RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014



Տեղադրվել է` 2014-12-04 21:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2382, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԱԲԽԱԶԻԱՅԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Աբխազիան` անուղղակի տարբերակով դառնում է ՌԴ սուբյեկտ

Աբխազիայում գրեթե ամեն ինչ կբերվի ռուսաստանյան ստանդարտներին` թոշակից մինչեւ պաշտպանական ռազմավարություն: Դեռեւս հոկտեմբերին «Ազգը» անդրադարձել էր դաշնակցության ու ինտեգրման միջպետական պայմանագրին, որով այսուհետեւ կկարգավորվեն Ռուսաստան-Աբխազիա հարաբերությունները:

Այն ժամանակ մամուլում հայտնվել էր փաստաթղթի նախագիծն ու բուռն քննարկումների տեղիք տվել: Հիմա արդեն փաստաթուղթն իրականություն է, քանի որ նոյեմբերի 24-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան ստորագրել են այն: Աբխազական կողմն, ի դեմս նախագահի, մեծ ոգեւորվածություն ունի պայմանագրի առնչությամբ, ռուսաստանյան կողմն էլ խոստանում է զարգացնել Աբխազիան` ներդրումներ, սոցիալական ու տնտեսական աջակցություն տարբեր փաթեթների տեսքով:

Այսպիսով ռուսաստանյան ներկայությունը, արդեն ամբողջապես փաստաթղթավորված, ներառում է ողջ Աբխազիան` երկրի գրեթե բոլոր ոլորտներով հանդերձ: Իսկ ավելի կոնկրետ, ինչպես արդեն դիտարկում էինք արել հոկտեմբերին հրապարակված նյութում, պայմանագիրը փաստացի սոցիալական բարելավումների ու բարեփոխումների, աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման, նաեւ զինուժի վարժեցման ու արդիականացման դիմաց Աբխազիայի անկախության սահմանափակում է ենթադրում:

Հատկանշական է, որ այս պայմանագրով ստեղծվում է միացյալ բանակ` անմիջական վտանգի դեպքում երկկողմանի կառավարումը միայն ռուսաստանցի հրամանատարով ղեկավարվելու տարբերակով: Այսինքն` ստեղծվում է ընդհանուր պաշտպանական ենթակառուցվածք, «ռուսաստանյան եւ աբխազական զինուժերից միասնական զինվորական խմբավորման ստեղծում`ագրեսիայի հակադարձման» համար:

Պայմանագրի մի կողմի վրա հարձակման դեպքում դա կդիտվի որպես ագրեսիա մյուս կողմի նկատմամբ, որի ժամանակ կողմերը կարող են միմյանց տրամադրել օգնություն, այդ թվում` ռազմական:

Այսինքն` ՀԱՊԿ կամ այլ կարգի ու ձեւաչափի կառույցում Աբխազիան ներառելու դժվարությունների փոխարեն հարցը լուծվել է շատ ավելի պարզ, հեշտ ու դյուրին իրագործելի տարբերակով` միջպետական պայմանագրով: Նման դեպքում այն, ինչ 2008թ.-ին Ռուսաստանի կողմից հարավօսական հատվածում դիտվեց որպես հարձակում Վրաստանի վրա` վերջինի ռազմական գործողություններին ի պատասխան, այս փաստաթղթով Աբխազիայի պարագայում ակնհայտ նախազգուշացում է որեւէ ռազմական քայլի դեպքում ռուսական տանկերի մուտքը Վրաստան կասեցնելու դժվարության մասին:

Նույն հաջողությամբ անհրաժեշտություն չի առաջանա որեւէ մեկի հետ բանակցելու կամ պայմանավորվելու Աբխազիայի` ռուսաստանյան առաջնորդությամբ կազմվող կամ ձեւավորվող կառույցներում ներգրավվածության առնչությամբ: Եվ դա այն պարզ պատճառով, որ ըստ պայմանագրի կիրականացվի մաքսային ու հարկային մարմինների գործունեության համապատասխանեցում, Աբխազիայի բյուջետային ու հարկային օրենսդրության համապատասխանեցում ռուսաստանյան օրենսդրությանը: Ավելինՙ աբխազական մաքսավորները պետք է ճանաչեն ռուսաստանյան մաքսավորների մաքսային վերահսկողության արդյունքները: Այսինքն` Եվրասիական տնտեսական միություն կլինի, թե մեկ այլ կառույց` Աբխազիան կարող է անգամ ոչ ֆորմալ միանալ դրանց` որպես ռուսաստանյան ստանդարտներով ու կարգավորումներով առաջնորդվող տարածք:

Պայմանագիրը սահմանում է համագործակցության, ինտեգրման ու գործընկերության հիմնական ուղղությունները. համաձայնեցված արտաքին քաղաքականության իրականացում, պաշտպանության ու անվտանգության ընդհանուր տարածքի ձեւավորում, միասնական սոցիալական ու տնտեսական տարածքի ստեղծում` ընդհանուր մշակութային եւ մարդասիրակաան տարածքի պահպանում: Պայմանագիրը նաեւ մանրամասնում է, որ Աբխազիայում միջին աշխատավարձը աստիճանաբար կհասցվի Ռուսաստանի Հարավային օկրուգում ընդունված չափերին, կբարձրացվեն թոշակները Աբխազիայում ապրող ՌԴ քաղաքացիների համար, սոցիալական փաթեթի բարելավումՙ կրկին ՌԴ քաղաքացիների պարագայում: Առողջապահության, կրթության, դեղագործության ու մի շարք այլ ոլորտներում կներդրվեն ռուսաստանյան ստանդարտներ:

Ակնհայտորեն Աբխազիան ինքն այլեւս անելիք չի ունենա. նրա փոխարեն կորոշի, կմտահոգվի, խնդիրները կլուծի Ռուսաստանը: Ռուսաստանն էլ դերակատարություն կստանձնի Հայաստանի համար Վրաստանին ու Աբխազիային առնչվող հարցերում, որոնց հայանպաստ լուծմանն հաստատապես խանգարելու են վրաց-ռուսական այդպես էլ ոչ մի կարգավորման մակարդակի չբերված հարաբերությունները:

Խոսքն առաջին հերթին աբխազական երկաթուղու վերականգնման մասին է, որի առնչությամբ վրացական իշխանությունները որոշակի դրական մոտեցում ունեին, իհարկե, սեփական շահերն առաջնային սպասարկելու սկզբունքից ելնելով: Վրացական կողմին անհարմար կլիներ աբխազական տարածքը որեւէ կերպ կապել Վրաստանին` հնարավորինս պակասեցնելով հաղորդակցությունը ռուսաստանյան ուղղությամբ: Սակայն այսպիսի պայմանագրի ստորագրումը, ինչն արդեն իսկ դժգոհություն է առաջացրել Վրաստանում, դժվար թե որեւէ կերպ նպաստի աբխազական երկաթուղու հարցի լուծմանը:

Վրաստանով անցնող եւ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ցամաքային ճանապարհներից մեկը, որ անցնում է Վերին Լարսով, եւ որ արդիականացման, նորոգման, բարեկարգման աղերսող կարիք ունի, եւս կարող է նույն պայմանագրի պատճառով լավագույն դեպքում մատնվել անտարբերության` անկախ Հայաստանի համար ունեցած նշանակությունից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ