RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2014-12-04 21:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2584, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԻԼՀԱՄԻ ԱՇՈՒՆԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ծանր է ավարտվում Ադրբեջանի նախագահի պաշտոնն զբաղեցնողի աշունը: Նոյեմբերի սկզբին նա այցելել էր Հունգարիա: Այդ երկրի հետ Իլհամն առանձնահատուկ հարաբերություններ ունի: Երբ հունգարական բանտից Ադրբեջանին արտահանձնվեց մարդասպան Ռամիլ Սաֆարովը, արեւմտյան մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Բաքուն դրա դիմաց Բուդապեշտին խոստացել է երկու միլիարդ դոլարի ներդրում:

Այսպիսով ակնարկվեց, որ Ադրբեջանը փաստացի կաշառել է Հունգարիային: Ըստ երեւույթին, պետք է որոշակի ժամանակ անցներ, որպեսզի Իլհամը հաշիվ ներկայացներ Բուդապեշտին: Ավելի ճիշտՙ Հունգարիայի վարչապետ Օրբանին, որը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կնքահայրն է:

Բուդապեշտյան բանակցությունների մասին ադրբեջանական մամուլի առաջին հրապարակումները բարձր նոտայի վրա էին: Անգամ գրվեց, որ գազի եվրոպական շուկայում Ադրբեջանը դառնում է Ռուսաստանի լրջագույն մրցակիցը: Բայց, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ:

Նախ տեղեկություններ տարածվեցին, որ Իտալիայում Տրանս-ադրիատիկ գազամուղի կառուցման դեմ բողոքի հզոր ցույցեր են կազմակերպվում: Այնուհետեւ հաղորդվեց, որ իտալական արդարադատությունն զբաղվում է գազամուղի համար հողահատկացման գործարքներում կոռուպցիոն դրսեւորումների հարցով:

Բայց ամենալուրջ հարվածն Ադրբեջանին հասցրեց նրա ռազմավարական գործընկերոջ համարում ունեցող Իսրայելը: Հայտնի է դարձել, որ Իսրայելն առաջարկում է Միջերկրական ծովով գազամուղ հասցնել Կիպրոս, ապաՙ Հունաստան, որտեղից էլ կապույտ վառելիքը կառաքվի Եվրոպայի մի շարք երկրներ: Դա մեծ հարցականի տակ է դնում Տրանս-ադրիատիկ գազամուղի կառուցման նպատակահարմարությունը: Իսկ Ադրբեջանի հույսերի հույսը գազի եվրոպական շուկայում տեղ գտնելն է:

Հաջորդ հարվածն ավելի անսպասելի եւ ծանր էր. թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի թուրքական հատվածում շինարարությունը դադարեցվել է: Պաշտոնապես պատճառը ֆինանսական միջոցների բացակայությունն է: Պարզվել է, որ նախնական հաշվարկն այնքան էլ ստույգ չէ եւ այդ հատվածի կառուցումն արժե շուրջ կես միլիարդ եվրո: Թուրքիան նման ներդրումների պատրաստ չէ:

Փաստացիՙ թուրքական կողմն Ադրբեջանին հորդորել է սեփական միջոցներով կառուցել երկաթգծի նաեւ թուրքական հատվածը: Մինչ այդ նման պայման դրել էր Վրաստանը: Ստացվում է, որ Թուրքիան եւ Վրաստանն Իլհամին մենակ են թողնում Հայաստանի շրջափակումը խորացնելու նրա ցնորամիտ ծրագրերի հետ : Իսկ գալիք տարվա բյուջեն Ադրբեջանը կազմել է ավելի քան յոթ միլիարդ դոլարի պակասուրդով: Բյուջեում հավելյալ ծախսերի համար գումարներ չկան: Իսկ ոչ իշխանական պատգամավոր Աղազադեն խորհրդարանի նիստում հարց է բարձրացրել, թե ինչպե՞ս կարող է ուսուցիչը գոյատեւել 168 մանաթ աշխատավարձով (մոտ 200 դոլար):

Նոյեմբերի 19-ին Միլլի մեջլիսի պատգամավոր Էլման Մամեդովը հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստ է հայ օդաչուների աճյունները փոխանակել երկու ադրբեջանցի դիվերսատների եւ մեկ սպանվածի դիակի հետ: Փաստացի դա Իլհամի առաջարկությունն էր, որ կրկնվեց նաեւ պատանդների եւ ռազմագերիների հարցով Ադրբեջանի պետական հանձնաժողովի նախագահի մակարդակով:

Մեկ օր անց հայտնի դարձավ, որ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումներն արդեն իսկ տարհանել են զոհված օդաչուներից մեկի դիակը, երկուսի մասունքները եւ խոցված ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասերը: Դա մահացու հարված էր Իլհամիՙ գերագույն գլխավոր հրամանատարի հեղիանակությանը: Ադրբեջանի նախագահի պաշտոնն զբաղեցնողը դեռեւս ուշքի չի եկել: Եւ մոտ ժամանակներս հազիվ թե կարողանա հոդաբաշխ լեզվով ինչ-որ բացատրություն տալ հպատակների լուռ բազմությանը:

Ըստ երեւույթին, ինչ-որ բան այն չէ նաեւ Իլհամի անձնական կյանքում: Հայտնի է դարձել, որ նրա ավագ դուստրըՙ Լեյլան, օրերս Բաքվում էլիտար սրճարան է բացել: Գրեթե միաժամանակ ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկին անսպասելի հարցազրույց է տվել Լեյլայի ամուսինըՙ ռուսաստանցի օլիգարխ Արաս Աղալարովի որդի Էմինը, որը շոու-բիզնեսում հայտնի է որպես մենակատար:

Էմինն առաջին անգամ խոստովանել է, որ ընտանիքից առանձին է ապրում: Ավելի վաղ, երբ Լեյլան բնակվում էր Լոնդոնում, ակնարկներ էին հնչել, թե նա ամուսնալուծվել է: Էմին Աղալարովի հարցազրույցում մի հետաքրքրական պահ կա:

Խոսելով երեխաների հետ իր հարաբերություններից, նա ասել է, որ երբ նրանց փորձում է պատժել, տղաներն իրեն սպառնում են... պապիկով: Այսինքնՙ Իլհամով: Տեսնո՞ւմ եք, դժվար է նման աներ ունենալ,- ասել է Էմինը: Կատա՞կ է: Գուցե: Բայց ինչո՞ւ բացառել, որ Էմին Աղալարովը հրապարակային ակնարկ է արել, որ իրեն ինչ-որ վտանգ է սպառնում Իլհամ Ալիեւից:

Ոչինչ բացառված չէ: Բռնակալները, երբ մատնվում են մեկուսացման, վրեժխնդիր են լինում մերձավոր շրջապատից: Այդ թվումՙ հարազատներից: Ուզբեկստանի նախագահը տնային կալանքի է ենթարկել հարազատ դստերըՙ Գուլնարային: Այնպես որ, Ադրբեջանի առաջին հարսնացուին լքելու համար Էմին Աղալարովը նրա բռնակալ հորից զգուշանալու պատճառներ պետք է որ ունենա:

Չէ, իրոք ծանր է ավարտվում Իլհամի աշունը: Իսկ առջեւում տեւական ձմեռն է...

Ստեփանակերտ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ