RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2014-10-24 19:50:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1066, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՈՉ ԱՅՆՔԱՆ «ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ», 1,3 ՏՈԿՈՍՈՎ «ԲՅՈՒՋԵ ԼՑՆԵԼՈՒ» ԵՎ «ԱՐԴԱՐ» ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Շրջանառության հարկի վերջին փոփոխությունները առեւտրով զբաղվողների համար, երբ հարկի տոկոսադրույքը 3,5 տոկոսից իջեցվեց 1 տոկոսի, բավականին հետաքրքրական փաստեր բացահայտեցին:

Նախ` հարկային բեռի թեթեւացումը գոհունակության փոխարեն դժգոհություններ առաջացրեց` մասնավորապես տոնավաճառների առեւտրականների մոտ: Տրամաբանությունը հուշում է, որ հարկային բեռի թեթեւացումը պետք է որ հաճելի նորություն լիներ: Սակայն, երբ այն ուղեկցվեց վաճառվող ապրանքների վերաբերյալ մատակարարներից փաստաթուղթ ունենալու պահանջով, սկսեցին դժգոհել նրանք, ովքեր չեն ցանկանում փաստաթուղթ տրամադրել եւ ստանալ: Այսինքն, պարզ դարձավ, որ նրանց «արդար» դժգոհությունը հանուն ապօրինի, ստվերային շրջանառությունը նույն կերպ պահպանելու եւ ընդդեմ դրա իրական ծավալների բացահայտման էր: Երեւույթ, որի համար, հարկերը թաքցնողների փոխարեն վճարում ենք մենք բոլորս, այդ թվում նրանք, ովքեր առանց հասկանալու աջակցում են նման դժգոհություններին:

Հաջորդ փաստն այն էր, որ տոնավաճառների առեւտրականների դժգոհությունը նրանց ապրանք մատակարարող խոշոր ներմուծողների հետ համատեղ գործողությունն էր` քողարկված «փոքր բիզնեսի շահերի պաշտպանության» շղարշով: Պարզ է, որ առանց փաստաթղթի առեւտուրը շահավետ է ոչ միայն խոշոր ընկերություններին, այլեւ տոնավաճառների առեւտրականներին: Վերջիններիս պատճառաբանությունը, թե մատակարար խոշոր ընկերությունները փաստաթուղթ չեն տրամադրում, սովորական ստախոսություն է, ինչը գիտի յուրաքանչյուրն, ով քիչ թե շատ առնչվել է առեւտրի ոլորտին եւ հատկապես տոնավաճառների առեւտրին: Տոնավաճառների առեւտրականները հենց իրենք են հրաժարվում փաստաթուղթ ստանալ գոնե այն մատակարարներից, որոնք պատրաստ են տրամադրել: Այս շղթայի այլ մանրամասներին առիթ ունեցել ենք անդրադառնալու:

Այժմ այն պատճառաբանության մասին, թե պարտադիր փաստաթղթավորման պահանջը նպատակ ունի «փոքր բիզնեսի միջոցով բյուջեն լցնել»: Իրականում խոսքը ոչ թե փոքր, այլ մեծ շրջանառությունը թաքցնող եւ չնչին հարկեր վճարող բիզնեսի մասին է, որը, անգամ փաստաթղթաշրջանառության մի մասի բացահայտումից հետո շարունակելու է չնչին հարկեր վճարել: Ներկայացնենք ասվածը հաստատող մի քանի ցուցանիշներ:

Հարկային եկամուտների ընդամենը 1,3 տոկոսն է ստացվում շրջանառության հարկից

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2013-ին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 71 մլրդ դրամ, որից հարկերն ու տուրքերը` 1 տրլն 931 մլն դրամ:

Շրջանառության հարկից պետբյուջե մուտքերը, որով հարկվում են տնտեսվարողների ահռելի մեծամասնությունը` շուրջ 57 հազար, կազմել է ընդամենը 13 մլրդ 397 մլն դրամ կամ հարկային եկամուտների մոտ 1,3 տոկոսը: Այս հանգամանքի վրա հարկ է հատուկ ուշադրություն դարձնել, երբ խոսում են «բյուջեն լցնելու» մասին: Դեռ մի կողմ թողնենք, որ սա ոչ միայն առեւտրի, այլեւ արտադրության եւ ծառայությունների ոլորտի վճարած շրջանառության հարկի ցուցանիշն է: Պարզ է, որ 1,3 տոկոս շրջանառության հարկից ստացվող մուտքերը չնչին նշանակություն ունեն պետական բյուջեի եկամուտների համալրման առումով:

Փաստորեն, շրջանառության հարկի դաշտում գտնվող բոլոր այս 57 հազար տնտեսվարողները, որոնց թվում մոտ 40 հազար առեւտրով զբաղվողները` ներառյալ տոնավաճառներում, միասին վերցրած 2 մլրդ դրամով ավելի քիչ հարկեր են վճարում պետական բյուջե, քան թե, օրինակ, խոշոր հարկատուների ցանկում 5-րդ տեղում գտնվող մեկ ընկերություն` մասնավորապես «Արմենտելը»: Այժմ թե որքա՞ն են կազմել առեւտրի շրջանառության ծավալները մեր երկրում անցյալ տարի:

Շրջանառության հարկից վճարվող գումարները կմնան նույնը

Դարձյալ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2013-ին առեւտրի ծավալները կազմել են 2 տրլն 331 մլրդ 138 մլն դրամ, մանրածախ առեւտրինը` 1 տրլն 454 մլրդ 680 մլն դրամ: Եթե համարենք, որ վերջինիս մեջ են ընդգրկված շրջանառության հարկի դաշտում գործող ընկերությունները, ապա նրանց վճարած 3,5 տոկոսը գումարային առումով պետք է կազմեր մոտ 51 մլրդ դրամ : 1 տոկոս դառնալու դեպքում միայն շրջանառության հարկի վճարած գումարի ցուցանիշը պետք է կազմի մոտ 14,5 մլրդ դրամ: Այսինքն, ակնհայտ է դառնում հետեւյալը.

Ամենահամեստ հաշվարկներով, առեւտրի ոլորտը եւ հատկապես տոնավաճառներում առեւտրով զբաղվողները իրականից 3 անգամ քիչ շրջանառություն են ցույց տալիս եւ դրան համապատասխան էլ հարկեր վճարում : Իրատեսական հաշվարկներով, թաքցվող շրջանառությունը 5-10 անգամ ավելին է, քան այն, ինչ ցույց է տրվում:

Շրջանառության հարկի 1 տոկոսի ժամանակ, երբ պարտադիր է ապրանքների փաստաթղթավորումը, դարձյալ անհավանական է, որ իրական շրջանառությունն ամբողջովին բացահայտվի եւ ստվեր չլինի: Սակայն առեւտրականների կողմից շրջանառությունը գոնե երեք անգամ ավելի ցույց տալու դեպքում, նրանց վճարած հարկերի գումարային մեծությունը, հետեւաբար եւ պետական բյուջեի մուտքերը այս հարկատեսակից կմնան նույնը: Իսկ այդ նույնը, ինչպես նշվեց վերեւում, պետական բյուջեի ընդամենը 1,3 տոկոսն է, որով ոչ մի կերպ հնարավոր չէ «բյուջեն լցնել»: Եվ վերջում էլ այս արտահայտության մասին:

Մեղմ ասած, տգիտություն է «բյուջե լցնել» արտահայտության բացասական ֆոնը, քանի որ բյուջեից են վճարվում աշխատավարձերը, թոշակները, կատարվում պաշտպանության, անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման, կրթական, առողջապահական եւ այլ ծախսեր: Եվ որտեղի՞ց այդ բյուջեն պետք է լցվի, եթե ոչ բիզնեսից հավաքվող հարկերից: Աշխարհի բոլոր պետություններում գործում է այս կարգը եւ գոնե այս պահի դրությամբ, այլ բան ոչ մի տեղ չեն հորինել: Սակայն մեզանում կատարյալ անգրագիտություն է տիրում այս եւ շուկայական տնտեսության մի քանի այլ տարրական կանոնների մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ