RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014



ՀԱՆՈՒՆ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

Տեղադրվել է` 2014-10-17 14:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1264, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 10

«ԿՅԱՆՔԸ ՓՈԽՎՈՒՄ Է ՕՐԱՆԺԻ ՀԵՏ»

Հ. ԱՖՅԱՆ, Հարթավան-Երեւան

Հոկտեմբերի տասներեքին Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում, եթե պատկերավոր ասենք, ապա «բոլորը խոսում էին ֆրանսերեն»: Գյուղ էին ժամանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, «Օրանժ-Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը, նրանց ուղեկցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզպետարանի աշխատակիցներ: Տանտերը` Հարթավանի գյուղապետ Ժիրայր Ավետիսյանը, ով պաշտոնավարում է դեռեւս 1998-ից, հայկական հյուրընկալության բոլոր կանոններով ընդունեց իր բարձրաստիճան` այդ թվում օտարերկրացի (այնտեղ շեշտվում էր` բարեկամ) հյուրերին, եւ գյուղապետարանի վերակառուցված դահլիճում սկսեց հանդիսությունը:

Հայ-ֆրանսիական բարեկամության այս հերթական դրսեւորման առիթը Օրանժ Հիմնադրամի ձեռնարկած` «Մեկ գյուղ» ծրագրի իրագործումն էր` Հարթավան համայնքում: Այս տարվա մարտից մեկնարկած ծրագրի շրջանակներում շուրջ 55 միլիոն դրամի աջակցություն է ցուցաբերվել Հարթավան գյուղին` տեղական ենթակառուցվածները զարգացնելու (որոշները` հիմնելու) նպատակով: Մասնավորաբար ծրագիրը միտված է` Հայաստանի գյուղական համայնքներում, այս պարագայում` կոնկրետ Հարթավանում, տնտեսական կայուն զարգացման, աշխատատեղերի ստեղծման, կրթական, առողջապահական ենթակառուցվածքների ստեղծման, մի խոսքով` գյուղական համայնքների համալիր զարգացմանը: Օրանժ Հիմնադրամն իր այս կարեւոր նախաձեռնությունն իրականացնում է «Շեն» բարեգորական կազմակերպության հետ միասին, հենց վերջինս էլ իրագործել էր Հարթավանի ենթակառուցվածքների կառուցումը:

Գյուղապետ Ավետիսյանն իր հյուրերին դիմավորում է` հայտարարելով գյուղի մանկական պարի համույթի ելույթը: Երեխաները սկսում են պարել ֆրանսիական հայտնի վալսի` «Les valses de Vienne» հնչյունների ներքո, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով երաժշտությունն անջատվեց, ինչը, սակայն, չշփոթեցրեց երեխաներին եւ նրանք շարունակեցին պարել` առանց երաժշտության: Դեսպան Ռենոն իր ելույթում հատուկ ուշադրություն հրավիրեց այս հանգամանքի վրա` նշելով. «Հայերը բացառիկ ժողովուրդ են, օրինակ նրանք կարող են առանց երաժշտության պարել, կամ կարող են ընդամենը վեց ամսում այսպիսի աշխատանք կատարել եւ ավարտել»: Դեսպանը նշեց, որ ինքը հիացած է կատարված աշխատանքով. «Ինձ համար կրկնակի հաճելի է, որ այս ամենն իրագործվել է ֆրանսիական ընկերության աջակցության շնորհիվ: Ես հույս ունեմ, որ Հիմնադրամի աջակցության արդյունքում վերակառուցված Հարթավանի մանկապարտեզի երեխաները ժամանակի ընթացքում կհամալրեն Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողների շարքերը»:

Օրանժ Հիմնադրամի եւ «Շեն» բարեգործական կազմակերպության համատեղ աշխատանքի` «Մեկ գյուղ» ծրագրի հաջող ավարտի արդյունքում Հարթավան գյուղն այլեւս ունի «Հարթավան կաթ» կոոպերատիվը, որը հնարավորություն է տալիս հարթավանցիներին բարելավել կաթնամթերքի արտադրանքն ու վաճառքից ստացած արդյունքները: Իսկ կոոպերատիվին աջակցելու նպատակով գյուղում ստեղծվել է նաեւ կաթի մթերման կետ` հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով: Գյուղացիները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք կաթը խոշոր վերամշակողներին հանձնում են արդեն չմիջնորդավորված, ինչը զգալիորեն ավելացնում է իրենց եկամուտները: Գյուղապետ Ավետիսյանն էլ հավելեց, որ կաթը գյուղացիները կոոպերատիվին հանձնում են 180-190 դրամով:

«Մեկ գյուղ» ծրագրի շրջանակներում Հարթավանում կառուցվել է նաեւ նոր խողովակաշար, ինչի կառուցման արդյունքում լուծվել է համայնքի ոռոգման համակարգի արդյունավետության խնդիրը: Ինչպես արդեն նշեցինք, վերակառուցվել է գյուղի մանկապարտեզը` հնարավորություն տալով եւս հիսունով ավելացնել Հարթավանի եւ հարակից գյուղերից մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը: Բացի սրանից, վերակառուցման արդյունքում Հարթավանի միայն մանկապարտեզը տվել է նոր ութ աշխատատեղ: Գյուղի դպրոցի բակում, տեղացի երիտասարդների եւ առհասարակ մարզվող բնակիչների համար, կառուցվել է ֆուտբոլի եւ վոլեյբոլի խաղահրապարակներ, որոնց որակը փորձարկեց Օրանժ Հիմնադրամի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերն անձամբ` մի քանի րոպեով մասնակցելով ընթացող ֆուտբոլային, ապա եւ վոլեյբոլի խաղերին:

Նոր սարքավորումներով է համալրվել նաեւ համայնքի բուժկետը, իսկ բուժանձնակազմի համար կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ: «Արդեն ավելին քան հինգ տարի է, ինչ մենք մեր գործընկերների հետ համատեղ գյուղական համայնքներում իրականացնում ենք տեղի ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր: Այժմ «Մեկ գյուղ» նախաձեռնությամբ մենք միաժամանակ անդրադառնում ենք գյուղական համայնքների տնտեսական, առողջապահական, կրթական ոլորտներում առկա խնդիրներին: Այսօր մենք մեծ հպարտությամբ նշում ենք այս ծրագրով նախատեսված առաջին աշխատանքների ավարտը եւ ուրախ ենք տեսնել, թե ինչպես է փոխվել Հարթավանի բնակիչների կյանքը», ասաց Օրանժ հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը` շեշտելով, որ «Օրանժ Արմենիան» Հայաստանի քաղաքացի է` ֆրանսիական արմատներով:

Իսկ Հարթավանի` 1108 բնակիչների անունից իր շնորհակալական խոսքում գյուղապետ Ավետիսյանը ասաց. «Օրանժի գովազդում ասվում է, որ օրը փոխվում է Օրանժի հետ. մենք ուրիշ ճշմարտություն գիտենք` կյանքը փոխվում է Օրանժի հետ»:

Ֆրանսիս Ժելիբտերը, ընդգծելով, որ իրենք անպայման հետեւելու են կատարված աշխատանքների որակի պահպանմանը շեշտեց, որ իրենց ձեռնարկած` «Մեկ գյուղ» ծրագիրը շարունակական է լինելու. «Այս պահին մենք արդեն ունենք ինը գյուղական համայնքների հայտը, եւ հիմա պետք է ընտրենք այն գյուղը, որտեղ հաջորդ տարի կիրականացնենք «Մեկ գյուղ» ծրագիրը», ասաց Ժելիբտերը` հույս հայտնելով, որ ամեն տարի Հայաստանի գյուղերից մեկի կյանքը կփոխվի` «Օրանժ»-ի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ