RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014



Տեղադրվել է` 2014-10-24 19:50:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1148, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԿՈՂՄՆՈՐՈՇՎԱ՞Ծ, ԹԵ՞ ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

2014 թվի հոկտեմբերի 10-ը կարեւոր թվական է մնալու Հայաստանի համար, քանի որ այդ օրը երկու նշանակալի իրադարձություններ տեղի ունեցան հանգամանքների ոչ անպայմանորեն պատահական զուգադիպությամբ: Առաջինը Մինսկում Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու պայմանագրի ստորագրումն էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից եւ երկրորդը Երեւանի Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի անցկացումը: 2013-ի սեպտեմբերին Եվրոմիության (ԵՄ) հետ բանակցությունները ընդհատելուց հետո, Հայաստանը Ռուսաստանի առաջնորդությամբ եւ Բելառուսի ու Ղազախստանի աջակցությամբ հիմնված վերոնշյալ տնտեսական միության դռանը սպասողական դրության մեջ էր: Չնայած Հայաստանը հարկադրաբար էր հրաժարվել Եվրոմիության հետ իր տնտեսական կապերից, նա չէր կարող Մաքսային Միության հիմնադիր անդամներից մեկը դառնալ: Փոխարենը, Երեւանը ստիպված էր սպասել 13 ամիս միանալու համար անորոշ հեռանկարներով այդ նորաստեղծ կառույցին: Հակառակ այդ երկբայական պայմաններին, ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքում ելույթ ունեցողները ընդունեցին, որ Հայաստանը անխուսափելիորեն պետք է կատարեր այդ քայլը: Դա Հայաստանի վերակողմնորոշումն էրՙ Եվրոպայից հեռու եւ ավելի մոտիկ Ռուսաստանին:

Հայաստանի ճակատագիրը պայմանավորված է որոշակի գործոններով, որոնք չեն կարող փոփոխության ենթարկվել գործող կամ նոր վարչակազմերի կողմից: Դրանցից մեկը դեպի ռուսական աշխարհառազմավարական կողմնորոշումն է, որ պարտադրված է պատմական հարաբերություններով եւ աշխարհագրական մերձավորությամբ: Մյուսըՙ Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակումն է, որ խեղդում է երկիրը եւ սպառնում նրա ապագային: Երրորդ գործոնը արտասահմանում ապրող հայերի դրամական օժանդակությունն է Հայաստանի իրենց ընտանիքներին: Ներկայիս դա հարատեւորեն նվազում է, եւ մի օր կարող է ճգնաժամային աստիճանի հասնել:

Չորրորդ եւ վերջին գործոնը կոռուպցիան է, բնորոշ բոլոր նախկին խորհրդային հանրապետություններին: Որեւէ առանձին երկիր չի կարող թոթափել այն, քանի որ ամբողջ տարածաշրջանն է վարակված դրանով: Միխեիլ Սաակաշվիլին փորձեց արմատախիլ անել այն Վրաստանումՙ իր նախագահության օրոք, եւ այժմ նրան հետապնդում են Թբիլիսիի նոր իշխանությունները: Այնպես որ, ինչքան էլ անախորժ հնչի, կոռուպցիան վերահսկելը հնարավոր չէ, հատկապես աղքատ երկրներում: Սա չի նշանակում, որ երկիրը պետք է դադարի դրա դեմ պայքարելուց: Բայց նշանակում է, որ ոչ մի ընդդիմադիր ուժ չի կարող, ինչքան էլ բարձրաձայնի, դրա դեմն առնել մի գիշերվա ընթացքում:

Եթե Հայաստանի արտաքին քաղաքականության վերակողմնորոշման գործում արտաքին ուժերն են դերակատարություն ունենում, ապա ներքին քաղաքականության ձեւավորման գործում նշանակալի ավանդ կարող է ունենալ քաղաքական ուժերի փոխադարձ ներգործությունը, բայց, դժբախտաբար, մինչ օրս այդ ներգործությունը միայն ապակողմնորոշման է առաջնորդել երկիրը:

Նախագահական եւ խորհրդարանական վերջին ընտրությունների ընթացքում Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը կարողացավ հաղթանակել: Ընտրությունները, որոշ վերապահումներով, ընդունելի համարվեցին նաեւ միջազգային դիտորդների կողմից: Ընտրված մեթոդը ծանոթ էր: Այդ ձեւը նախորդ վարչակազմերն էին օգտագործել եւ հավանաբար ապագայում ամեն մի քաղաքական ուժ օգտագործելու է:

Խնդրո առարկան Սուրիկ Խաչատրյանին վերստին Սյունիքի կառավարիչ նշանակելն է, հակառակ կրիմինալ կապեր ունենալու նրա կենսագրությանը: Նախկինում նման նշանակումներ եղել էին նաեւ Շիրակում եւ այլուր: Քանի նման «արքայազները» քվեներ են կարողանում ապահովել, ապա նրանք կարող են որեւէ օրենք խախտել եւ մնալ անպատիժ:

Ընդդիմությունը իրավացիորեն կարող է ահազանգ հնչեցնել եւ ներկա վարչակազմը անվանել «կրիմինալ» եւ «օլիգարխիային», սակայն, եկեք հիշենք, թե քանի քաղաքական սպանություններ տեղի ունեցան Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք: Իսկ Ռոբերտ Քոչարյանի (որն սպասում է դարձյալ քաղաքական ասպարեզ մուտք գործել) պաշտոնավարության ժամանակաշրջանը ապականվեց խորհրդարանական եւ մարտիմեկյան սպանություններով:

Վերջին ընտրությունների ընթացքում եւ դրանից հետո շատերը դուրս եկան Տեր-Պետրոսյանի ՀԱԿ կոալիցիայից, զգալիորեն թուլացնելով այն, բայց նա չհուսահատվեց եւ շարունակեց սիրաշահել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, հայտնի օլիգարխին, որը մի ժամանակ մաս էր կազմում Ս. Սարգսյանի Հանրապետական կուսակցության կոալիցիային: Նա հետզհետե շրջվեց դեպի ընդդիմադիրների կողմը եւ հոկտեմբերի 10-ը կարելի է համարել որպես հաղթանակի օր Տեր-Պետրոսյանի համար, քանի որ Ծառուկյանը մասնակցում էր հանրահավաքին, առավել եւս, որ բազմության մեծ մասը վերջինիս կողմնակիցներն էին: Տեր-Պետրոսյանին հաջողվեց նաեւ սիրաշահել Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությանը որպեսզի կազմի «հրաշալի» եռյակը ընդդիմադիր կուսակցությունների: Եռյակը կարող է «հրաշալի քառյակի» վերածվել, եթե ՀՅԴ-նՙ Դաշնակցությունը ի վերջո որոշի միանալ: Իշխող կուսակցությունը դեսպանության եւ այլ հրապուրիչ պաշտոններ է առաջարկել ՀՅԴ-ին, որպեսզի նրան կարողանա պահել իր ձեռքերում: Այդ պատճառով է, որ կուսակցությունը չմասնակցեց հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, որտեղ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե «հասկանում ենք եւ հարգում նրանց դիրքորոշումը», հակառակ այն փաստին, որ իր նախագահության ժամանակ նա բանտարկել էր ՀՅԴ առաջնորդներին, հետապնդել նրա անդամներին եւ քարուքանդ արել նրա հրատարակչական կարողությունը:

Հոկտեմբերի 10-ի եւ դրանից առաջ շրջաններում կազմակերպված հավաքներին մեծ թվով մարդիկ մասնակցեցին եւ դրանք անցան առանց միջադեպերի, ինչը ապացուցեց, որ հակառակ որոշ պնդումների, Հայաստանում բռնություն չկար: Այլապես 10 հազար մարդ չէր կարող մի վայրում հավաքվել եւ պահանջել «կրիմինալ օլիգարխներից» հրաժարվել իշխանությունից եւ կամ տեսնել «Հայաստանն առանց Սերժիկի»: Ելույթներում հնչած մյուս թեմաներն էին աղքատությունը, կաշառակերությունը, արտագաղթը եւ անօրինականությունը, որոնք մշտապես մարդկանց մտքերում են:

Տեր-Պետրոսյանը խոստացավ շարունակել արշավը կարգապահ ձեւովՙ հիմնված քաղաքացիների սահմանադրական իրավունքների վրա: Արամ Մանուկյանը վիճակագրական տվյալներ ներկայացրեց երկրում տիրող ծանր կացության վերաբերյալ եւ նշեց պատճառները, թե ինչու են հոծ թվով քաղաքացիներ լքում իրենց հայրենիքը:

Ընդդիմությունը 12 կետից բաղկացած բարեփոխումների պահանջ էր ներկայացրել կառավարությանը: Եթե առողջ ընդդիմություն ձեւավորվի, որ կարողանա քաղաքական գետնի վրա պայքար մղել, ապա երկիրը միայն կշահի դրանից: Բայց ճակատագրի հեգնանքն այս դեպքում այն է, որ նախագահական թեկնածուներից մեկըՙ Գագիկ Ծառուկյանը ճանաչած օլիգարխ է, ըմբիշի պահվածքով: Մյուս կողմից, սակայն, եթե նախկին ըմբիշ Ջեսի Վենտուրան կարող էր դառնալ Վիսկոնսինի (ԱՄՆ) կառավարիչ, ապա ինչո՞ւ Ծառուկյանը չի կարող դառնալ նախագահ:

Վերադառնալով եվրասիական տնտեսական պայմանագրին, պետք է նշել, որ առնվազն երկու կարեւոր հարց հուզում է բոլորին, անկախ քաղաքական հայացքներից: Մեկը տնտեսական հեռանկարներն են: Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը 2-3 տոկոսի անկում է տեսնում Ռուսաստանից կատարված դրամական փոխանցումների (տրանսֆերների) ասպարեզում, մինչդեռ Հայաստանը աճ արձանագրելու համար կարիք ունի 10 տոկոսով ավելի փոխանցումների: Մյուս առավել սպառնալից խնդիրը, ըստ Ասատրյանի, այն է, որ 3 տոկոսի տնտեսական աճի դեպքում հնարավոր չէ ոչ մի սոցիալական հարց լուծել: Երեք տոկոսի աճը նույնիսկ խթանելու է արտագաղթը: Եթե Հայաստանը ցանկանում է պահել ներկայիս սոցիալական վիճակը, պետք է կարողանա ապահովել 6-8% տնտեսական աճ, ինչը անհավանական է: Նրա կարծիքով մեր գլխավոր գործընկեր Ռուսաստանը, որի «ծոցն ենք գնում», ինքն էլ պատժամիջոցների բացասական ազդեցության ներքո, զրո տոկոս աճ է արձանագրելու: Այնպես որ, ներկա իրավիճակում թվում է, թե Հայաստանն իր տնտեսական ճակատագիրը կապում է խորտակվող մի նավի հետ, եթե անշուշտ որոշակի քաղաքական զարգացումներ չուղղեն կացությունը:

Երրորդ մտահոգիչ կետը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է: Ղազախստանի նախագահ Նազարբաեւը ձգձգեց Հայաստանի անդամակցության հարցըՙ պնդելով (եւ դրանով իսկ հաճոյանալով Ադրբեջանի նախագահ Ալիեւին), որ վերջինս կարող է միանալ միայն իր «միջազգայնորեն ճանաչված սահմաններով», այսինքնՙ բացառելով Լեռնային Ղարաբաղը: Նման հարց չառաջացավ Ռուսաստանի եւ Ղրիմի պարագայում: Քանի որ պայմանագիրը ստորագրել է Հայաստանը, բացատրություն չկա առայժմ, որ մաքսային դրությունը գործելո՞ւ է Հայաստան-Ղարաբաղ սահմանագծում, թե՞ ոչ: Միայն Ալիեւն է ոգեւորված, հույս ունենալով, որ եթե եւ երբ Ադրբեջանը միանա այդ միությանը, անդամ երկրները Բաքվին կընդունեն Ղարաբաղի տարածքով միասին:

Ինչպես տեսնում ենք, խնդիրները բավականաչափ են եւ վեր որեւէ կուսակցության լուծելու հնարավորություններից: Կառավարող կուսակցության եւ ընդդիմության միասնականությամբ եւ համաձայնեցած ջանքերով միայն կարելի է հասնել որոշակի արդյունքների: Այլապես ոչ ոք չի կարող վստահորեն բնորոշել, թե Հայաստանը վերակողմնորոշմա՞ն, թե՞ ապակողմնորոշման կուրսն է ընտրել:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ