», հենց այս մոտեցումը կարող է հիմնավորել Գագիկ Ծառուկյանի` «Ես այսօր չեմ խոսելու, իսկ կխոսեմ հաջորդ հանրահավաքին» հայտարարությունը:

Այս ամենի համատեքստում մի ուշագրավ նրբություն էլ է հրաշալիորեն տեղավորվում. հնարավոր է, որ Գագիկ Ծառուկյանի «գլխավորած» եռյակի եւ Կրեմլի միջեւ միջնորդ կա, ով ժամանակին հրաշալի անձնական հարաբերություններ ուներ նախագահ Պուտինի հետ: Իսկ ի տարբերություն միջպետական բարեկամության, միջանձնային բարեկամությունն անհամամետ ավելի մնայուն արժեք է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ