RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-10-24 19:50:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1580, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՆԿԱՐԱՆ ՍՏԻՊՎԱԾ Է ԼԻԶԵԼ ԹՔԱԾԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախանցյալ շաբաթ, Թուրքիային ուղղված Մ. Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենի քննադատության եւ դրան հետեւած ներողության առթիվ գրել էի, որ, այդուամենայնիվ, Էրդողանն ստիպված է քայլ կատարել հակաջիհադիստական կոալիցիային գործնականորեն մաս կազմելու ուղղությամբ, «Վաշինգտոնի ուզա՛ծ քայլը»: (Տեսՙ «Ազգ», 10 հոկտ. 2014 թ.): Իմ այդ պնդումը հիմնված էր այն հանգամանքի վրա, որ եվրոպական տարբեր մայրաքաղաքներից Կոբանիի քրդերի օրհասական վիճակին արձագանքող բողոքի ու մեղադրանքի հուժկու ազդանշաններ էին հասնում Անկարա, որոնք ուղեկցվում էին հենց Թուրքիայի ներսում բռնկված քրդական արյունոտ ցույցերով, որոնց զոհ էր գնացել արդեն 40 մարդ: Իսկ առավել կարեւորըՙ կրիտիկական բոլոր պահերին, առնվազն վերջին 60 տարիներին, Թուրքիան երբեք դեմ չի գնացել Վաշինգտոնի ցանկությանը, կարգադրություններին:

Այս անգամ էլ բացառություն չարձանագրվեց: Երկուշաբթի օրը Աֆղանստան կատարած այցից Անկարա վերադառնալուց ընդամենը 20 րոպե անց Էրդողանը ստացավ Օբամայի զանգը: Ու թեեւ երկու ղեկավարների հեռախոսազրույցի բովանդակությունը չհրապարակվեց, սակայն ելքը իսկույն հայտնի դարձավ արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հայտարարությունիցՙ «Մենք պատրաստ ենք օգնելու, որպեսզի փեշմերգաները (Թուրքիայից) տեղափոխվեն Կոբանի», մինչ Էրդողանի մամուլի գծով խորհրդականը վստահեցնում էր, որ «Էրդողանն ու Օբաման համաձայնվել են շարունակելու իրենց սերտ համագործակցությունը ուժեղացնելու համատեղ պայքարը ISIS-ի դեմ»: Եվ սա այն պարագայում, երբ հեռախոսազրույցից մի քանի օր առաջ ընդամենը թուրքական բանակը օդային ծանր հարվածներ էր հասցրել փեշմերգաների դիրքերին երկրի հարավ-արեւելքում, իսկ հենց նույն Էրդողանի հռետորաբանությամբՙ քրդական PKK-ն (Օջալանի Բանվորական կուսակցությունը) եւ Կոբանին պաշտպանող Սիրիայի Քրդական դեմոկրատական կուսակցության մարտական թեւը նույնՙ «ահաբեկչական» կազմակերպություններն են, որոնց միավորումը պետք է բացառել: Ու սեփական դեմքը փրկելու համար կրկնեց իր նախապայմանը, թե ISIS-ի դեմ պայքարը պետք է զուգակցվի նախագահ Ասադի իշխանության տապալմամբ, ի սկզբանե քաջ գիտենալով, որ դա, գոնե այս պահին, չի մտնում Մ. Նահանգների ծրագրերի մեջ:

Սակայն, միջազգային շատ դիտորդների տպավորությամբ, Օբամայի հորդորներից ավելիՙ Էրդողանի վրա ազդել են կիրակի օրն սկսված եւ դեռեւս շարունակվող ամերիկյան օդուժի դիպուկ հարվածները Կոբանին իր իսկ հրահանգով շրջափակած ջիհադիստական դիրքերի վրա: Ինչպես քաջ ծանոթ է մեզՙ հայերիս, թուրքերը վախենում են միայն ուժից:

Այսուհանդերձ, փեշմերգաներին միջանցք տրամադրելու պատրաստակամությունը որեւէ նշանակություն չունի այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան գործնական որեւէ քայլ չի արել այդ ուղղությամբ եւ սկսել է ավելի փոքր նախապայմաններ դնել: Օրինակՙ որ փեշմերգաները պետք է Սիրիայից Թուրքիա վերադառնալիս հետ բերեն իրենց տարած զենքերը: Թուրքական ավանդական խորամանկությունը շարունակելու է դեռեւս փորձել փոքր շարժումներով խճճել իրադրությունը, որպեսզի թույլ չտա իր սահմաններից ներս եւ սահմաններին մոտիկ քրդական պետական որեւիցե կազմավորման ստեղծումը, որից խուսափում եւ որի դեմ դաժան պայքար է մղում նա արդեն մի քանի տասնամյակ:

Այսուհանդերձ, իմ խորին համոզմամբ, այս կամ այն կերպ Անկարան մասնակցելու է իր ստեղծած եւ սպառազինած ISIS-ի կազմաքանդման ամերիկյան ծրագրին: Խուսափում չկա՛: Խուսափումը նշանակում է մեկուսացում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ