RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014



Տեղադրվել է` 2014-12-04 21:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1683, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԴՐԱՄՆ ԱՐԺԵԶՐԿՎԵՑ` ԻՆՉՈ՞Ւ ԵՎ Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նոյեմբերի 24-ի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում դրամը 16 դրամով արժեզրկվեց եւ կազմեց 435 դրամ 1 դոլարի դիմաց: Այդ օրը վաճառվեց գրեթե 32 մլն դոլար: Մինչ այդ, երկու շաբաթվա ընթացքում հայկական դրամն աստիճանաբար արժեզրկվում էր` 405-410-ից հասնելով մինչեւ 421 դրամ 1 դոլարի դիմաց:

Կտրուկ տատանման օրը ՀՀ Կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ, որն աչքի էր ընկնում անսովոր անկեղծությամբ. «ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում եւ միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, եւ նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը եւ պահպանմանը, ինչպես նաեւ բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին: Կենտրոնական բանկըՙ խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձեւավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները եւ գտնվում է կայունացման տիրույթում: ՀՀ Կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները եւ ապահովելու ֆինանսական կայունությունը»:

Դատելով այս հայտարարությունից, ԿԲ անմիջական մասնակցությամբ է տեղի ունեցել նոյեմբերի 24-ի դրամի «ճշգրտումը»` կտրուկ արժեզրկումը, ֆինանսական շուկայում ստեղծված կացության արդյունքում: Հայտնի է, որ փոխարժեքը ձեւավորվում է բազմաթիվ ներքին եւ արտաքին գործոնների հանրագումարից: Որո՞նք էին դրամ-դոլար փոխարժեքը նոր հարաբերակցության բերած այդ ազդեցությունները: Հստակ կարելի է ասել մի բան` չի եղել մեկ որոշիչ գործոն, առավել եւս արտաքին գործոնները որոշիչ դեր չեն ունեցել:

Արտաքին գործոնների ազդեցությունը մեծ չի եղել

Ռուսաստանի տնտեսական կացությունը եւ ռուբլու արժեզրկումը, բնականաբար, անդրադառնում են Հայաստանի տնտեսության վրա, բայց եթե մասնավոր փոխանցումների ծավալը Ռուսաստանից դեպի Հայաստան որոշակիորեն նվազել է, ապա ընդհանուր առմամբ փոխանցումների ծավալը արտերկրից, ըստ ԿԲ եւ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գրեթե անփոփոխ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այսպես` 2014-ի հունվար-սեպտեմբերին, բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առեւտրային դրամական փոխանցումների ներհոսքը Հայաստան կազմել է 1,323 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 0,4 տոկոսով: Հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների ցուցանիշները դեռեւս հրապարակված չեն, բայց դրանք այնպիսի կտրուկ չեն կարող լինել, որպեսզի հանգեցնեին դրամի կտրուկ արժեզրկման:

Այս օրերին նկատվում էր եւս մեկ երեւույթ` Հայաստանից դեպի Ռուսաստան դոլարային փոխանցումների ավելացում, պայմանավորված այդ երկրում դոլարի թանկացմամբ: Այդ արտահոսքի ծավալների մասին որոշակիացված տեղեկություններ չկան եւ դատողություններ անել հնարավոր չէ, բայց ակնհայտ է, որ Հայաստանում չկան այնքան «չաշխատող» դոլարներ, որոնք ուղարկվեին Ռուսաստան, վերածվելով մեծ արտահոսքի եւ նշանակալի ազդեցություն ունենային դոլար-դրամ փոխարժեքի վրա:

Հիմաՙ աշխարհում դոլարի ուժեղացման մասին: Նման երեւույթ վերջին 20 օրվա ընթացքում իսկապես արձանագրվել է, բայց դարձյալ ոչ էական: Այս ընթացքում 1 եվրոն 1,25 դոլարից դարձել է 1,24 դոլար: Նման չնչին փոփոխությունը նույնպես չէր կարող նշանակալի ազդեցություն ունենալ դոլար-դրամ փոխարժեքի վրա:

Հիմնական պատճառը կապված է արտահանման հետ

Անդրադառնանքն ներքին գործոններին, թեեւ դրանք նույնպես սերտորեն շաղկապված են արտաքինի հետ: Հայաստանից արտահանումը այս տարվա 10 ամիսներին ավելացել է 2,9 տոկոսով, իսկ ներմուծումը` 3,8 տոկոսով: Գումարային առումով արտահանումն ավելացել է մոտ 35-40 մլն դոլարով, ներմուծումը` 145-150 մլն դոլարով: Տարբերությունը կազմել է 110-120 մլն դոլար: Այսինքն, այդ չափի արտարժույթ ավելի է դուրս եկել Հայաստանից, հետեւաբար արտաքին գործոններից դրամի արժեզրկման վրա նկատելի ազդեցություն կարող էր ունենալ հենց այս գործոնը: Այս հանգամանքը նկատի ունենալով, ինչպես նաեւ արտահանման խթանման, 2009-ի մարտի 3-ի իրավիճակի կրկնությունից խուսափելու նպատակով, ԿԲ-ն այս անգամ որոշեց իր գործիքներով անմիջական ազդեցություն ունենալ փոխարժեքի վրա` «ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների» համաձայնությամբ: Նման քայլի գնալու համար այս պահն առավել քան նպաստավոր էր:

Պարզ է, դրամի արժեզրկումը բերում է գնաճի, մասնավորապես ներմուծվող ապրանքների գների ավելացման: Այս պահին գնաճի ցուցանիշը շատ ավելի ցածր է ԿԲ սահմանած նպատակային միջանցքից` 4-5,5 տոկոսից եւ 2014-ի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ կազմում է ընդամենը 1,5 տոկոս: Հետեւաբար, դրամի արժեզրկմամբ գնաճի այս միջակայքը գերազանցելու ռիսկեր չեն առաջանա: Մյուս կողմից էլ, նախաամանորյա շրջանում դրամը սովորաբար արժեւորվում է, քանի որ դոլարային մասնավոր փոխանցումներ ստացող մարդիկ սկսում են փոխանակել դրանք դրամով` տոնական գնումներ կատարելու համար: Այսինքն, դոլարը շուկայում ավելանալու է եւ հակակշռելու դրամի հետագա արժեզրկմանը եւ բարձր գնաճին: Ըստ ԿԲ հայտարարության, ԿԲ-ն (հավանաբար կառավարության հետ համաձայնեցված) փոխարժեքի վրա ազդելու իր գործիքները օգտագործեց նաեւ դոլարային արտահատությամբ մասնավոր փոխանցումներից բնակչության` ավելի շատ դրամ ստանալու, այսինքն` գնողունակության բարձրացմանը նպաստելու համար:

Այս ամենով հանդերձ, փորձենք զգուշավոր գնահատել, թե ի՞նչ է հնարավոր առաջիկայում: Ելնելով վերը նշված գործոններից, առավել հավանական է, որ առաջիկայում դրամն այլեւս չարժեզրկվի կամ համենայն դեպս, կտրուկ տատանում չունենա եւ պահպանվի 430-435 դրամ 1 դոլարի դիմաց միջակայքում: Դա տրամաբանական է նաեւ ԿԲ հայտարարությունից դատելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ