RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014



Տեղադրվել է` 2014-10-24 19:50:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2049, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 8

«ԱՆՄՈՌՈՒԿԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ»

ՍԱՄՎԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Մոտենում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը: Հսկայական անելիքներ կան տեղեկատվական դաշտում: Վերջերս Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հանգամանորեն ներկայացրեց բոլոր այն պլանները, որոնք տարելիցի միջոցառումների օրակարգում են: Ընդգծենք կարգախոսըՙ «Հիշում եմ եւ պահանջում»: Իհարկե, արդեն մեկ դար էՙ հայ ազգը տարբեր ամբիոններից ու միջազգային հարթակներից հայտարարում է, որ չի մոռացել: Գալիք տարում մի փոքր ուրիշ կլինի. մենք լռությամբ կհարգենք միլիոնավոր անմեղ նահատակների հիշատակը, իսկ մեր փոխարեն կխոսի... անմոռուկը (forget-me-not): Սրանք երկու կարեւոր տարրերն են, որոնց ասելիքը մեր մեկդարյա պահանջն է: Բայց սովորական դարձած մի երեւույթ ծառս եղավ այս հարցի շուրջ. մինչ նախագծի հեղինակները մամուլի ասուլիսներում բացատրում էին, որ անմոռուկ ծաղիկը աշխարհի տարբեր լեզուներով նույն իմաստի թարգմանությունն ունի, առաջացավ ըմբոստացողների բանակ: Նրանք չվարանեցին իրենց հերթին պրպտել բառարաններն ու հակասելՙ ֆրանսերենով էլ այդ ծաղիկը «myosotis» է կոչվումՙ մկան ականջ: Բառախաղերը մի կողմ: Ո՞վ էր այն առաջինը, որ հայտարարեցՙ անմոռուկը տարիներ շարունակ եղել եւ մնում է մասոնական շարժման խորհրդանիշ: Հայտարարեց ու ալեկոծեց ընդդիմախոսների բողոքը:

Հիշեցնենք, որ շատ ավելի վաղ ձեւավորվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով: Այն հայտարարել էր խորհրդանիշների մրցույթ, որում հաղթող ճանաչվեց «Շարմ» ընկերությունը: Մի խումբ բանախոսներ ու լրագրողներ փորձում են հաղթանակը կապել քաղաքական էլիտայի շրջանում խնամիական կապերի հետ: Բայց հանձնաժողովը վստահեցնում էՙ ամեն ինչ կատարվել է անաչառ: «Շարմ»-ը ունեցել է երեւակայությունՙ ծաղկի հինգ պսկաթերթերը նույնացնելու այն հինգ մայրցամաքների հետ, որտեղ Ցեղասպանությունից հետո հանգրվանեցին մազապուրծ հայերը: Ծաղկի չորս հիմնական գունային բաղադրիչները եւս խորհրդանշական են: Մեջտեղում դեղինով պատկերված են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշող տասներկու մույթեր: Ինչեւէ, անմոռուկը մասոնական է, թե՞ ոչՙ այլեւս կարեւոր չէ, որովհետեւ արժանացել է թե՛ նախագահականի, թե՛ Մայր աթոռի հավանությանը: (*)

Արդեն ասացինք, որ հարյուրամյակի հիմնական գործողությունները դուրս են գալու տեղեկատվական ասպարեզ: Կարեւոր է Փի Ար ասվածը: Սրա շրջանակներում է պատրաստվել եւ շարունակում են պատրաստվել նշված ծաղկի տեսքով կրծքանշաններ, իսկ գույներովՙ ժապավեններ: Թողարկվելու են երկգույնանիՙ սեւ ու սպիտակ պաստառներ: «Առաջինը, որպես սգո եւ հիշատակի օրվա նշան, օգտագործվելու է Ապրիլի 24-ին, երկրորդըՙ ամբողջ տարվա կտրվածքով»,- ասվում է «Շարմ» ընկերության տեղեկատվական տեսանյութում: Դժվար է ըմբռնելՙ ինչ է նշանակումՙ ամբողջ տարվա կտրվածքով, եւ ինչպես են հեղինակները պատկերացնում պաստառի տարեկան օգտագործման մեխանիզմը:

Իհարկե, տեսանելի է այն աշխատանքը, որ տարվում է նախապատրաստական փուլում: Արդյունքների մասին դատելու համար վաղ է: Թե ինչ տպավորություն կթողնի այս ամենը աշխարհի վրա, զրուցեցինք «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ Աստղիկ Ավետիսյանի հետ.

- Եթե խորհրդանիշներին հանրային կապերի տեսանյունից նայենք, ապա գույնի եւ սիմվոլի ընտրությունը մասնագիտորեն ձեւակերպված ու արդարացված է: Իսկ այդ ծաղիկը միշտ ունեցել է իր յուրահատկությունը: Կապ չունիՙ այն ինչպես է ընկալվել, որովհետեւ այսօր արդեն կընկալվի այնպես, ինչպես մենք կներկայացնենք:

Ինչ խոսք, շատ ավելի մեծ Փի Ար է սպասվում արտաքին քաղաքականության դաշտում: Իսկ ժամանակն ինքը ցույց կտաՙ տապալված «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո որքանով հաջողված կլինի «անմոռուկի դիվանագիտությունը»: Եթե թուրքերը ծնկեցին, ուրեմն հաղթանակը մերն է, եթե ոչՙ գրողի ծոցը ծնկեն...

(*) Ավելացնենք մեր, ավելի շուտՙ մեր թերթի փարիզաբնակ բարեկամներից մեկի նկատողությունըՙ «Եվրոպայում եւ Մ. Նահանգներում մասոնականությունը այլեւս մոդա չէ. փոխարենը մոդա է «գեյ»ականությունը»: Ծ.Խ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ