RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014



ՀԱՅԱՑՔ ԴՐՍԻՑ

Տեղադրվել է` 2014-12-04 21:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1688, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Ինչ անուն էլ տանք, պետք է գիտակցենք, որ օրեցօր սաստկացող մի նոր սառը պատերազմ է ուրվագծվում հորիզոնում: Արեւելք-Արեւմուտք հակամարտությունը շատ արագ է զարգանում եւ կարող է վերահսկողությունից դուրս գալ:

Նոյեմբերի սկզբներին Մ. Նահանգներում կայացած կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների լուրջ հաղթանակը կարող է նոր թափ հաղորդել հակամարտությանը, հատկապես երբ Արիզոնայից սենատոր Ջոն Մկքեյնը ստանձնի սենատի Զինված ուժերի ծառայությունների կոմիտեի նախագահությունը: Նա հավանաբար է՛լ ավելի է մեծացնելու սպառազինությունը, եւ տրամաբանությունը մեզ հուշում է, որ նման բան կարելի է սպասել, երբ պատերազմ կամ պատերազմի սպառնալիք կա:

Վերջին վեց տարում Մ. Նահանգների տնտեսությունը զգալիորեն բարելավվեց, գործազրկությունը նվազեց եւ էներգամատակարարման տեսակետից երկիրը դարձավ ինքնաբավ: Բայց նախագահ Օբամայի վարկանիշը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ աշխարհում, մեծապես տուժեց եւ որոշ քաղաքական մեկնաբաններ հավատացած են, որ ընտրությունների արդյունքները նրա գործունեության հանրաքվեն դարձան: Ուրիշներ պնդում են, որ ընտրողների ցածր մասնակցությունը (ընդամենը մեկ երրորդը) եւ Օբամայի գործունեությունը ձախողված համարելու հանրապետականների ջանքերը նպաստեցին, որ դեմոկրատները կորցնեին իրենց տեղերը ներկայացուցիչների պալատում եւ սենատում, որտեղ հանրապետականները մեծամասնություն կազմեցին: Սենատոր Մկքեյնը վաղուց դեմ էր արտահայտվում նախագահ Օբամայի զգուշավոր արտաքին քաղաքականությանը, բայց հիմա երբ սենատի վերոնշյալ հանձնախմբի նախագահությունը ստանձնի, նա հնարավորություն է ունենալու իր խոսքերը գործի վերածելու եւ նորընտիր նախագահին մղելու միջազգային նորանոր արկածախնդրությունների: «Նյու Յորք Թայմսում» վերջերս տպագրված մի հոդված, նկարագրելով Մկքեյնի քաղաքականությունը, նշում էր, որ չկա մի պատերազմ, որ նրան դուր չգա: Բայց նաեւ ընդհանուր տրամադրվածության փոփոխություն էլ կա երկրում, եւ նույնիսկ դեմոկրատների կողմից հնարավոր թեկնածու Հիլարի Քլինթոնն է իր բազեյանման հավակնությունները ցուցաբերում ընտրություններում հաղթանակի հասնելու նպատակով:

Մյուս կողմից, սակայն, գերմանական «Դեր Շպիգելին» տված իր հարցազրույցում նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը «ճակատագրական սխալ» է համարել Ամերիկայի գործողությունները Ուկրաինայում, ավելացնելով, որ դրան հաջորդող սառը պատերազմը կարող է «ողբերգական» ավարտ ունենալ: («Ազգ»ը նախորդ համարում ներկայացրել է այդ հարցազրույցի հիմնական բովանդակությունը: Ծ.Խ.):

Հակամարտությունը մի կողմից պայմանավորված է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի դեմ հռետորական ելույթները եւ գործողությունները սաստկացնելով եւ մյուս կողմից Սիրիայի տարածք անմիջական ներխուժմամբ: Թուրքական «Սաբահ» կառավարամետ օրաթերթն արդեն իսկ ցնծությամբ ողջունել է Մկքեյնի վերստին հրապարակ գալը, կանխատեսելով, որ նախագահ Էրդողանի Սիրիայի նկատմամբ վարած քաղաքականությունը կարող է հավանության արժանանալ նրա կողմից:

Ռուսներն, իրենց հերթին, անգործ չեն մնում: Ղրիմին տիրանալուց հետո, նրանք գործնականորեն անդամահատել են Ուկրաինայինՙ կաթվածահար անելով նրա արեւելյան նահանգները: Գլոբալ առումով Ռուսաստան-Չինաստան մերձեցումը զգալիորեն թափ է առել: Անցյալ մայիսին այդ երկրներն արդեն իսկ կնքել էին 400 միլիարդ դոլար արժողությամբ էներգապայմանագիր, որը տարեկան 38 միլիարդ խ.մ. գազ էր տրամադրելու Չինաստանին սիբիրյան խողովակաշարով: Այժմ մեկ ուրիշ պայմանագրով նախատեսվում է այդ թիվը հասցնել 68 միլիարդ խորանարդ մետրի:

Մեկ այլ գործոն, որի մասին քիչ են խոսում, բայց որը կարող է է՛լ ավելի վատթարացնել Արեւելք-Արեւմուտք հարաբերությունները, տնտեսական պատժամիջոցների դեմ հնարավոր ֆինանսական հակաքայլն է, որ Ռուսաստանը եւ մանավանդ Չինաստանը կարող են իրագործել որպես ամերիկյան պարտատոմսերի գլխավոր գնորդների:

Իհարկե, գլոբալ հակամարտության արդյունքում տուժելու են շատ այլ երկրներ: Իսկ ամենախոցելի տարածաշրջանը դառնալու է Կովկասը, որտեղ Հայաստանն է գտնվում: Փոփոխվող քաղաքական հոսանքներն արդեն իսկ թափանցել են տարածաշրջան: Վրաստանի կառավարության մեջ կատարվող վերջին ժամանակների փոփոխությունները լավ բան չեն կանխագուշակում եւ հորիզոնում անկարգություններ են ուրվագծվում: Եվրոինտեգրումը լավ կանդրադառնա Հայաստանի եւ Վրաստանի վրա: Բայց Հայաստանն արդեն իսկ ռազմավարական կախվածության մեջ է, իսկ Վրաստանն էլ շարունակում է մնալ նախկին նախագահ Սաակաշվիլու գծած քաղաքական ուղու վրա, նույնիսկ ի հաշիվ տարածքային կորուստների:

«Վրացական երազանք» դաշինքը, որը վերջին ընտրությունների արդյունքում իշխանության եկավ, խոստացել է շարունակել եվրո-ատլանտյան կուրսը: Բայց «Նյու Յորք Թայմսի» նոյեմբերի 6-ի համարում տպագրված մի հոդված հաղորդում է, որ «Ազատ դեմոկրատներ» արեւմտամետ քաղաքական կուսակցությունը վերջերս դուրս է եկել իշխող կոալիցիայից, խորացնելով քաղաքական ճգնաժամը այդ երկրում: Մեկնաբանների կարծիքով դա կարող է դանդաղեցնել երկրի ինտեգրման գործընթացը Արեւմուտքի հետ»:

Իրականում կատարվածը հետեւյալն էՙ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ եւ «Վրացական երազանք» դաշինքի անդամ Իրակլի Ալասանիան պաշտոնանկ արվեց պաշտպանության նախարարի իր պաշտոնից կոռուպիցիայի մեղադրանքով, մինչ Ֆրանսիայում էր գտնվում ամրապնդելու իր երկրի կապերը Եվրոպայի հետ: Նա զինամթերքի վերաբերյալ բանակցություններ էր վարում Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտգործնախարարների հետ: Ի նշան բողոքի հետեւեցին արտգործնախարար Մայա Փանչիկիձեի եւ եվրոպական ու եվրոատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլու հրաժարականները: Ալասանիան վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն է մեղադրում այն բանում, որ նման քաղաքական սկանդալ առաջացնելով վերջինս ցանկանում է երկիրը հետ պահել եվրոինտեգրումից: Չնայած վարչապետը հերքել է մեղադրանքը, այն մնում է հարցական, քանի որ նրա քաղաքական ուղին ամբողջ ժամանակ ուղղված է եղել Ռուսաստանի հետ հաշտեցմանը: Քաղաքական մթնոլորտը թունավորված է եւ թվում է, թե «Վրացական երազանքը» վերածվել է վրացական մղձավանջի: Մ. Նահանգների արձագանքը զուսպ էր, բայց լիցքավորված: Պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին իր մտահոգությունն արտահայտեց հրաժարականների կապակցությամբ եւ գովասանական խոսքեր ասաց Ալասանիայի հասցեին իր ներդրումների համար ինչպես Վրաստանի ներքին, այնպես էլ Ամերիկայի հետ նրա գործընկերության հարցերում: Նա նաեւ վերահաստատեց Վրաստանին եվրոատլանտյան ճանապարհի վրա տեսնելու իր ցանկությունը: Այժմ խոսակցություններ են պտտվում ուկրաինական ոճով «մայդանի» մասին, որի արդյունքում Ուկրաինան կորցրեց Ղրիմը, Դոնեցկը եւ Լուգանսկը:

Վրաստանի պարագայում խնդրահարույց տարածքները Աջարիան եւ Ջավախքն են: Առաջինը տրանզիտային ճանապարհ է Թուրքիայի հետ առեւտուր անող հայ գործարարների համար, իսկ երկրորդը մեծապես հայերով է բնակեցված: Ուստի որեւէ կոնֆլիկտ այդ երկու տարածքներում իր անմիջական ազդեցությունն է ունենալու Հայաստանի վրա:

Մի այլ, շատ ավելի չարագուշակ հոդված Միխայիլ Չեռնովի ստորագրությամբ տեղադրված է ռուսական «Lenta.ru» օն-լայն կայքում, վերնագրված «Ռուսաստանը սահման կունենա Հայաստանի հետ»: Հոդվածում մասնավորապես նշվում է, որ «Ռուսաստանը աստիճանաբար ավելի է հետաքրքրվում անդրկովկասյան ավտոմոբիլային հանգույցի շինարարությամբ, որը Հյուսիային եւ Հարավային Օսիայի (Վրաստան) տարածքով ռուսական Հյուսիսային Կովկասը միացնելու է Հայաստանին եւ Իրանին:

Խոսակցություններ են պտտվում նաեւ վերականգնելու Աբխազական երկաթուղային համակարգը: Բայց առանց Վրաստանի օժանդակության այդ համակարգը չի կարող ձգվել դեպի Հայաստան: Կա՛մ Թբիլիսիի կառավարությունը կգործի համապատասխան ռուսական ծրագրերի, կա՛մ էլ մեկ ուրիշ պատերազմ կստիպի Վրաստանին զիջումների գնալ: Հիմա, երբ Հայաստանը միացել է Եվրասիական միությանը, Երեւանի համար հարմար կլիներ Ռուսաստանի սահմաններին հասնել առանց խնդիրների: Բայց նման նպատակի հասնելու համար խրվել մեկ ուրիշ պատերազմի մեջՙ շատ թանկ է նստելու բոլոր շահագրգիռ կողմերի վրա:

Մյուս կողմից, զարգացումները Ադրբեջանի ներսում նույնպես բարդացրել են կացությունը Հայաստանի սահմաններում: Փարիզում նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո, պատահարները կրակի գծում նվազել էին: Եվ դա ողջունելի էր: Բայց պարզվում է, որ այդ համեմատական անդորրը արդյունք է Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների փոփոխման: Մինչեւ հիմա Ադրբեջանը ցանկապատին նստած միաժամանակ ե՛ւ Արեւմուտքի հոգու հետ էր խաղում, ե՛ւ Ռուսաստանի:

Վերջերս կառավարամետ ազերի պորտալՙ «Ազերտալը» քննադատական խոսքեր էր ուղղել «Բրիտիշ Պետրոլիումին», որը գլխավոր ներդնող ընկերությունն է Ադրբեջանում:

Ադրբեջանը նոր պայմանագրեր է կնքել Ռուսաստանի հետ վերջինիս տարածքով իր գազը Եվրոպա հասցնելու համար: Գուցե դա է գլխավոր հնարավոր պատճառը, որ մղել է ամերիկյան եւ եվրոպական կառավարություններին սաստկացնելու քննադատությունները Ադրբեջանի մարդու իրավունքների նողկալի խախտումների վերաբերյալ: Դա նշան է Արեւմուտքի հետ հարաբերությունների վատթարացման: Միաժամանակ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին ահագնացող չափերով, որպեսզի գայթակղի նախագահ Ալիեւին միանալու եվրասիական միությանը: Իհարկե կա նաեւ Ղարաբաղի ճակատագրի հարցը: Քաղաքական մեկնաբանները հավատացած են, որ Ռուսաստանը կարող է զիջել Ղարաբաղը Ադրբեջանին, եթե վերջինս անդամակցի Եվրասիական միությանը, չնայած Ադրբեջանի խոհրդարանի փոխխոսնակը բացառել է այդ հնարավորությունըՙ ասելով, որ «Ադրբեջանը չի կարող Ղարաբաղը ստանալու փոխարեն անդամակցել Եվրասիական միությանը»:

Հակառակ այն բանի, որ Արեւմուտքն ու Ռուսաստանը ուժերի ցուցադրման պատերազմ են մղում Կովկասում, եւ Թուրքիան էլ որպես ՆԱՏՕ-ի անդամ պարտավորված է օժանդակել Արեւմուտքին, վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ Անկարան ի գործ է դնում նաեւ որոշակի անդրկուլիսյան, ծածուկ քաղաքականություն, ձեւացնելով ամբողջ ժամանակ, որ պաշտպանում է ՆԱՏՕ-ի շահերը: Ռուսաստանը Թուրքիային էլ է զենք վաճառում եւ համատեղ զինավարժություններ անցկացնում Սեւ ծովի տարածաշրջանում: Երկու կողմերը որոշել են բարելավել առեւտրական հարաբերությունները հասցնելով այն տարեկան 100 միլիարդ դոլարի: Այնպես որ, որպես Ադրբեջանի ավագ եղբայրը, Անկարան կարող է ռուսական խաղաքարտը բանեցնել Բաքվին Մոսկվայի գիրկը առաջնորդելով: Թուրքիան նաեւ դերակատարություն ունի Վրաստանում, եթե եւ երբ Պուտինը որոշի տիրանալ Աջարիային, որովհետեւ Թուրքիան այնտեղ ավելի մեծ հեղինակություն ունի, քան Թբիլիսիի կենտրոնական կառավարությունը:

Արեւելք-Արեւմուտք հակամարտությունը է՛լ ավելի է սրում կոնֆլիկտային իրավիճակը Կովկասում, եւ Երեւանում Հայաստանի կառավարությունը պարտավոր է չափազանց զգուշորեն նավարկել այդ փոթորկալի ջրերով: Փաստն այն է, որ Հայաստանը տարածաշրջանում կացությունը վերահսկելու ոչ մի լծակ չունի, որով կարողանար տեր կանգնել իր ճակատագրին: Միակ հնարավորությունը Հայաստանի համար ներքին համախմբվածություն դրսեւորելն է, որպեսզի կարողանանք դիմակայել վտանգավոր զարգացումները:

Կովկասը պատմականորեն եղել է բարդ տարածաշրջան, եւ ներկայիս իրավիճակը բացառություն չէ: Հույս ունենանք, որ կուտակվող ամպերը մեծ վնաս չեն հասցնի Հայաստանին:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ