RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
#034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014



ԱՐՁԱԳԱՆՔ

Տեղադրվել է` 2014-11-13 23:09:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1477, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՓԱԽԱԾ ՕԼԻԳԱՐԽԻՆ ԱՐՏԱՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՌՈՒԴՈԼՖ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ֆրանսիական Լիոնի վերաքննիչ դատարանը հավանություն տվեց Մուխտար Աբլիազովին Ռուսաստան արտահանձնելու վերաբերյալ:

Կարծում եմ, այսօր արդեն շատերն են լսել փախած ղազախստանցի օլիգարխի աղմկահարույց գործի մասին, որն արդեն հինգ տարվա ընթացքում քթից բռնած ման է տալիս եվրոպական հասարակայնությանը: Ասես ինչպես օճառի կտոր, մինչեւ հիմա նա դուրս էր պրծնում արդարադատության ձեռքից: Սակայն երեւի հաջողությունը դավաճանեց նրան... Իր «փախուստի» առաջին մի քանի տարին պարոն օլիգարխը դժվարություն չգիտեր եւ իրեն ոչնչից չէր զրկում: Լինում էր Լոնդոնի հարգված տներում կազմակերպվող բարձրաշխարհիկ երեկոներում, անշտապ զրույցներ էր վարում քաղաքական թեմաներով: Եվ նույնիսկ քաղաքական վտարանդիի կարգավիճակ ստացավ Մեծ Բրիտանիայում:

- Ես պայքար եմ մղում հանուն ժողովրդավարական արժեքների,- հեռարձակում էր նա հեշտ վստահող եվրոպական հանրությանը եւ իբրեւ ապացույցի վկայություն գրպանից հանում էր ընդդիմադիր «Ալգա» կուսակցության կուստոմսը: Եվ նույնիսկ, երբ վերադառնում էր տունՙ իր 28 միլիոն դոլար արժեցող Oaklands Park կալվածքը, նա «մտածում էր» բացառապես ժողովրդի մասին: Սուզվելով փառահեղ ջրավազանումՙ մտորում էր, թե ինչպես Ղազախստանի հեռավոր գյուղերը մատակարարել խմելու ջուր, կարմիր խավիարով բուտերբրոդ ծամելով մտածում էր խեղճերի ու աղքատների մասին, եւ իհարկե անում էր ամեն ինչ, որպեսզի օգնի նրանց փողով: 6 միլիարդ դոլարից, որը Աբլիազովը փախցրել էր ղազախստանյան «ԲՏԱ» բանկից, օլիգարխը պատկառելի փոխանցումներ էր կատարում կուսակցությունը ֆինանսավորելու համար:

Հասկանալի բան է, որ Ղազախստանին դուր չէր գալիս տեղի ունեցողը: Բավական չէ, որ Աբլիազովը թալանել էր խոշորագույն բանկերից մեկը, դեռ մի բան էլ ջուրն էր պղտորում հափշտակված փողերով, խարխլում էր հանրապետության կայունությունը:

«ԲՏԱ» բանկը որոշեց վերադարձնել փողերը: Ընտրելով այս իրավիճակում միակ հնարավոր ռազմավարությունըՙ ֆինանսական հաստատության իրավաբանները Աբլիազովի դեմ հայցով դիմեցին Լոնդոնի Բարձր դատարան: Եվ դա արեցին քաղաքացիական դատավարության շրջանակներում, որովհետեւ քրեական հետապնդման բոլոր փորձերը անխուսափելիորեն կմեկնաբանվեին իբրեւ քաղաքական հետապնդում:

Եվ սկսվեց: Այդպիսի բարդ դատական գործընթաց անգլիական Ֆեմիդան չէր տեսել, երեւի, երբեք: Աբլիազովը վարձեց լավագույն փաստաբանների, որոնք առավելագույնս բարդացրեցին դատավորների կյանքը: Օլիգարխը ստում էր եւ խորամանկում: Փորձում էր ապացուցել, որ դատական գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի: Սակայն ճշմարտությունն այնուամենայնիվ հաղթանակեց: Դատարանն ապացուցեց, որ Աբլիազովը խարդախությամբ դեպի օֆշորներ է տեղափոխել բազմամիլիարդ ֆինանսական միջոցներ եւ վճռեց վերադարձնել փողերը: Եվ դրան մի բան էլ ավելՙ պարոն օլիգարխին դատապարտեց 22 ամսվա բանտարկության: Սա, որպեսզի այլեւս խաբել չլինի...

Աբլիազովը, սակայն, այստեղ էլ չկորցրեց իրեն եւ փախավ: Ընդ որում առանձնապես հասկանալի չէ, թե դա ինչպես ստացվեց, որ օլիգարխի անձնագիրը մնաց դատարանում, իսկ հանցագործը հանգիստ սկսեց երթեւեկել ամբողջ Եվրոպայով: Նրան երկար ժամանակ չէին կարողանում բռնել: Չէր օգնում նույնիսկ Ինտերպոլի օրդերը: Իտալիայում, օրինակ, անցյալ տարի ոստիկանները մնացին ձեռնունայն: Նրանք հավաստի տեղեկություն ստացան այն մասին, թե որտեղ է թաքնվում Աբլիազովը: Սակայն, հանցագործին ձերբակալելու փոխարեն, կալանավորեցին նրա կնոջըՙ Ալմա Շալաբաեւայինՙ դստեր հետ: Այս սկանդալային պատմությունից նույնպես օլիգարխն այն ժամանակ քամեց բոլոր հնարավոր բոնուսները: Իտալական իշխանություններն ընտանիքն արտաքսեցին երկրից, որովհետեւ ե՛ւ Ալմա Շալաբաեւան, ե՛ւ նրա դուստրը գտնվում էին երկրի տարածքում անօրինական: Իտալական կարաբիներներն, իհարկե, «գերազանց էին»: Բաց թողեցին հանցագործին, պատմության մեջ ընկան ընտանիքի հարցում: Հնարավոր է եւ գիտակցաբար, ո՞վ գիտե: Ինֆորմացիայի արտահոսքի համար Աբլիազովը կարող էր եւ ոչ վատ վճարել: Եվ ընտանիքն էլ կարող էր հենց ինքը հանձնել իրավապահներին, որպեսզի հետո աղմուկ բարձրացնի, վաստակի լրացուցիչ քաղաքական միավորներ: Աբլիազովի կնոջն ու աղջկան, ի միջի այլոց, Ղազախստանը բարեհաջող կերպով վերադարձրեց Իտալիա:

Այս կոմբինացիան լիովին Աբլիազովի ոգով էր: Եվ ընտանիքը լեգալացրեց, նրան տալով ըստ էության, անձեռնմխելիության կարգավիճակ, ինչպես նաեւ կազմակերպեց Ղազախստանի դեմ նոր տեղեկատվական արշավ:

Եվ այնուամենայնիվ հաջողությունը երես թեքեց Աբլիազովից: Գուցե ֆրանսիական ոստիկաններն էին անկաշառ, թե գուցե ի տարբերություն իտալացիների, միանգամայն արհեստավարժ էին, սակայն հատուկ գործողության արդյունքում օլիգարխը ձերբակալվեց Երփներանգ ափին:

Այդ պահից սկսած նա ազատազրկված է ֆրանսիական բանտերից մեկում: Փաստաբաններն արդեն երեք անգամ փորձել են նրան դուրս բերել գրավի դիմաց, սակայն ֆրանսիացիները, հիշելով անգլիացիների տխուր փորձը, մերժեցին այդ հարցում: Հենց այստեղ էլՙ Ֆրանսիայում, նախաձեռնվեց դատական գործընթաց Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարցմամբ արտահանձնման մասին, որտեղ հանցագործը նույնպես խոշոր հետքեր էր թողել: Կիեւը Աբլիազովին էր ներկայացրել կես միլիարդ դոլարի հաշիվ, իսկ Ռուսաստանըՙ մեկ միլիարդի: Եվ նորից սկսվեցին անվերջ դատական նիստերը: Աբլիազովյան փաստաբաններն իրենց լավագույն ոճով ձգձգում են գործընթացը: Այնուամենայնիվ, գործն առաջ է շարժվում: Այս օրերին ֆրանսիական Լիոնի վերաքննիչ դատարանը բավարարեց Աբլիազովին Ռուսաստան արտահանձնումը: Ամբաստանյալի հավաստիացումներն այն մասին, թե իրեն հետապնդում են քաղաքական դրդապատճառներով, դատարանը համարեց չհիմնավորված, քանի որ ավելի վաղ նախկին բանկիրը փախել էր Մեծ Բրիտանիայից, որը նրան քաղաքական ապաստան էր տվել: Ընդ որում, Անգլիան վերջերս Աբլիազովին զրկել է նաեւ այդ կարգավիճակից:

Այնպես որ Աբլիազովի պաշտպանության բոլոր փորձերը գործընթացը տեղափոխել քաղաքական հարթություն, ավարտվեցին անհաջողությամբ: Սկզբում դատավոր Ֆոնտենը հրաժարվեց լսումներին մասնակցելու համար իբրեւ պաշպանության կողմից վկա հրավիրել շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, իսկ այժմ ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարի Կասպարովին: Նա ծրագրում էր համոզել Ֆեմիդային, որ Ռուսաստանում Աբլիազովը չի կարող հույս ունենալ, որ կլինի արդար հետաքննություն եւ դատավարություն:

Դատավորը նույնպես անտեսեց մեղադրյալի մտադրությունը Ֆրանսիայում քաղաքական ապաստան պահանջելու վերաբերյալ, քանի որ նա, 2011թ. սկսած ունենալով ապաստան Մեծ Բրիտանիայում, թաքնվել է երկրիցՙ կատարելով հանցագործություն արդարադատության դեմ: Իհարկե, լիոնյան դատարանի վճիռը դեռ չի կարելի վերջնական անվանել: Բանկիրի պաշտպանությունը մտադիր է բողոքարկել արտահանձնման որոշումը Ֆրանսիայի Գերագույն դատարանում: Դրան պետք է գումարել եւ այն, որ Ֆրանսիայի օրենսդրության համաձայն վերջնական որոշման իրավունքը պատկանում է վարչապետին: Սակայն, այնուամենայնիվ, կարելի է ասել, որ ֆրանսիացիների տրամադրվածությունն ակնհայտ էՙ նրանք չեն ենթարկվում Աբլիազովի դոլարային հմայքին, չեն հավատում քաղաքական պատվերի մասին հեքիաթներին: Նրանք տեսնում են միայն փաստերը: Եվ այդ փաստերին բախվելովՙ ջարդվում են օլիգարխի կողմնակիցների բոլոր փաստարկները, նրանց ամբողջ քննադատությունը եւ պղտոր իրավապաշտպանությունը, որը ոչ մի ընդհանուր բան չունի իրավաբանական գիտության հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ