RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014



Տեղադրվել է` 2014-12-04 21:32:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1462, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Նոյեմբերի 20-ից 22-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր գտնվում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը: Հովհաննես Մանուկյանը նախ հանդիպել է Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ղեկավար Գենադի Կորնիենկոյին: Հանդիպման ընթացքում Գ. Կորնիենկոն կարեւորել է ԱՊՀ երկրների միջեւ նախորդ տարի ստեղծված քրեակատարողական հիմնարկների ղեկավարների խորհրդի աշխատանքը:

Հ. Մանուկյանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումները եւ ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը: Նախարարը նշել է, որ Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը ենթադրում է ռուսաստանյան գործընկերների հետ համագործակցության առավել ակտիվացում: Կողմերը քննարկել են, մասնավորապես, քրեակատարողական ոլորտի կադրերի պատրաստման եւ վերապատրաստման խնդիրները, անվտանգության նոր համակարգերի ներդրմանն ու նորմատիվ-տեխնիկական բազայի նորացմանն առնչվող հարցեր:

Այցի հաջորդ օրը հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է ՌԴ արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին: Կողմերն անդրադարձել են արդարադատության բնագավառում Հայաստան-Ռուսաստան փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցերի: Ալեքսանդր Կոնովալովը նշել է, որ պետք է համագործակցել հատկապես իրավական փոխօգնության հարցերում:

ՌԴ-ում աշխատանքային այցի վերջին օրը ՀՀ արդարադատության նախարարն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Եզրաս արք. Ներսիսյանի նստավայր: Սրբազանը Հ. Մանուկյանին ներկայացրել է Ռուսաստանի հայ համայնք-եկեղեցի կապը, հայապահպանության եւ հավատի հարցում թեմի իրականացրած աշխատանքները: Հանդիպմանը քննարկվել են նաեւ Մոսկվայում հայկական թանգարանի եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված թանգարանի ստեղծման կարեւորությունը: Նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու թանգարանաշինության աշխատանքներին:

Մոսկվայում գտնվելու օրերին ՀՀ արդարադատության նախարարն իմ խնդրանքով համառոտակի անդրադարձավ նաեւ ՌԴ-ում գործող «Արմռոս» ասոցիացիայի հայ փաստաբանների հետ հանդիպմանը.

- ՌԴ-ում գործող հայ փաստաբանների ասոցիացիան մասնագիտացված է ռուս-հայկական առեւտրատնտեսական, մշակութային եւ գիտական կապերի իրավական ապահովման ոլորտներում: Այն միավորում է հայ իրավաբաններին, ովքեր աշխատում են ՌԴ պետական ապարատում, իրավապահ մարմիններում եւ գիտա-կրթական բնագավառում: Հանդիպման ընթացքում մենք ուշադրությամբ լսեցինք ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիներին հուզող առավել կարեւոր խնդիրների վերաբերյալ ասոցիացիայի անդամների տեսակետները: Փաստաբանները ներկայացրել են Հայաստանի քաղաքացիներին իրավական օգնություն ցուցաբերելու առանձնահատկությունները եւ պատրաստակամություն հայտնել տարբեր ձեւաչափերով համագործակցել Հայաստանի համապատասխան մասնագետների հետ:

Մեր զրույցի ընթացքում պատասխանելով իմ մեկ այլ` ՀՀ արդարադատության նախարարության համակարգում քաղաքացիներին ծառայություններ մատուցող ոլորտների (դատական ակտերի հարկադիր կատարման, նոտարական ծառայություններ, զագս-եր եւ այլն) վերաբերյալ տարիներ շարունակ ստացվող բողոքներին եւ դժգոհություններին առնչվող հարցին` Հովհաննես Մանուկյանը նշեց. «Հայաստանի դատաիրավական ոլորտում ընթացող բարեփոխումներն այսօր լայն թափով առաջ են գնում եւ մի շարք ոլորտներում դրական փոփոխություններն արդեն ակնհայտ են: Ցանկանում եմ հավաստիացնել, որ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ գործադրում ենք բոլոր ջանքերը եւ անձամբ հետեւում դրանց անթերի կատարմանը: Այդ գործում ինձ շատ են օգնում նաեւ «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվող ամենատարբեր բնույթի զանգերը, որոնց մեջ կան եւ բողոքներ, եւ դժգոհություններ եւ խելամիտ առաջարկություններ, որոնք մենք հաշվի ենք առնում:

Առիթից օգտվելով` ցանկանում եմ քաղաքացիներին հիշեցնել «Թեժ գծի» հեռախոսահամարները. ՀՀ արդարադատության նախարարություն +374 10 35-83-99, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն +374 10 34-22-29, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն +374 10 44-22-73»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 28-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ