RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014



Հավրեզի (իրաքյան Քուրդիստան)

Տեղադրվել է` 2014-10-24 19:50:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1439, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՄՈՒՐԱԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՄԵՆՔ, ՀԱՅԵՐՍ, ԿՌՎԵԼՈՒ ԵՆՔ ԱՌՅՈՒԾԻ ՆՄԱՆ...»

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ

Իրաքյան Քուրդիստանի ամենասիրուն քաղաք Դհոկից 45 րոպե հեռավորության վրա են գտնվում 1928 թ.ին Լեւոն Փաշա Շազոյանի կողմից կառուցված, ծագումով Վանի հայերից կազմված բնակչությամբ, Հավրեզ, Ավզրուկ եւ Իշֆկենդեր գյուղերը: 1975 թ.ին, քրդերի հետ համագործակցության մեջ կասկածվող գյուղերի շարքին, այս երեք հայկական բնակավայրերի բնակիչները դարձյալ տարագրվել են Մուսուլ, Բասրա, Բաղդադ եւ այլ քաղաքներ: 2006-ին Իրաքյան Քուրդիստանի ստեղծումից հետո, հայազգի նախկին փոխ-վարչապետ եւ էկոնոմիկայի նախարար Սարգիս Աղաջանը, վերակառուցել է հայկական գյուղերը, ուր որպես գյուղապետ ընտրվել է իրաքյան բանակի նախկին սպա, ռազմական մեծ փորձ ունեցող Մուրադ Վարդանյանը: Կյանքը իր նորմալ հունով էր ընթանում այստեղ, երբ երկու տարի առաջ այցելել էինք Հավրեզ, Ավզրուկ եւ Զախո, որտեղ հարցազրույցներ էինք անցկացրել եզակի հայրենասիրությամբ «զինված» հայ ղեկավարների հետ:

Վերջին ամիսներին սակայն, «ԴԱՀԵՇ»ի ու «Ջեբհեդ ալ-Նուսրա»ի ոճրագործ հրոսակախմբերի փորձերըՙ ներխուժելու Իրաքյան Քուրդիստան, ցեղասպանություն եւ կոտորածներ իրականացնելով եզիդիների եւ այլ փոքրամասնությունների նկատմամբ, համընդհանուր զորաշարժի ենթարկեց ազատատենչ երկրամասը: Քաջ իմանալով, թե «միայն զենքով կա հայոց փրկություն» եւ անսալով Խրիմյան Հայրիկի խորհրդին թեՙ «երկաթ սիրեցեք, հայեր», Դհոկի նահանգի հայերը, անսահման օգնությամբը Իրաքյան Քուրդիստանի Ազգային ժողովի պատգամավոր Երվանդ Ամինյանի, Սուրբ Ներսես Շնորհալի տաճարի հոգեւոր հովիվ տեր Մասիս քհն. Շահինյանի, կարողացան օգնել հայ ազգաբնակչության ինքնապաշտպանությունը կազմակերպելու, միաժամանակՙ օգնելով իրենց եզդի եղբայրներին, որոնք 1915 թ. Ցեղասպանության տարիներին հազարավոր հայ որբեր փրկեցին Սինջարի լեռներում եւ Շինկալում:

Մեր հանդիպումը Հավրեզում, հայկական ինքնապաշտպանության ջոկատի հրամանատար Մուրադ Վարդանյանի եւ զինակիցների հետ, շատ ջերմ էր:

- «Մենք հայ ազգի մեծ զավակ Լեւոն Փաշա Շազոյանի թոռներն ու իր գործը շարունակողներն ենք: Մենք հայերս, արծիվների եւ առյուծների մեջ ենք ծնվել ու մահանալու ենք առյուծի նման...:

Դժբախտաբար, բազմաթիվ քրիստոնյա գյուղերի բնակիչները, «ԴԱՀԵՇ»ի նման ծայրահեղ իսլամիստ ոճրագործներից սարսափած, թողեցին իրենց տները եւ փախուստի դիմեցին: Մենք, շրջակա գյուղերից հայ երիտասարդներին զինվորագրեցինք, մեր միջոցներով զենք եւ փամփուշտ գնեցինք ու գնացինք անարգ թշնամուն ընդառաջՙ նախքան որ նրանք մոտենան մեզ: Իրաքյան Քուրդիստանի կառավարության կողմից մի պատվիրակություն մեզ այցելեց ու շնորհակալություն հայտնեց այս խիզախ քայլին համար...: Քրդերը մեզ տղամարդու նման հարգում են ու օգնում ամեն ինչում...: Կցանկանայինք սակայն, որ Իրաքում Հայաստանի դեսպանը կամ որեւէ դիվանագետ հիշեր մեր պատվաբեր գոյությունը եւ այցելեր Հավրեզ կամ Դհոկ: Թուրքերը մի ամբողջ պատվիրակություն էին ուղարկել տեղահանված թուրքմեն փախստականներին որպես նեցուկ...»,- իրենց ոդիսականը պատմեց հրամանատար Մուրադ Վարդանյանը:

Խոստանալով իրենց պատգամը փոխանցել ամբողջ աշխարհի հայերին, ակամա հրաժեշտ ենք տալիս Իրաքյան Քուրդիստանի հայազգի հերոսներին, շուտով հանդիպելու խոստումով:

Դհոկ -Հավրեզ-Երեւան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ