RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014



ՏՆՏԵՍԱՖԻՆԱՆՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-12-04 21:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1574, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՈՍԿԵՐԻՉՆԵՐԸ ՉԵՆ ԴԺԳՈՀՈՒՄ, ԲԱՅՑ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դժվար թե որեւէ մեկը վիճելի համարի Հայաստանում ոսկերչության դարերի ավանդույթներ ունենալն ու հայ ոսկերիչների բարձրաճաշակ աշխատանքների համաշխարհային հռչակը: Այսօր եւս ոսկերչությունը Հայաստանում զարգանում է եւ համարվում մեր արդյունաբերության հեռանկարային ճյուղերից մեկը: Այն, որպես այդպիսին, նաեւ ընդգրկված է կառավարության մշակած եւ իրագործման ընթացքում գտնվող արտահանման ուղղվածութուն ունեցող արդյունաբերության աջակցման ռազմավարական ծրագրում, պետական աջակցության ենթակա 11 ճյուղերի շարքում:

Ոլորտի զարգացման եւ արտահանման խթանման նպատակով էլ Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց ստեղծել ոսկերչության համար ազատ տնտեսական գոտի, որն ունի սեփականատեր, ինչպես Հայաստանում գործող բոլոր ոսկերչական ընկերությունները: Սակայն, այս քայլը միանշանակ չընդունվեց հայ ոսկերիչների կողմից: Ոլորտի մի շարք ներկայացուցիչներ իրենց մտահոգություններն ունեն այս առնչությամբ: Որո՞նք են դրանք եւ ընդհանրապես ինչպե՞ս են գնահատում ոսկերչության ներկա վիճակը Հայաստանում ոլորտի վերոնշյալ ներկայացուցիները: Այս հարցերի շուրջ զրուցեցինք Հայաստանի Ոսկեգործների եւ ադամանդագործների ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Դարբինյանի հետ:

Մեր զրուցակցի կարծիքով, ոսկերչությունը Հայաստանում զարգացած ոլորտներից է, մոտ 10 հազար մարդ է աշխատում այդ ոլորտում, այդ թվում տանը աշխատող ոսկերիչները: Տնտեսության այս ճյուղը Հայաստանի համար հեռանկարային է, նկատի ունենալով նաեւ ոսկերչական արտադրության էներգախնայողությունն, արտադրանքի տեղափոխման դյուրինությունը եւ Հայաստանում առկա ոսկերչության արտադրական եւ աշխատուժի ռեսուրսները:

«Լավ պայմաններ են ստեղծված մեր երկրում ոլորտի զարգացման համար: Պետական մարմինների եւ ոլորտի հասարակական միության համատեղ աշխատանքի շնորհիվ ստեղծվել է լիբերալ օրենսդրական դաշտ, թանկարժեք մետաղների հումքի, դրանցից պատրաստված կիսաֆաբրիկատների, ինչպես նաեւ ոսկերչական քարերի ներմուծումը ազատված է մաքսատուրքերից, ոսկերչական քարերի շրջանառությունը ազատված է ավելացված արժեքի հարկից, մաքսատանը կատարվող ձեւակերպումները կատարվում են ժամերի ընթացքում», հակառակ ամեն կողմից հնչող դժգոհություններին, այսպիսի լավատեսական գնահատական է տալիս ոլորտի կացությանը Հակոբ Դարբինյանը: Նրա կարծիքով, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու դեպքում ոլորտը կշահի, քանի որ այդ երկրներ հայկական ոսկերչական արտադրանքի արտահանման ժամանակ չեն լինի մաքսային գործընթացներ, իսկ այլ երկրներից հումքի եւ թանկարժեք քարերի ներմուծման ընթացակարգը որոշ ժամանակ մնալու են անփոփոխ: «Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք գնահատում Հայաստանի` ԵՏՄ մեջ մտնելու հանգամանքը: Ռուսաստանը մեզ համար իրացման հիմնական շուկան է», հավաստիացնում է Միության գործադիր տնօրենը: Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա այստեղ վաճառվող ոսկերչական իրերի 70-80 տոկոսը տեղական արտադրանքն է, կան նաեւ իտալական եւ թուրքական ոսկերչական արտադրանք ներմուծող ընկերություններ:

Ոսկերչական ազատ տնտեսական գոտու հետ կապված Հայաստանի ոսկերիչների ասոցիացիայի մտահագությունների մասին խոսելով, Հակոբ Դարբինյանը նախ նշեց, որ մինչ գոտու ստեղծումը իրենց հետ չեն խորհրդակցել, իսկ ստեղծելուց հետո առաջացել են մի շարք հարցեր:

«Բանն այն է, որ որ գոտում գործող ընկերությունների համեմատ Հայաստանում գործող արտահանող ընկերությունները հայտնվում են անհավասար հարկային դաշտում: Մենք հարկեր եւ մաքսատուրքեր ենք վճարում, իսկ նրանք ազատված են շահութահարկից, շրջանառության հարկից եւ գործիքների, օժանդակ նյութերի ներմուծման մաքսատուրքերից: Այդ հանգամանքը կարող է բերել նաեւ մեր աշխատուժի հոսքին դեպի ազատ գոտում աշխատող ընկերություններ»:

Փորձեցինք տեղեկանալ, թե ի՞նչ մոտեցում ունեն այս մտահոգությունների մասին «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտում: Ի պատասխան մեզ հայտնեցին, որ ազատ տնտեսական գոտու ստեղծումը կառավարության որոշումն է եւ այն նպատակ ունի օտարերկրյա ներդրումներ ներգրավել, այստեղ բերել ոլորտի ճանաչված ընկերություններին, աշխատատեղեր ստեղծել, ավելացնել արտահանումը: Ըստ տրամադրված պարզաբանման, ազատ տնտեսական գոտում չեն կարող ընդգրկվել արդեն գործող ընկերությունները, իսկ ազատ տնտեսական գոտու ընկերություններն էլ չեն կարող իրենց արտադրանքը վաճառել Հայաստանում:

Այդուհանդերձ, անհավասար հարկային դաշտի եւ դրա հետեւանքով նաեւ մասնագետների հնարավոր արտահոսքի մասին մտահոգությունները թերեւս օբյեկտիվ են: Հարց է առաջանում նաեւ, թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո ազատ տնտեսական գոտում գործող ընկերությունները իրավունք պետք է ունենա՞ն վաճառել իրենց ապրանքը Ռուսաստանում, Ղազախստանում եւ Բելառուսում, քանի որ այս երկրների հետ ունենում ենք ընդհանուր շուկա, որը փաստորեն դառնում է ներքին շուկա: Հակոբ Դարբինյանի հավաստմամբ, իրենք հուսով են, որ բարձրացված հարցերին կառավարությունում համարժեք կարձագանքեն, կգտնվեն լուծումներ եւ կշարունակվի ոլորտի աջակցությանն ուղղված պետական քաղաքականությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ