RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014



ՂԱԶԱԽՍՏԱՆ

Տեղադրվել է` 2014-12-04 21:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1556, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Դեկտեմբերի 1-ին դաշնակից Ղազախստանի ժողովուրդը նշում է Առաջին նախագահի օրը: Ղազախստանի Հանրապետության պետական տոնի նախօրեին ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւի ուղերձի վերլուծությունը, որով նա հանդես է եկել նոյեմբերի 11-ին «Նուռ Օտան» իշխող կուսակցության ակտիվի առջեւ: Այդ ուղերձը նա անվանել է «Նուռլը Ժոլ» («Լուսավոր Ուղի»)ՙ «Ուղի դեպի ապագա»:

Նախագահ Ն. Ա. Նազարբաեւը վերլուծել է իրադրությունը ժամանակակից աշխարհում, նոր մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց բախվել է ամբողջ աշխարհը: Համաշխարհային տնտեսությունը այդպես էլ ուշքի չեկավ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքներից: Վերկանգնումն ընթանում է դանդաղ տեմպերով, ինչ-որ տեղ դեռ շարունակվում է անկումը: Աշխարհաքաղաքական ճգնաժամը եւ առաջատար պետությունների արգելամիջոցային քաղաքականությունը ստեղծում են լրացուցիչ խոչընդոտներ համաշխարհային տնտեսության վերականգնման համար: Հենվելով իր փորձի վրաՙ Ղազախստանի նախագահը գտնում է, որ մոտակա տարիները կդառնան գլոբալ փորձությունների ժամանակաշրջան: Կփոխվի աշխարհի ողջ ճարտարապետությունը: Միայն ուժեղ պետություններն ու համախմբված ժողովուրդները կկարողանան հաղթահարել այդ բարդ փուլը: Ղազախստանը գտնվում է աշխարհաքաղաքական լարման էպիկենտրոնի անմիջական հարեւանությամբ եւ իր վրա է զգում այդ գործընթացների բացասական ազդեցությունը:

2014թ. եւ հաջորդ երկու տարվա համաշխարհային տնտեսության զարգացման կանխատեսումները վերանայվել են Միջազգային արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կողմից դեպի իջեցում: Դրա համար էլ Ղազախստանի առաջնորդը համոզված է, որ անհրաժեշտ է օպերատիվ կերպով վերանայել որոշ դրույթներ եւ մտցնել ճշգրտումներ գալիք փուլի ծրագրերում: Ղազախստանի հումքային ռեսուրսների արտահանման գներն ընկնում են, ինչը հանգեցնում է բյուջեի եկամտային մաս մուտք գործող միջոցների նվազեցման: Սակայն, Ղազախստանի կառավարությունը մտադրված է ապահովել բոլոր սոցիալական պարտավորությունները ողջ ծավալով: Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ հանձնարարում է կառավարությանը մշակել զարգացման նոր մասշտաբային ծրագիր եւ հրապարակել է Ղազախստանի Նոր տնտեսական քաղաքականությունըՙ «Նուռլը Ժոլը»:

Երկրի քաղաքական իշխանությունը վերջին տարիներին կուտակել է արտահանվող արտադրանքից ստացվող միջոցները Ազգային հիմնադրամում, որի հիմնական խնդիրներից մեկն է ղազախստանյան տնտեսության կայունության ամրապնդումը արտաքին շոկերի հանդեպ, այդ թվում նաեւ բնական ռեսուրսների գների իջեցման դեպքում: Երկար տարիներ հումքի արտահանումից եւ դրա վաճառքից գոյացած եկամուտները կուտակվում էին այդ հիմնադրամում: 10 միլիարդ դոլար ժամանակին ուղղվեց 2007-2009թթ. ճգնաժամի դեմ պայքարին: Մնացած գումարները խնամքով պահվել եւ բազմապատկվել են: Եկել է ժամանակը օգտագործելու այդ պահուստները, որոնք կուղղվեն տնտեսության աճին եւ վերափոխմանը: Ավելի կոնկրետՙ տրանսպորտային, էներգետիկ, ինդուստրիալ եւ սոցիալական ենթակառուցվածքների, փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը:

Տնտեսական աճին եւ զբաղվածությանը աջակցության նպատակով 2014-2015թթ. կուղղվի 1 տրիլիոն թենգե (մոտ 5,5 մլրդ ԱՄՆ դոլար): Դա, մասնավորապես, կապահովի սննդի եւ քիմիական արդյունաբերության, մեքենաշինության եւ ծառայությունների ոլորտում ծրագրերի իրականացումը: Բանկային համակարգի առողջացման եւ «վատ վարկերի» ետ գնման համար Նախագահը հանձնարարել է կառավարությանը 2015թ. ապահովել պրոբլեմային վարկերի հիմնադրամի լրացուցիչ կապիտալիզացիան 1,382 մլրդ դոլար ծավալով: «Չոր նավահանգստի» ենթակառուցվածքի առաջին համալիրի շինարարության եւ երկու տնտեսական գոտիների ստեղծման համար միայն 2015թ. կուղղվի մոտ 450 մլն դոլար:

Կարեւորագույն խնդիր համարելով Էքսպո-2017-ի համալիրի շինարարության ավարտը, դրան արդեն ուղղված 138 մլն դոլարին կավելանա միայն եկող տարի եւս 221 մլն դոլար: Աստանայի օդանավակայանն այս տարի կհասնի իր առավելագույն թողունակությանըՙ 3,5 մլն մարդ: Նոր տերմինալի շինարարության եւ թռիչքուղու վերակառուցման արդյուքում, ինչը կարվի 2015թ., մայրաքաղաքային օդանավակայանի թողունակությունը 2017թ. կհասցվի տարեկան 7,1 մլն ուղեւորի:

Նոր տնտեսական քաղաքականության առանցքը կդառնա Ենթակառուցվածքային զարգացման պլանը, որը Ղազախստանի Հանրապետության նախագահը հրապարակեց իր ուղերձում: Այն հաշվարկված է հինգ տարվա համար եւ նրանում մտադիր են մասնակցել ավելի քան 100 արտասահմանյան ընկերություններ: Ընդհանուր ինվեստիցիոն պորտֆելը կկազմի մոտ 49 մլրդ դոլար: Պետության մասնաբաժինն այստեղ կլինի 15 տոկոս:

Առաջինՙ նպատակ է դրված զարգացնել տրանսպորտային լոգիստիկ ենթակառուցվածքները: Կձեւավորվեն մակրոռեգիոններ հաբերի սկզբունքով: Ենթակառուցվածքային առանցքը Աստանայի հետ եւ միմյանց միջեւ կկապի այդ մակրոշրջանները մագիստրալային ավտոմոբիլային, երկաթուղային եւ ավիացիոն ճանապարհներովՙ ճառագայթային սկզբունքով: Երկրի արեւելքում կստեղծվի լոգիստիկ հաբ, իսկ արեւմուքումՙ ծովային ենթակառուցվածք: Ռազմավարական խնդիրն ընդ որում Արեւմտյան Չինաստանը Ռուսաստանի վրայով Արեւմտյան Եվրոպային կապելն է: Նախագահը կառավարությանը հանձնարարել է մշակել Չինաստանի, Իրանի, Ռուսաստանի եւ Եվրոպական Միության երկրների «չոր» եւ ծովային նավահանգիստներում տերմինալային հզորություններ կառուցելու կամ վարձակալելու հարցը:

Երկրորդՙ նախանշված է զարգացնել ինդուստրիալ ենթակառուցվածքները: Ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը պետք է առաջ բերի պահանջարկի մեծացում շինանյութերի, տրանսպորտային կոմունիկացիոն, էներգետիկ եւ բնակարանային կոմունալ ոլորտների արտադրանքի եւ ծառայությունների հանդեպ: Կշարունակվի զարգանալ զբոսաշրջության ենթակառուցվածքը, որի գլխավոր առավելությունն է առավելագույն թվով աշխատատեղերի ստեղծումը:

Երրորդՙ կզարգանան էներգետիկ ենթակառուցվածքները, մասնավորապես կկառուցվեն բարձրավոլտ գծեր, ինչը թույլ կտա ստեղծելու հավասարակշված էներգամատակարարում երկրի բոլոր տարածաշրջաններում:

Չորրորդՙ կմոդեռնիզացվեն ԲՇՏ ենթակառուցվածքները եւ ջրա-ջերմամատակարարման ցանցերը: Այս ոլորտում ներդրումների ընդհանուր կարիքը կազմում է 11 մլրդ դոլարից ոչ պակաս մինչեւ 2020 թ., տարեկան այդ նպատակին ֆինանսավորման բոլոր միջոցներին հատկացնելով ոչ պակաս, քան 1,105 մլրդ դոլար:

Հինգերորդՙ բնակարանային ենթակառուցվածքի ամրապնդման նպատակով պետությունը պետք է կառուցի սոցիալական վարձակալական բնակարաններ եւ դրանք տրամադրի բնակչությանը երկարաժամկետ վարձակալությանՙ դրանք գնելու իրավունքով, ընդ որում հատկացնել այդ բնակարանները ուղղակի, առանց միջնորդների եւ վարկի դիմաց առավելագույնս ցածր տոկոսներով, ինչը թույլ կտա իջեցնելու նրա ձեռքբերման արժեքը: Ղազախստանի կառավարությունը վարձակալական բնակելի տարածքների շինարարության ֆինանսավորման մեծացման նպատակով 2015-2016թթ. ընթացքում լրացուցիչ կտրամադրի 1 մլրդ դոլար:

Վեցերորդՙ սոցիալական ենթակառուցվածքի զարգացման նպատակով կլուծվեն վթարային դպրոցների եւ եռահերթ կրթության հիմնախնդիրները: Նախկինում եռամյա բյուջեով նախատեսված միջոցներին կավելացվի 386 մլն դոլար: 2017թ. այդ հարցը ամբողջությամբ կլուծվի: Նախադպրոցական հաստատություններում տեղերի դեֆիցիտի հարցը արմատապես կլուծվի մոտակա երեք տարիների ընթացքում եւ այդ նպատակին ուղղվում է մոտ 110 մլն դոլար:

Հարկ է նշել, որ ինդուստրիալիզացիայի ծրագրի շրջանակներում որոշվել են այն տասը բուհերը, որոնց հենքի վրա կապահովվի գիտության կապը տնտեսության ճյուղերի հետ եւ համապատասխան կադրերի պատրաստումը: Այդ նպատակներով մինչեւ 2017թ. կուղղվի մոտ 55 մլն դոլար:

Յոթերորդՙ փոքր եւ միջին բիզնեսիՙ իբրեւ տնտեսական աճի ուղղորդողի, զարգացմանը աջակցելու նպատակով ծրագրված է օգտագործել բոլոր աղբյուրներից վարկային միջոցներ 856 մլն դոլար ընդհանուր ծավալով առաջիկա 3 տարում: Ռազմավարական խնդիրն այստեղ փոքր եւ միջին բիզնեսի մասնաբաժինը Ղազախստանի ընդհանուր ՀՆԱ-ում 2050թ.-ին 50 տոկոսի հասցնելն է:

Համաշխարհային բանկը, Զարգացման ասիական բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Զարգացման իսլամական բանկը պատրաստ են Ղազախստանին հատկացնելու 9 մլրդ դոլարի չափով միջոցներ 90 առաջնահերթ նախագծերի իրականացման համար: Տրամադրված միջոցներն ուղղվում են ներդրումային ակտիվությանը աջակցելուն: Այս եւ այլ քայլերի արդյունքում կապահովվի տնտեսության կայուն աճը կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում: «Նուռլը Ժոլ» նոր տնտեսական քաղաքականությունը կոչված է դառնալու մոտակա տարիներին ղազախստանյան տնտեսության աճի շարժիչ:

Նախագահ Ն. Ա. Նազարբաեւն իր ուղերձում հատուկ նշել է ղազախստանյան հասարակության համախմբման, բոլոր ղազախստանցիների միջեւ վստահության ամրապնդման անհրաժեշտությունը: Նա նշել է նաեւ ազգամիջյան համաձայնության ամրապնդման կարեւորությունն իբրեւ երկրի դինամիկ զարգացման գործոնի:

Եկող տարի կնշվի Ղազախստանի Սահմանադրության ընդունման եւ Ղազախստանի Ժողովրդի Ասամբլեայի հիմնադրման 20-ամյակը: «Նշելով այս տարեթվերըՙ մեզ համար կարեւոր է ղազախստանցիներին դարձնել էլ ավելի ուժեղ ոգով, միասնական եւ էլ ավելի հանդուրժող»,- իր ուղերձի վերջում ասել է Ղազախստանի Հանրապետության նախագահ, Ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ