RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014



Տեղադրվել է` 2014-10-17 14:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1552, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆՙ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

ՔՆԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆ, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող

Հայաստանի հանրապետությունում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ծրագրի շրջանակներում (Մշակութային եւ հասարակական ծրագրերի բաժնի պետ, պ. գ. թ. Իրինա Կասացկայա) եւ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի (տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյան) աջակցությամբ օգոստոսի 31 - սեպտեմբերի 11-ը առիթ ունեցա մասնակցելու Սանկտ Պետերբուրգի կառավարության արտաքին կապերի կոմիտեի (նախագահՙ Եվգենի Գրիգորեւ) կազմակերպած արտերկրում բնակվող հայրենակիցների համար անցկացվող «Ռուսական պետության պատմություն» (Մշակութապատմական համալսարան) XI կրթական ծրագրին: Վերջինս անց է կացվում 2004 թվ.-ից տարբեր հիշարժան առիթներով:

Այս տարի այն նվիրված էր Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին: Անդրադառնալով հիշյալ ծրագրին` նախագահ Ե. Դ. Գրիգորեւը միջոցառման բացմանը նշեց. «Ժամանակն ինքն է թելադրել մեր համալսարանի գլխավոր թեման. այս տարի աշխարհը նշում է Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու 100-ամյակը: Ռուսական կայսրության հարյուր հազարավոր քաղաքացիներ հարկադրված էին հեռանալ երկրից: Ի պատիվ իրենց, օտարության մեջ նրանք չեն կորցրել ազգային ինքնությունը, պահպանել են ռուսաց լեզուն եւ ավանդույթները եւ, որն ամենակարեւորն է, պահպանել են սերը Հայրենիքի նկատմամբ, կարողացել են այդ զգացումը փոխանցել իրենց սերունդներին: Որպես կազմակերպիչներ, մեր նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի ծրագիրն արթուն պահի հետաքրքրությունը Ռուսաստանի պատմության հետազոտման նկատմամբ»:

Ծրագրի գիտական ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Պետերբուրգի ռազմապատմական ընկերության նախագահ Ալեքսեյ Վ. Առանովիչը բարձր գնահատեց այլ մշակույթների ռուսալեզու ներկայացուցիչների հետ նման միջոցառումների անցկացումը, որոնց միավորողը ռուսաց լեզուն է:

Տաս օրերի ընթացքում Սանկտ-Պետերբուրգի համաշխարհային ճանաչում ունեցող 4 առաջնակարգ թանգարաններում (Հրետանային, ինժեներական եւ կապի զորքերի ռազմապատմական, Ռուսաստանի քաղաքական պատմության պետական, Կրոնի պատմության եւ Կենտրոնական ռազմածովային թանգարաններ) 9 լավագույն մասնագետներ (պատմաբան, գրականագետ, արվեստաբան, կրոնի պատմության մասնագետ եւ այլն) ներկայացրին 20 ուշագրավ դասախոսություններ, որոնք արծարծում էին Առաջին աշխարհամարտին կամ, ինչպես այժմ ռուսական պատմագիտության մեջ է այն անվանվում, Մեծ պատերազմին վերաբերող տարբեր թեմաներ: Դրանք էին` Մեծ պատերազմի նորովի հետազոտումը, զորավարները, միապետական գվարդիան, ինտենդանտական մատակարարումը, 1914 թ. արեւելապրուսական գործողությունը, հատուկ նշանակության ջոկատների գործունեությունը, հրետանին, ծովային ուժերը, հեծելազորը, ռազմական համազգեստը, ինչպես նաեւ` մայրաքաղաք Պետրոգրադը, հերոսները, կանայք, հոգեւորականությունը, գրականությունը եւ արվեստը Առաջին աշխարհամարտի տարիներին, Փետրվարյան հեղաշրջումը, Բրեստի հաշտությունը, Վերսալյան աշխարհակարգը եւ այլն:

Զուգահեռաբար թանգարաններում գործում էին թեմատիկ հարուստ ցուցադրություններ: Իսկ Հրետանային թանգարանի հետնահայաց հսկայական տարածության մեջ առաջին անգամ ներկայացվեց ռազմապատմական վերակերտում՝ ռուսական եւ գերմանական բանակային եւ զինական պարագաների առկայությամբ եւ ռազմական գործողությունների ցուցադրությամբ:

Ծրագրին մասնակցում էր 21 երկրներից (Ադրբեջան, Հայաստան, Բելոռուս, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Իսրայել, Լատվիա, Լիտվա, Ղազախստան, Ղրղզստան, Հոլանդիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովենիա, Ուզբեկստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Չեխիա, Թուրքմենստան, Էստոնիա) ժամանած 57 մասնակից: Հայաստանից ծրագրին ընդգրկված էին նաեւ Պետական ճարտարագիտական համալասարանի Գյումրիի մասնաճյուղի դոցենտ, պ. գ. թ. Գայանե Տոնոյանը եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակից, էքսկուրսավար Լուսինե Աբրահամյանը:

Բոլոր հրավիրվածներին հանձնվեցին մասնակցությունը վավերացնող վկայականներ, ինչպես նաեւ` Առաջին աշխարհամարտի տարիներին ռուսական բանակին, հրամանատարությանը եւ հարակից թեմաներին վերաբերող նորերս լույս ընծայված մասնագիտական գրականություն եւ լուսանկարների շքեղ ժողովածուներ:

Հատկանշական է, որ ռուսախոս հայրենակիցների XI հավաքի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ ցամաքային զինված ուժերի թանգարանում, իսկ փակումը` ռազմածովային թանգարանում. երկու ռազմատեսակ, որոնք, կազմակերպիչների իսկ բնորոշմամբ, բոլոր ժամանակներում խորհրդանշում են Ռուսաստանի իրական` երկու հզոր «դաշնակիցները»:

Ամփոփելով արդյունքները` Սանկտ Պետերբուրգի կառավարության արտաքին կապերի կոմիտեի նախագահ Եվգենի Գրիգորեւը մասնավորապես նշեց, որ Ռուսաստանի ապագայի հիմնական ռեսուրսը պատմական հիշողությունն է, որի պաշտպանները նրա հայրենակից-պատմաբաններն են, որոնք եւ «իրենց արարումներով եւ գիտական սխրանքներով» որոշակի զարգացում են հաղորդում այդ հիշողությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 17-10-2014

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ