RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014



ՖԻՆԱՆՍՆԵՐ

Տեղադրվել է` 2014-12-08 17:13:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1152, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԲԱՆԿԵՐՆ ՈՒ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԸ ՄԵԾ ՓՈՂԵՐ «ԱՇԽԱՏԵՑԻՆ» ԴՈԼԱՐ ՎԱՃԱՌԵԼՈՎ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կենտրոնական բանկի ուշացած հայտարարությունն ազդեցություն չունեցավ «արժութային սպեկուլյացիաների» եւ «անհարկի փոխարկումների» վրա

Նոյեմբերի 24-ին Հայաստանում դոլար-դրամ փոխարժեքը կտրուկ տատանվեց եւ նախորդ օրվա համեմատ դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվեց 16 կետով, կազմելով 435 դրամ 1 դոլարի համար: Դրա ներքին եւ արտաքին օբյեկտիվ պատճառներին անդրադարձանք մեր նախորդ հրապարակման մեջ («Դրամն արժեզրկվեց` ինչո՞ւ եւ ի՞նչ սպասել», 28.11.2014): Մասնավորապես նշեցինք, որ այդ փոփոխությունը պայմանավորված չէր մեկ որոշիչ գործոնով, որ պատճառներից յուրաքանչյուրն իր ազդեցությունն ունեցել է դրա վրա եւ ամենից շատ ազդել է ներմուծման ծավալների ավելի արագ ավելացումը արտահանման համեմատ: Այս օբյեկտիվ իրականության հիման վրա էլ ԿԲ-ն հանդես էր եկել դրամի արժեզրկմանն ուղղված իր գործիքների կիրառմամբ: Ըստ ԿԲ հայտարարության, այդ «ճշգրտումն» արտացոլում էր տվյալ պահին շուկայում ստեղծված իրավիճակը, ինչի հետ համաձայնվել էին ֆինանսական շուկայի մասնակիցները` հիմնականում բանկերը: Մոտ մեկ շաբաթ, մինչեւ դեկտեմբերի 1-ը, այս փոխարժեքը պահպանվում էր 430-440 դրամի միջակայքում, ինչը հավանական էինք համարել նախորդ հրապարակման մեր կանխատեսմամբ:

Սակայն, նոյեմբերի վերջին հանգստյան օրերից հետո, երկուշաբթի դեկտեմբերի 1-ի առավոտյան բանկերի մասնաճյուղերում եւ փոխանակման կետերում փոխարժեքը կտրուկ փոխվեց` 1 դոլարի դիմաց հասնելով 445-460 դրամ միջակայքին: Սա այն դեպքում, երբ ուրբաթ օրը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում վաճառվել էր ընդամենը 500 հազար դոլար` 1 դոլարը 434 դրամով: Պատկերացում կազմելու համար, թե ինչ նշանակություն ունի բորսայական առեւտրի ցուցանիշը բանկերի մասնաճյուղերի եւ փոխանակման կետերի վրա, տեղեկացնենք, որ բորսայում, պարզ ասածՙ դոլարի մեծածախ վաճառքն է տեղի ունենում, իսկ հետո, փոխանակման կետերում, փոքր ինչ թանկ` մանրածախ վաճառքը: Ընդ որում, այդ փոքր-ինչ թանկը լինում է մի քանի դրամի տարբերությամբ, բայց այս անգամ մեծածախ եւ մանրածախ գնի տարբերությունը կազմեց 15-25 դրամ, ինչը ահռելի շահույթ ապահովեց անցած մի քանի օրերին դոլար վաճառողներին` բանկերին, ֆինանսական կազմակերպություններին եւ փոխանակման կետերին: Բնական է հարց է առաջանում. իսկ ի՞նչ կատարվեց հանգստյան օրերին, երբ փոխարժեքի մեկ շաբաթ առաջվա կտրուկ տատանումից եւ մեկ շաբաթ պահպանվելուց հետո կրկին կտրուկ փոփոխվեց:

Պատասխանը թերեւս ակնհայտ է: Ոչինչ արտասովոր տեղի չունեցավ` միջազգային ֆինանսական շուկայում փոխարժեքների կտրուկ տատանումներ չարձանագրվեցին այդ երկու օրվա ընթացքում, Հայաստանում նույնպես այդ օրերին էական ոչ մի իրադարձություն տեղի չունեցավ, որը կարող էր փոխարժեքի նման կտրուկ տատանման պատճառ դառնալ: Հանգստյան օրերին հաջորդող երկուշաբթի օրն էլ դեռ ֆոնդային բորսայում գործարքներ չէին եղել եւ միջին կշռված փոխարժեք չէր ձեւավորվել, հակառակ բանկերի մասնաճյուղերում եւ փոխանակման կետերում արդեն թռիչք ապրած փոխարժեքի: Հետեւաբար երկուշաբթի օրը ֆինանսական շուկայում տեղի ունեցածը սուբյեկտիվ պատճառներ ունի, կամ ինչպես սիրում են ասել ԿԲ-ում` սպեկուլյատիվ բնույթ էր կրում:

Պարզապես այդ օրը բանկերը ու փոխանակման կետերը որոշել էին հավելյալ սպասումներ ձեւավորելով մարդկանց մոտ, մեծ գումարներ աշխատել: Ընդ որում, առքի (միջինը 445 դրամ) եւ վաճառքի (միջինը 460 դրամ) մեծ տարբերությունից ենթադրվում էր, որ ավելի մեծ արժեզրկման հավանականությունից վախեցած, մարդիկ զանգվածաբար կնետվեն դոլար գնելու, ինչը ավելի կթանկացներ դոլարի գինը: Ահա եւ այն ամբողջը, որ տեղի ունեցավ դեկտեմբերի 1-ին: Հատկանշական է, որ այդ օրը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում արտարժույթի վաճառքի ծավալները դարձյալ փոքր էին` 3,5 մլն դոլար, իսկ փոխարժեքն էլ` 439 դրամ 1 դոլարի դիմաց, դարձյալ զգալիորեն զիջում էր փոխանակման կետերում վաճառվող դոլարի գնից (460 դրամ 1 դոլարի դիմաց): Եթե փոխարժեքի կտրուկ բարձրացումը պայմանավորված լիներ շուկայական գործոններով, ապա գոնե նույն օրը դոլարի վաճառքի մեծ ծավալներ կգրանցվեին նաեւ ֆոնդային բորսայում:

Իսկ ինչո՞վ էր դեկտեմբերի 1-ին զբաղված Կենտրոնական բանկը: Օրվա վերջին ԿԲ-ն հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ փոխարժեքի մեծ տատանումները «կրում են կարճաժամկետ բնույթ», կոչ անելով «զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից եւ անհարկի փոխարկումներից, քանի որ փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում, դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր եւ ակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների»:

Ակնհայտորեն ուշացած կոչ, որը ոչ մի ազդեցություն չունեցավ դոլար գնողների արդեն զանգվածային դարձած խուճապային տրամադրությունների վրա: Ավելին, հենց ԿԲ-ն առաջին հերթին պետք է թույլ չտար իր իսկ մատնանշած արժութային սպելուլյացիաները, որոնք իրականացրեցին հայաստանյան բանկերը, ապա նոր դիմեր հանրությանը նման կոչով: Այդ ամենը պետք է արվեր արագ, «արժութային սպեկուլյացիաները» սկսելու պահին, որպեզի դրանք արագ կասեցվեին եւ սպասումներ չձեւավորեին բնակչության մոտ: Հետագայում ԿԲ կողմից ոչ պաշտոնապես դոլարի վաճառքը սահմանափակելու պահանջ դրվեց բանկերի առջեւ, բայց դրանք միայն մասամբ մեղմեցին դեկտեմբերի 1-ին կատարվածի արձագանքը: Դեկտեմբերի 4-ին փոխարժեքը գտնվում էր 440-450 դրամ 1 դոլարի դիմաց միջակայքում: Սակայն, համապատասխան սպասումների առկայությունը բնակչության մի զգալի մասի մոտ, որն առանց այդ էլ վստահություն չունի ազգային արժույթի նկատմամբ եւ մի յուրահատուկ պաշտամունք ունի դոլարի հանդեպ, հնարավորություն չի տալիս իրական փոխարժեք ձեւավորվելուն:

ԿԲ-ն, փաստորեն, ուշացումով է բանկերին պարտադրել զերծ մնալ դեկտեմբերի 1-ի գործելաոճից, որը ցնցումներ է առաջացնում ֆինանսական շուկայում, բացասաբար ազդում ամբողջ տնտեսության վրա, հանգեցնում է գնաճի ավելացմանը` լրացուցիչ սոցիալական խնդիրներ առաջացնելով, իսկ երկարաժամկետ առումով հեղինակազրկվում է հայկական դրամը, նպաստելով մեր տնտեսության դոլարիզացիայի մակարդակի բարձրացմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ