RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-10-24 19:50:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1101, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՄԱՆ ՀՈՒՍԱԼԻ ԵՂԱՆԱԿ

Պ. Ք.

Մոտալուտ ստորգետնյա ցնցման մասին կարող են պատմել գետնաջրերի քիմիական բաղադրության փոփոխությունները: Նման կանխատեսումների հուսալիությունն ապացուցել են շվեդ գիտնականներըՙ Nature Geoxcience հանդեսում տպագրված հոդվածի հեղինակները: Նրանց հետազոտության մասին հաղորդում է New Scientist էլեկտրոնային հրատարակությունը:

Ստոկհոլմի համալսարանի գիտաշխատող Ալասդեյ Սկելտոնը եւ իր գործընկերները հինգ տարի շարունակ ամեն շաբաթ տարրալուծման համար ջրի փորձանմուշներ են վերցրել մի խոր հորանցքից: Այդ ժամանակամիջոցում տարածաշրջանում արձանագրվել է երկու երկրաշարժ (5,6 եւ 5,5 բալ ամպիլտուդով), եւ դրանցից 4-6 ամիս առաջ սեյսմագետները նկատել են տեղաշարժեր ջրածնի իզոտոպների եւ նատրիումի իոնների մակարդակի հարաբերակցության մեջ: Քանի որ գիտնականները ջրի քիմիական բաղադրությանը երկար են հետեւել, վիճակագրական հիմքեր կան պնդելու, որ արձանագրված փոփոխությունները կապված են երկրաշարժերի հետ եւ պատահական չեն:

Ի դեպ, Սկելտոնն առայժմ անկարող է ասել, թե կոնկրետ որ պրոցեսներն են առաջացրել հիշյալ տեղաշարժերը: Ըստ երեւույթին, ստորգետնյա ապարների ճեղքման կամ ցնցման հետեւանքով հորանցք են թափանցել ուրիշ աղբյուրների ջրեր: Պրոցեսն ամբողջությամբ դեռ անըմբռնելի է, ուստի հետազոտողներն առայժմ չեն խոսում երկրաշարժերի «կանխատեսման» մասին:

Նման դիտարկումներից երկրաշարժերի հավանականության կանխատեսման «ախտորոշիչ գործիքներ» ստանալու համար կպահանջվի զգալի ժամանակ: «Երկրաքիմիական ցուցանիշների մեծամասնությունը անընդհատ տատանվում է, այնպես որ որոշ ազդանշաններ անխուսափելիորեն համընկել են ստորգետնյա ցնցումների հետ: Մեթոդի արդյունավետության ճշմարիտ ապացույցը կդառնա ապագա երկրաշարժի կանխատեսումը իրապես, այլ ոչ թե հետին թվով», նախազգուշացնում է սեյսմագետ Իեն Մեյնը (Էդինբուրգի համալսարան):

Մինչեւ վերջերս փորձել են երկրաշարժերի նախանշան համարել էլեկտրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադիոակտիվ գազ ռադոնի արտանետումները եւ նույնիսկ կենդանիների վարքագիծը, սակայն այդ երեւույթների եւ ստորգետնյա ցնցումների պատճառահետեւանքային կապը այդպես էլ համոզչորեն չի ապացուցվել: 1970-ականներին գիտնականներն ակնկալում էին ստանալ երկրաշարժերի կանխատեսման ներգործուն մեթոդ, բայց մինչեւ 1990-ականներն առաջարկված բոլոր միջոցների ձախողված արդյունքները շատ գիտնականների ստիպեցին պնդել, որ ստորգետնյա ցնցումների կանխագուշակումը սկզբունքորեն անհնար է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ