RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014



ԽՆԴԻՐՆԵՐ

Տեղադրվել է` 2014-10-24 19:50:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1246, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՔՆԱԾ ՄԱՐԴ ԿԱ՞

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում սեպտեմբերի վերջին մեկնարկած նստաշրջանի առաջին օրը որոշում կայացվեց «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ահագնացման մասին» զեկույց պատրաստելու մասին: Աղմուկ բարձրացավ, թե վեհաժողովում հայ պատվիրակները լավ չեն աշխատում, ադրբեջանական «ձկնկիթն» էլ կանաչ լույս է բոլոր տեսակի նախաձեռնությունների համար:

Հայաստանիՙ բառացի անգործությունը միշտ ինչ-որ կերպ հիմնավորվում է, մինչդեռ այդ անգործության, կամ անհաջող գործունեության հետեւանքով նոր բարդություններ են առաջանում: Նախորդ շաբաթվա վերջին Ստրասբուրգում մի փաստաթուղթ էլ ղարաբաղյան հարցը մտցրեց այնպիսի մի շարք, որտեղ մինչ այդ չէր լինում: Խոսքը տեղական ու տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ստրասբուրգյան 27-րդ նստաշրջանի ավարտին որպես նախավերջին հարց քննարկված զեկույցի ու ընդունված համանուն հռչակագրի` «Անջատողական լարվածությունն Ուկրաինայում եւ հարեւան երկրներում» մասին է:

Հետաքրքրական է, որ նախնական տարբերակում զեկույցում ընդգրկված էին «անջատողականության խնդիրներ ունեցող» եւ Ուկրաինային հարեւան Վրաստանն ու Մոլդովան: Սակայն կոնգրեսի բյուրոյում քննարկումների արդյունքում Ադրբեջանը եւս հայտնվեց «տառապյալների» ցանկում: Քննարկմանը հրավիրվել էր Ադրբեջանի արդարադատության նախարարը, իսկ թե ով եւ ինչպես էր ներկայացնում Հայաստանը կամ Արցախը, պարզվում է, այդքան էլ կարեւոր չի համարվել:

Ամեն դեպքում, քննարկվել ու այդ զեկույցի հիման վրա մի տհաճ հռչակագիր էլ ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական իշխանություններին համախմբող մարմինը` կոնգրեսը, որը «լրջագույն մտահոգություն է հայտնում Ուկրաինայում եւ այդ տարածաշրջանի մյուս երկրներում իրավիճակի առնչությամբ»:

Հռչակագրով Ռուսաստանի` Ղրիմ մտնելու, Ուկրաինայի նկատմամբ վերաբերմունքի դատապարտումից բացի տհաճ բնույթի թիվ 8 դրույթ կա, որտեղ մասնավորապես նշվում է, թե «Միջազգային իրավունքի այնպիսի սկզբունքները, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը հրամայական են Վրաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում եւ Մոլդովայում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար»:

«Վարձկանների աջակցությամբ եւ արտաքին զինուժի միջամտությամբ զինված անաջատողականությունը Կոնգրեսի հիմնարար դրույթների հակադրությունն են...», նույն դրույթի տակ ամրագրվել է հռչակագրում:

Երեւի թե դեռ պետք է շնորահակալ լինել, որ հռչակագրի վերջին` 9-րդ դրույթում Արցախը չի նշվում, մինչդեռ նշվում է, որ Ղրիմում, հարավային Օսիայում ու Աբխազիայում, Մերձդնեստրում եւ Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցող եւ ունեցած իրադարձությունները հակասում են այն ամենին, ինչի համար պայքարում է Եվրոպայի տեղական իշխանությունների կոնգրեսը:

Ակնհայտ է, որ Եվրոպայում հակահայկական տրամադրություններ են բարձրացվում կամ բարձրանում` ինչպես Ադրբեջանի ֆինանսավորմամբ, այնպես էլ միջազգային հանրության տիրույթում Հայաստանի վերջին դիրքորոշումների ու կողմնորոշման հետեւանքով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ