RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014



Տեղադրվել է` 2014-12-04 21:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1486, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ամեն անգամ, երբ անցնում եմ մայրաքաղաքի Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկով եւ տեսնում այնտեղ Բուդապեշտում ադրբեջանցի կացնահարի կողմից դաժանաբար սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի կիսանդրին, մի հարց է լուռ, գրեթե անլսելի հնչում ներսումսՙ ինչո՞ւ: Գուրգեն Մարգարյանը հերո՞ս է, որ իր կիսանդրին են տեղադրել, թե՞ որեւէ մեկի կիսանդրին կանգնեցնելու համար պարտադիր չէ, որ նա հերոս լինի...

Անկեղծ ասած, ինձ համար հերոսությունը հստակ սահմանում ունի, միեւնույն ժամանակ ես ընդունում եմ, որ այն կարող է չպատասխանել մյուսների հարցին, թեՙ ո՞վ է իրականում հերոսը: Նա, ըստ իս, հերոսություն կատարածն է, իսկ, այ, հերոսությունն իմ կարծիքով, պարտադիր չէ, որ լինի անձնազոհություն, այսինքն որեւէ մեկին հերոս կոչելու համար պարտադիր չէ, որ նա ինքնակամ իր կյանքը վտանգի ենթարկի, հստակ դեպի մահը գնա, ինքնասպանվի, օրինակՙ կրծքով փակի հակառակորդի թնդանոթը, կամ նետվի օվկիանոսըՙ փրկելու այնտեղ լողացող վիրավոր դելֆինին. այս երկու դեպքերը եւ սրանց նմանութամբ այլ դեպքեր հաճախ կարող են այլ անվանում ունենալ, ասենքՙ արկածախնդրություն, խելահեղություն, մոլագարության նոպա, ինչպես հիմա են ասումՙ «դրայվ»:

Բայց, երբ 1941-ին, ըստ որոշ աղբյուրների, սիբիրյան բանտից փախան եւ ոտքովՙ կտրելով Ռուսաստանի մի հատվածը, ողջ Մոնղոլիան, Չինաստանի մի մասը, Հիմալայները եւ Հնդկաստան հասան երեք քաղբանտարկյալներ, նրանք ինձ համար հերոսներ էին, որովհետեւ նրանք այքարում էին ապրելու համար եւ ապրեցին: Այսինքն նրանցից ոչ ոք, խելամտությունից դուրս այդ ճանապարհորդությունից առաջ չէր կարծում, թե ինքը գնում է անձնազոհության. նրանք համոզված էին, որ գնում ենՙ ապրելու, դեպիՙ կյանք, եւ հերոսությունը, իմ համոզմամբ, հենց դեպի կյանք գնալն է, եւ, կներեք, բայց պարտադիր հաղթելը:

Բայց պատերազմը, կամ պատերազմական իրավիճակն, աշուշտ, այս առոմով իր կանոններն ունի: Այստեղ էլ, սակայն, հերոսությունը անձնազոհություն չէ միայն, քանի որ եթե այդպես լիներ, ապա պատերազմ գնացող որեւէ մեկին կարելի է ճանաչել հերոս, ինչը, հասկանալի է, աբսուրդ է: Եւ չնայած, որ պատերազմում գոնե հիսուն տոկոսով դեպի մահ ես գնում, սակայն այնտեղ էլ հնարավոր է հերոսանալ, անշուշտ: Այս համատեքստում ինձ համար հերոսներ են բոլոր այն զինվորները, ովքեր մասնակցել են հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերի եւ աճյունների, ուղղաթիռի որոշ մասերի դուրս բերման հատուկ նշանակության օպերացիային: Բայց ինձ համար, այդ ուղղաթիռի անձնակազմից եւ ոչ մեկը, գոնե այս դեպքով, հերոս չէ. հերոսությունը պարտադիր ենթադրում է հերոսացածներին ընդօրինակելու ցանկության առաջացումՙ բոլորի կամ գրեթե բոլորի մոտ: Հերոսն օրինակ է եւ հերոսն անխոցելի է...

Հայկական խոցված ուղղաթիռի անձնակազմը, Գուրգեն Մարգարյանը, ադրբեջանցի դիվերսանտների կողմից սպանված երիտասարդ հայ տղան, բոլոր այն զինվորները, ովքեր հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել են, բոլոր այն գյուղացինեը, ովքեր իրենց արտը հնձելիս են սպանվել հակառակորդի դիպուկահար կրակոցից, հերոս չեն:

Բայց դա չի նշանակում, որ նրանք, կամ նրանցից ոմանք, արժանի չեն կիսանդրի-արձան ունենալու, որովետեւ հերոսից բացի, նրա կողքին, հաճախ նրա հետ շփոթելու աստիճանի մոտ, կա եւս մի կոչում, ի տարբերություն հերոսիՙ ողբերգական կոչումՙ մարտիրոս:

Հայոց ցեղասպանութան զոհերն ու Բաքվի-Սումգայիթի կոտորածների զոհերը եւս մարտիրոսներ են: Եւ մենք մարտիրոսների եւ հերոսների ազգ ենք, երկու կոչումներն էլ անթույլատրելի շռայլությամբ բաշխող, միմյանց հետ դրանք հաճախ շփոթող, եւ այս առումովՙ ամենեւին էլ հերոսություն չանող:

Փառք մեր բոլոր հերոսներին, եւ հանգստություն մեր բոլոր մարտիրոսներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ