RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014



Տեղադրվել է` 2014-10-24 19:50:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1542, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՈՒՇԱԳՐԱՎ ԴՐՎԱԳՆԵՐ ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻՑ

ՌՈՄԻԿ ՀՈՎՆԱՆՅԱՆ, Վան-Վասպուրական հայրենակցական հ/կ նախագահ

Բեյրութում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի 1964 թվի սեպտեմբերի 10-ի համարում տպագրվել է Ֆրեզնոյում բնակվող պարոն Հ. Գինոյանի հուշագրությունը, որը հուշագիրը անձամբ լսել է Սողոմոն Թեհլիրյանից:

Ամերիկա մեկնելուց առաջ Սողոմոնը գնացել է Փարիզ, որտեղ հայկական գաղութը իր պատվին կազմակերպել է ճոխ ընդունելություն, որտեղ ներկա է եղել նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսըՙ Վազգեն Ա-ն:

Ընդունելությանը ներկա են եղել բազմաթիվ հայեր, որոնք հակառակ Սողոմոնի կամքի մոտեցել եւ համբուրել են նրա ձեռքը:

Մի պահ Վեհափառ Հայրապետը մոտենում է Սողոմոնինՙ համբուրում նրա ճակատը եւ ասում.

- Սողոմո՛ն, քո մատդ համբուրողները ավելի շատ էին, քան իմ աջս համբուրողները:

Ապա, դիմելով ներկաներին, հայտարարում.

- Այ այսպե՛ս պետք է հարգվի հերոսը: Այն ազգը, որը հերոս չունի, պատմություն չունի:

Մի ուրիշ առիթով էլ Թեհլիրյանը ինքն է պատմել հետեւյալը.

«1928 թ. բնակվում էի Հարավսլավիայի Բելգրադ քաղաքում, Դալմատինսկա 78 տանը, որը բելգրադահայերի մեջ հայտնի էր «Հայկական տուն» անունով: Այդ տարիներին Հարավսլավիան լավ հարաբերություններ էր պահպանում Թուրքիայի հետ եւ օրերից մի օր էլ հայտարարվեց, որ Բելգրադ պետք է այցելի վարչապետ Իսմեթ Ինոնյուն: Այդ առիթով էլ թուրքերը հայտնել էին Հարավսլավիայի իշխանություններին, որ Թալեաթի ահաբեկիչըՙ Սողոմոն Թեհլիրյանը բնակվում է Բելգրադում:

Մայրաքաղաքի ոստիկանապետը առ ի զգուշություն որոշում է Բելգրադի եւ նրա շրջանի բոլոր հայերին հավաքել եւ Ինոնյուի այցելության օրերին հսկողության տակ պահել: Իր այս որոշումը ոստիկանապետը հայտնել էր Բելգրադի հայ ազգային խորհրդի ատենապետին, գանգատվելով նաեւ, թե Սողոմոն Թեհլիրյանը ձեր միջավայրում է, իսկ ինքը այդ մասին ոչ մի լուր չունի: Ազգային խորհրդի ատենապետը հայտնում է ոստիկանապետին, որ Բելգրադի մեջ ինքը Սողոմոն Թեհլիրյան անունով մարդ չի ճանաչում: Ես փոխել էի ազգանունս, գրվում էի Մելիքյան եւ այդ պատճառով էլ ոստիկանապետը չէր կարողացել գտնել ինձ:

Այդ օրերին գործով բացակայում էի Բելգրադից, եւ այնպես պատահեց, որ վերադարձա Ինոնյուի ժամանելուց քիչ անց:

Մեր տանը տեսա հայ ազգային խորհրդի ատենապետին եւ տիկնոջսՙ Անահիտին, որոնք սարսափած էին Բելգրադի ոստիկանապետի ձեռնարկած միջոցառումներից, այն էՙ բոլոր հայերի մեկուսացումից:

Ատենապետը իր մտահոգությունը հայտնեց եւ խնդրեց, որ ես թաքնվեմ, քանի որ ոստիկանությունը եղել էր նաեւ մեր տանը:

Իսկ ես մի քիչ նեղացած, կնոջս ասացի, որ պետք էր ոստիկանապետին հայտներ իմ ինքնությունս: Տիկինս պատասխանեց.

- Վախեցա, որովհետեւ թուրքերը կարող են պահանջել քեզ եւ սերբերը կարող են հանձնել, եւ ո՞վ կարող է փրկել քեզ նրանց ձեռքից:

Տանը մի փոքր հանգստանալուց հետո, առանց կնոջս որեւէ բան հայտնելու ուղղակի գնացի ոստիկանատուն եւ ներկայացա ոստիկանապետին: Թթված դեմքով նա մի աթոռ հրամցրեց եւ ասաց.

- Պարզվում է, որ Սողոմոն Թեհլիրյանը բնակվում է մեր քաղաքում եւ ես տեղյակ չեմ: Եթե պատահի, որ նա մի փորձանք բերի Թուրքիայի վարչապետի գլխին, վա՜յ ինձ: Մեռած օրս է լինելու: Ես ի՞նչ ոստիկանապետ եմ, որ տեղեկություն չունեմ նրա որտեղ գտնվելու մասին:

Ոտքի ելա, գլուխս բարձր, հայտարարեցի.

- Սողոմոն Թեհլիրյանը կանգնած է Ձեր դեմ:

Ոստիկանապետը մի պահ քարացած ինձ էր նայում, հետո ոտքի ելավ, ձեռքը երկարեց, ու մոտենալով փաթաթվեց ինձ եւ սկսեց համբուրել:

- Ես քեզ մինչեւ հիմա Մելիքյան ազգանունով էի ճանաչում, ինչո՞ւ էիր ինձանից թաքցնում ինքնությունդ: Հետո շեշտեց.

- Դու չես բանտարկվի մյուս հայերի նման, դու ազատ ես եւ պետք է լինես այն երթուղու ճամփի վրա բազմության առաջին շարքում, որտեղով պետք է անցնի Ինոնյուն: Սակայն խոսք տուր, որ ... վատ արարք չպետք է կարտարես:

Պատվո խոսք տվեցի:

Երբ հաջորդ օրը Ինոնյուի շքախումբը անցնում էր իր երթուղով, ես այնտեղ էի, ամբոխի առաջին շարքում եւ տեսա ոստիկանապետին, որ վիզը ծռած ինձ էր նայում: Ժպիտով բարեւեցի իրեն եւ ձեռքերս խաչաձեւեցի վստահություն ներշնչելու համար:

Հետո գնացի այն տունը, որտեղ բանտարկված էին մեր հայրենակիցները: Ինձ տեսնելուն պես նրանք ուրախացան:

Հաջորդ օրը գնացի ոստիկանապետի մոտ, որը ճակատս համբուրեց եւ ասաց.

- Ես հարգանք ունեմ հերոսների հանդեպ: Դուն ազգիդ վրեժը լուծեցիր: Երանի՜ շատ Սողոմոններ լինեին մեր մեջ: Ժամանակին մենք էլ ենք շատ տառապել թուրքերի լծի տակ:

Երբ ոստիկանապետը այս խոսքերն ասում էր, դեմքին ժպիտ եւ ուրախություն կար:

Մինչեւ վերջ մենք մնացինք բարեկամներ եւ բոլոր հայերս օգտվեցինք իր բարյացակամությունից: Եվ երբ վերջնականապես Սերբիայից հեռանալուս առիթով գնացի իր մոտ մնաս բարով անելու, դարձյալ գրկեց ինձ եւ ճակատս համբուրեց թաց աչքերով»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ