RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014



ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ՆՐԱ

Տեղադրվել է` 2014-10-24 19:50:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1327, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՍՈՍԸ ԵՐԿՈՒ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՐ. ԱՐՑԱԽԸ ԵՎ ԹԱՏՐՈՆԸ

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Քառասուն տարի ամուր բարեկամությամբ կապված էինք Սոսի հետ: Սոս Արտաշեսի Սարգսյանի: Ինչ-որ առիթով ասաց, թե ինքն ինձ ավելի հաճախ է զանգում, քան ես իրեն: Պատճառը ներկայացրիՙ «Լիտերատուրնայա գազետա»-ի իմ հրապարակումները: Ընդհանուր առմամբ, իրոք, այնպես էր ստացվել, որ մեր այսպես ասածՙ կենդանի շփումը զիջում էր հեռախոսայինին: Գուցե այդ սովորությունն էր «Կիլիկիա» եւ «Արմենիա» նավերի անձնակազմերի հետ Սոսի հեռախոսային անվերջանալի խոսակցությունների նախապատճառը: Այդ մասին ես մանրամասն պատմել եմ Եվրոպայի եւ աշխարհի շուրջ մեր ճամփորդություններին վերաբերվող գրքերում... Եվ ահա թե ինչի վրա առանձնահատուկ ուշադրություն դարձրինք. Սոսի հետ կանոնավոր խոսակցությունն ինքնին բարձրացնում էր անձնակազմի ոգին: Համենայն դեպս, երբ ոչ երկար ժամանակով կապը դադարում էր, զգում էինք ոչ միայն Սոսի զրույցների, այլեւ նրա զարմանալի ձայնի կարիքը: Հայկական առագաստանավերի վրա Սոսի հետ հեռախոսային շփումներին ես դեռ կանդրադառնամ, իսկ առայժմ խոստովանեմ, որ այսօր նստեցի գրասեղանիս մոտ, որին դրված են արդեն արխիվային դարձած մի ամբողջ կույտ թղթեր ու հուշատետրերՙ ընկերոջս մասին արված գրառումներով: Այն մարդու, որը սիրում էր կյանքը եւ «հարգում մահը»: Չակերտների մեջ վերցրել եմ Սոսի բառերը:

Այո, վերջին տարիներին, վերջին ամիսներին նա մահվան մասին խոսում էր կատարյալ հանգստությամբ եւ, իրոք, որոշակի հարգանքով: Նման դեպքերում ես ամեն անգամ փորձում էի փոխել թեման, բայց բոլոր փորձերն ապարդյուն էին:

Ամեն անգամ բաժանվելուց հետո, տաք հետքերով, ես գրի էի առնում նրա շատ մտքեր հուշատետրում, պատահում էրՙ նույնիսկ անձեռոցիկի վրա: Սոսը միշտ լիակատար հանգստության մեջ էր, հաճախ ժպիտը դեմքին: Եվ ես, շատ էր պատահում, ինքս ինձ հարց էի տալիս, թե արդյոք նրա մասին չէին չափազանց վաղուց անգլիացի գիտնական Ֆրենսիս Բեկոնի ասած բառերը, որը դեռեւս 16-րդ դարում փորձեց արծարծել մահվան թեման, եթե չասենքՙ փիլիսոփայությունը. «Նկատեք, թե որքան քիչ է ազդում մահվան մոտենալը ոգով ուժեղների վրա, քանզի նրանցից յուրաքանչյուրը մինչեւ վերջ հավատարիմ է մնում ինքն իրեն»:

Նա ոչ միայն անհարմար, այլեւ ինչպես ես էի ընկալում, չափազանց վատ էր զգում, տեսնելով, թե ինչպես են բժիշկներն ամեն օր պտտվում իր շուրջ, եւ դա այն դեպքում, երբ բուն բժիշկների հանդեպ մեծագույն հարգանք էր տածում: Մահից ոչ շատ առաջ նա ֆանտաստիկ կամքով ու համառությամբ ժողովեց վերջին ուժերը, ինչպես ասում ենՙ իրեն բուռը հավաքեց եւ վերջին անգամ այցելեց Արցախ, որտեղ փայլուն ելույթ ունեցավ գինու գավաթը ձեռքին, դահլիճի մեռյալ լռության մեջ: Երբեք չեմ մոռանա, թե ինչ երջանիկ դեմք ուներ իմ ընկերն այդ օրը:

Մահվան բառացիորեն նախօրեին ես երկար նստեցի Սոսի մահճակալի մոտ Նա երկար խոսում էր Ղարաբաղի մասին եւ հանկարծ անցավ իր կրքոտ երազանքին, որն ընդհանուր էր դարձել երկուսիս համար: Խոսքը Երեւանում թատրոն կառուցելու մասին էր: Նա այդպես էլ ասաց. «Երկու երազանք, երկու ճակատագիր. Ղարաբաղը եւ իմ թատրոնը»:

Սեպտեմբերի 26-ի վաղ առավոտյան զանգեց նրա կինըՙ Նելլին եւ հազիվ լսելի ձայնով արտաբերեց. «Նա գնաց»: Բավական երկար դադարից հետո ինքս էլ մեծագույն ջանքով պատասխանեցի. «Գնաց, որպեսզի մնա»: Ի դեպ, այդպես էի վերնագրել Հետմահու ակնարկն անմոռանալի Սիլվա Կապուտիկյանի մասին, որը գրել էի «Կիլիկիա» առագաստանավում: Բանաստեղծուհու մահվան լուրն առանք երբ ծովում էինք:

Բոլորովին վերջերս ողջ հայությունով նշեցինք Սոսի մահվան մեկ տարին: Շատերը, ասես պայմանավորված, կրկնում էին նույն բանը. «Մի՞թե արդեն մի ամբողջ տարի է անցել: Թվում է, թե երեկ պատահեց դա...»: Ինչ վերաբերում է ինձ, ապա ընդհանրապես ինձ թվում է, որ նա բոլորովին էլ չի մահացել: Ավելին, հաճախ եմ մտածում, թե բոլորովին վերջերս էր, որ մենքՙ «Արմենիա» առագաստանավի անձնակազմով շնորհավորեցինք Սոսին իր ութսունամյակի կապակցությամբ: Այն ժամանակ, հինգ տարի առաջ, ես արբանյակային հեռախոսով նրա համար կարդացի իրեն նվիրված բանաստեղծությունը, գտնվելով Ատլանտյան օվկիանոսում: Ավ այսօր չեմ հավատում, որ արդեն ամբողջ հինգ տարի է անցել: Ահա եւ որոշեցի, փորփրելով իմ արխիվները, հիշել այդ մարդու, մեր Սոսի բոլորովին էլ ոչ թե մահվան, այլ կյանքի մասին:

1990 թվականի սեպտեմբերի 9-ին Մոսկվայի «Մոսկվա» հյուրանոցում ես քաղաքական հացադուլ հայտարարեցի որպես բողոքի նշան Գորբաչովի կողմից Ղարաբաղում սահմանադրական իշխանության լուծարման դեմ: Հաջորդ օրը ինձ մոտ մտավ Սոսը եւ ամուր ու հաստատակամ տեղեկացրեց, թե ինքն էլ է հացադուլ հայտարարում: Ես կտրուկ դեմ էի հենց միայն այն պատճառով, որ նա ծխող էր: Նմանատիպ քաղաքական բողոքների համաշխարհային փորձը ցույց է տվել, որ ծխողները ծանր են տանում հացադուլը, եւ որ հայտնի են դեպքեր մահվան ելքով: Սակայն Սոսն ամեն օր համառորեն խնդրում էր ինձ: Ես համառորեն չէի համաձայնվում: Բայց պնդակող ընկերս հասավ իր ուզածին: Պարզապես նստեց հյուրանոցի իր համարում եւ հացադուլ հայտարարեց: Ստիպված հանձնվեցի: Դա արդեն սեպտեմբերի 14-ին էր: Նույն երեկո մեծ ու հաստափոր պայուսակով իմ համար մտավ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ, մեծ աստղագետ եւ ատղաֆիզիկոս Վիկտոր Համազասպի Համբարձումյանը: Նա ինձ նայեց այնպես, որ ես իսկույն հասկացաՙ այստեղ էլ եմ հանձնվելու: Առավոտյան ինձ հայտնի դարձավ, որ հացադուլին միացել են եւս մեկ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորՙ Վաչագան Գրիգորյանը եւ ԼՂԻՄ մարզխորհրդի նախագահ Սեմյոն Բաբայանը:

Ես բոլորովին էլ ինքնանպատակ կանգ չառա Ղարաբաղյան շարժման այդ դրվագի վրա: Բանն այն է, որ արդեն երկու օր անց Սոս Սարգսյանին այցելեց ռուս ականավոր արտիստ Կիրիլ Լավրովը, որը հատուկ եկել էր Լենինգրադից: Ամբողջ երկու ժամ Կիրիլ Յուրեւիչը նստեց Սոսի մոտ վեցերորդ հարկում եւ ապա բարձրացավ իմ ու Համբարձումյանի 13-րդ համարՙ տասերորդ հարկում:

Լավրովի հետ զրույցի ընթացքում խոսք գնաց Սոսի մասին, եւ պահը որսալով, Վիկտոր Համբարձումյանը, դիմելով ԽՍՀՄ ժողովրդական արտիստին, ասաց.«Պետք է հայտնեմ ձեզ, Կիրիլ Յուրեւիչ, որ մեր ողջ ժողովուրդը շատ է սիրում Սոս Սարգսյանին»:

- Իսկ ես գիտեմ, թե ինչու է ձեր ողջ ժողովուրդը սիրում նրան,- ասաց Լավրովը,- համոզված եմ, ոչ միայն ձեր ժողովուրդը, այլ առաջին հերթին ռուս եւ ընդհանրապես ողջ խորհրդային ժողովուրդն է սիրում նրան ոչ միայն այն պատճառով, որ հանճարեղ դերասան է: Ես հաճախ եմ մտորել այդ մասին եւ կարծես թե պարզել եմ այդ սիրո պատճառի բովանդակությունը: Գտել եմ Սոսի հանդեպ սիրո գաղտնիքի բանալին: Դա կուլտուրան է: Նրանից կուլտուրա է տարածվում շուրջը, որը ոչ միայն արտաքնապես է երեւան գալիս շփման ժամանակ, այլեւ ներքին, նույնիսկ խորքային բնույթ ունի:

Այդ երեկո մենք երկար խոսեցինք Սոսի մասին: Ես նույնպես ասացի իմ խոսքը: Եվ նույնիսկ քնից անմիջապես առաջ, դատարկ ստամոքսով (հացադուլի իններորդ օրն էր) ես առաջին հերթին հուշատետրում գրի առա Վիկտոր Համբարձումյանի եւ Կիրիլ Լավրովի զրույցը: Գիտեի, որ ինչ-որ ժամանակ պետք կգա քսաներորդ դարի երկու ականավոր անձանց ոչ միայն այդ հանդիպումը, այլեւ հատկապես այն, թե ինչ էին խոսում նրանք ոչ պակաս ականավոր մարդու, մեր հայրենակցի մասին:

Եվ ահա, կարծում եմ եկավ այդ ժամանակը: Չկա արդեն հայ մեծ գիտնականը, չկան հայ եւ ռուս ականավոր արտիստները: Բայց մնացել է իմ հիշողության մեջ այն հանդիպումը: Մնացել են Սոս Սարգսյանի մասին ասված բառերը: Բառեր սիրո եւ խորին հարգանքի:

Եվ այդ ամենի մասին ես մտածեցի այնօրը, երբ դուրս էի գալիս հիվանդանոցից, որտեղ բժիշկները փրկեցին մի մարդու, որն այնքան պետք էր մեզ: Մեր ժողովրդին: Մեր մշակույթին: Չէ՞ որ ես չէի կարող չհպարտանալ այն օրը, երբ ժողովուրդը նշում էր Վիկտոր Համբարձումնյանի 82-ամյակը: Երբ Կիրիլ Լավրովը գնահատական էր տալիս մեր Սոսին, օգտագործելով ոչ թե պարզապես բառ, այլ «կուլտուրա» տերմինը: Այդպես էլ ասաց. «Նրաՙ Սոսի մեջ ամեն ինչ գալիս է կուլտուրայից. եւ՛ այն, թե ինչպես է նա խոսում, եւ՛ այն, թե ինչպես է լսում, ինչպես է ծիծաղում, ինչպես է վիճում, ինչպես է բարկանում, ինչպես է պահում իրեն բեմում»: Բայց չէր հապաղում անպայման հավելել, թե ինչպես է մտածում Սոս Սարգսյանը, որը մշակույթին էր հանգեցնում ամեն ինչ, այդ թվում եւ մարդու ու մարդկության փրկությունը:

Սոսը երբեք չէր շփոթում կուլտուրան արտաքին փայլի հետ: Նույնիսկ բեմում եւ կինոյում բոլորովին տարբեր կերպարներ մարմնավորելով, ջանում էր մարդու մեջ ընդգծել ամենակարեւորը, ամենափրկարարըՙ մարդկայնությունը: Լիներ դա Մկրտիչը «Եռանկյունուց», թե Ֆեոֆան Պրոկոպովիչը «Միխայլո Լոմոնոսովից», թե նույնիսկ շեքսպիրյան Ջոն արքան: Բոլորովին չարհամարհելով հեղինակային մտահղացումը, նա ներսից ընդգծում էր աշխարհի սեփական ընկալումը իր հերոսի էության միջոցով: Այնպես որ Սոսի մոտ ավելի հաճախ խոսքը խաղի մասին չէր, այլ կյանքի:

Մենք այսօր ողջ աշխարհում խոսում ենք տնտեսական ճգնաժամի մասին, դրա էությունը նեղացնելով ընդամենը ֆինանսական ճգնաժամի շրջանակներում: Ընդ որում չի կարելի չտեսնել, որ արդեն ավելի ու ավելի հաճախ են խոսում այդ փորձանքի ժամկետի ավարտման մասին, որն այնքան սուր է ազդում մեր հանապազօրյա հացի խնդրի վրա: Բայց չգիտես ինչու քիչ են մտածում այն մասին, թե ողջ աշխարհի համար որքան վտանգավոր է վաղուց սկսված մշակութային ճգնաժամը: Հենց այդ մասին էր հաճախ խոսում Սոսն իր զրույցներում: Մնում է միայն նախանձել պլատոնյան եւ սոկրատյան ժամանակներին, երբ փիլիսոփայական շատ աշխատություններ ու հայտնագործություններ ստեղծվում էին զրույցների ընթացքում: Սոսը պարզապես հանճարեղ զրուցակից էր: Նրա մեջ ինչ-որ բան կար Էկզյուպերիից: Քանզի շփումը նրա հետ միշտ ուրախություն եւ երջանկություն էր: Իր պարզությամբ ու պատկերավորությամբ նա կարողանում էր ստիպել զրուցակցին հուզվել: Այդ նա էր, որ 1990 թվականի մարտի 5-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջանի ամբիոնից հնչեցրած իր ելույթում խոսեց Սումգայիթի եւ Բաքվի մասին, Ղարաբաղի ողբերգության ու ցավի մասին: Նա խոսում էր ոչ բարձր, բայց մեռյալ լռության մեջ (ելույթ էր ունենում առանց թղթի): Մի ինչ-որ պահի նա կանգ առավ եւ հազիվ թեքվելով նախագահության կողմը, որտեղ նստած էր ԽՍՀՄ նախագահ Գորբաչովը, արտաբերեց արդեն բարձրաձայն. «Մի՞թե դուք այդպես էլ չհասկացաք, թե ինչ է կատարվել եւ կատարվում մեր մեծ երկրում: Այդպես էլ չհասկացաք, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի սեփական, ինքնօրինակ մշակույթ եւ միայն միասնության մեջ ենք մենք ներկայացնում համամարդկային արժեքներ: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մենք մշակույթը սկսեցինք դիտարկել որպես վերնակցորդ, մինչդեռ այն հիմք է բոլորի եւ ամեն ինչի համար, այն մարդկային կյանքի էությունն է: Արդյոք դա չհանգեցրեց նրան, որ մշակույթ ենք համարում ընդամենը, ասենք, շեքսպիրյան կրքերը բեմում կամ քանդակների կախարդական գծերն ու ձեւերը: Այնինչ մշակույթի հիմքում ընկած է գթասրտությունը, որի բացակայությունն էլ հանգեցրեց Սումգայիթի, իսկ հիմա ահաՙ նաեւ Բաքվի»:

Ես երբեք չեմ մոռանա այդ րոպեները: Նիստերի Կրեմլյան դահլիճում քար լռություն էր իշխում, քանի դեռ Գորբաչովը մի ինչ-որ ձայնարկությունից հետո ցածրաձայն ու բազմիմաստ արտաբերեց «Դա՜-ա»:

Սոսը, հաճախ հիշատակելով, որ հայ թատրոնի պատմությունը գալիս է դարերի խորքից, եւ որ Հայաստանը մեծ դերասանների հայրենիք է, անպայման ավելացնում էր. «Ասես հայկական արյան հենց բուն կազմում դեպի թատրոնը ձգող մի ինչ-որ բան կա»: Նա գտնում էր, որ ոչ թե մտավորականությունը, այլ ողջ ժողովուրդն է իր դերասաններին ընկալում որպես ազգային ոգու մարմնավորում:

Ճիշտ էր ասում: Մի կողմ թողած կեղծ համեստությունը, խոսում էր նաեւ իր մասին: Մանավանդ երբ թեման ոգին էր: Ես երջանիկ էի, երբ ղարաբաղյան դժնդակ տարիներին համոզվեցի, որ այն ժամանակ Գարեգին Նժդեհը ամենից շատ մեջբերվող մեր հայրենակիցն էր: Այդ նա էր գտնում, որ ոգին գործուն զենք է: Եվ երբ մեծ զորահրամանատարն ու փիլիսոփան, ես կասեի նաեւՙ հրապարակախոսը, պարզապես պարտավորեցնում էր մեզ բոլորիս շարքեր կազմել եւ մարտն սկսել նրանից, որ ինքդ քո մեջ հաղթես սեփական պարտությունը, հաղթահարես ինքդ քեզ, մենք հասկացանք, որ վրա է հասել մեր ժամանակը:

Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից Սոսը, լեգենդար Սիլվայի նման մտավ պայքարի շարքեր:

Քչերն են այսօր հիշում, որ արդեն մի քան օր անց այն բանից, երբ սումգայիթյան հաշմված փախստականների հոսքը թափվեց Երեւան, Սոսն իր բնակարանը վերածեց իսկական շտաբի: Նելլիի հետ այն ժամանակ ապրում էր Սուրբ Սարգիս եկեղեցուց ոչ հեռու:

Ամեն օր վաղ առավոտից նրա դռան մոտ հերթ էր գոյանում: Սումգայիթցի փախստականները լուռ խռնվում էին բակում: Սոսի եւ տաղանդավոր նկարիչ Սարգիս Մուրադյանի հետ սկզբում այցելեցինք Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանին, ապա ուղղվեցինք Էջմիածին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի մոտ: Հաջորդ օրը Էջմիածինը Պետական բանկի հաշվին փոխանցեց ավելի քան երկու միլիոն ռուբլի (այն ժամանակ դա ահռելի գումար էր): Մի քանի ուսանողներ կամովին ցանկություն հայտնեցին աշխատել Սոսի շտաբում: Յուրաքանչյուրի սեղանին համակարգիչ էր դրված: Գրի էին առնում անունները, անձնագրերի համարները, հանձնում ստացականներ, որոնք նախապես մեզ ուղարկում էին բանկից: Դա շարունակվեց մի քանի ամիս: Շուտով Ֆադեյ Սարգսյանը հասավ ամենագլխավորին. ԽՍՀՄ-ի տարբեր տարածաշրջաններից նրա խնդրանքով մեզ ուղարկեցին ֆիննական տնակների ահռելի քանակի կոմպլեկտներ, որոնք իսկույն ուղարկեցինք Ստեփանակերտ: Մի քանի անգամ Սոսի եւ Սիլվա Կապուտիկյանի հետ մեկնեցինք Արցախի մայրաքաղաք եւ տեսանք, թե ինչպիսի բուռն աշխատանք էր տանում այնտեղ Ստեփանակերտի քաղաքապետ Մաքսիմ Միրզոյանը: Կարճ ժամկետում նա համենայնդեպս կարողացավ քաղաքում կառուցել մի ողջ թաղամաս, որն այդպես էլ կոչվում էՙ Սումգայիթյան: Եվ այդ ամենի մեջ կար Սոս Սարգսյանի ոգին: Նրա տան դռանը ինչ-որ մեկն այն ժամանակ կավճով գրել էր բառեր Սողոմոնի առակից. «Ավերված անպարիսպ քաղաքը նույնն է, թե մարդըՙ ոգուց զուրկ» (Հին Կտակարան):

Ես բոլորովին չեմ կասկածում, որ ճակատագիրն Աստծո կամքով ինձ մոտեցրեց Սոսին: Հիմա, երբ նա այլեւս չկա, չափից ավելի լավ գիտեմ, թե որքան պետք էր մեր ժողովրդին նրա ոգին: Չէ՞ որ դեռ վաղուց է ասված, թե աղեղը կոտրվում է լարումից, իսկ ոգինՙ թուլանալուց: Դրանում ինքըՙ Սոս Սարգսյանը համոզեց մեզ բոլորիս, հանճարեղաբար մարմնավորելով Ձորի Միրոյի եւ Նահապետի կերպարները:

Մի ողջ տարի է, ինչ Սոսը մեզ հետ չէ: Այդ ընթացքում մենք իմացանք, որ նրա կյանքը անչափելիորեն վսեմ էր: Այդ հավանաբար նրա մասին է ասել հին աշխարհի իմաստունը. «Միակ բանը, որ հիրավի վեհացնում է մարդկային կյանքը, դա ուրիշի կյանքը սեփական կյանքից ավելի սիրելու կարողությունն է»: Նա հեռացավ, թողնելով իր կյանքի պես վսեմ, ես կասեիՙ խորապես մտահղացված երազանքՙ Սոսի թատրոնի մասին: Ցավոք, չհասցրեց իրագործել: Ահա թե ինչի մասին պետք է մենք մտածենք այսօր: Եվ մտածել գործուն կերպով, ինչպես միշտ անում էր ինքը: Մեծ դերասանը, մեծ մարդը, որի համար չկար այլ երջանկություն, բացի կատարված պարտքի վեհությունից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ