RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2014-12-08 17:13:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1011, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՄԵԾԱՀՄՈՒՏ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐ ԵՎ ՄԵՐԿԱՑՎԱԾ «ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐ»

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Արեւելագերմանական Հալլե քաղաքի «Մորիցբուրգ» թանգարանում բացվել է արտասովոր ցուցահանդես, որտեղ ներկայացված են կեղծվածքներՙ գեղանկարներ, քանդակներ, գծանկարներ եւ թղթադրամներ:

Կեղծված իրերի ցուցադրանքի գլխավոր «հերոսներն» են Օտտո Վաքերը, Հանս վան Մեեգերենը եւ Վոլֆգանգ Բելտրակկինՙ երեք ինքնօրինակ խոշոր կեղծարարներ: Նրանց օրինակով «Մորիցբուրգ» թանգարանը փորձում է վերլուծել կեղծարարության երեւույթը, կեղծվածքի ստեղծման եւ «օրինականացման» մեխանիզմը:

Կեղծվածքի ժանրը չունի ժամանակային եւ ոճաբանական սահմաններ: Սակայն այստեղ եւս առկա են որոշակի կանոններ: Դրանցից առաջինը եւ գլխավորը այն է, որ պահանջարկն է ծնում առաջարկ: Այսինքն կեղծվում է տվյալ պահին շուկայում պահանջվող ապրանքը: Երկրորդ կանոն. կեղծված իրեր պատրաստելիս վարպետը հաշվի է առնում հավանական գնորդի ճաշակը: Հենց այդ պատճառով կեղծվածքները, ի տարբերություն գլուխգործոցների, հնանում են: Փոքր-ինչ չափազանցնելով կարելի է ասել, որ արվեստի ոլորտում գործող խաբեբան կեղծում է ոչ այնքան անցյալի մեծ վարպետին, որքան նրա վերաբերյալ վճարունակ հանրության արդիական պատկերացումը: Ինչ վերաբերում է երրորդ կանոնին կամ ընդհանրական գծին, դա խարդախ վարպետների հոգեբանական տիպն է. նրանք գրեթե միշտ ձիրքաշատ մարդիկ են եւ հաճախ սերում են ստեղծագործող ընտանիքներից:

Ռուսական հավաքածուի Վան Գոգ

Օտտո Վաքերը (1898-1970) նկարչի որդի էր եւ ոսկերչի թոռ: Փորձել է զբաղվել տարբեր (այդ թվում պարողի) մասնագիտություններով, իսկ 1925 թ. սկսել է կեղծվածքներ ստեղծել Վինսենթ Վան Գոգի ոճով: Այսօր զգացվում են դրանց խամրածությունը եւ ակնհայտ նմանակվածությունը: Սակայն ժամանակին Վաքերը կարողացել է ոչ միայն խաբել գնորդներին, այլեւ շփոթության մեջ գցել փորձագետներին:

Նրա մերկացման առաջին քայլը դարձավ հետեւյալ կասկածելի միջադեպը: Վաքերի պնդման համաձայն, երկու տասնյակ նկարներ ծագում էին ինչ-որ «մասնավոր ռուսական հավաքածուից»: Սակայն դեռ 1920-ականների վերջերին Վան Գոգի զարմիկը, որին նույնպես անվանում էին Վինսենթ Վան Գոգ, հայտարարել էր, որ իրեն հայտնի չէ հորեղբոր նկարների Ռուսաստան տարվելու որեւէ փաստ: Խաբեբային վերջնականապես մերկացրին փորձագետներըՙ անցկացնելով օգտագործված ներկերի քիմիական տարրալուծություն: Ի դեպ, դրանից հետո այդ մեթոդը լայն տարածում գտավ մի շարք խոշոր թանգարանների փորձագետների շրջանում:

Գյորինգին խաբած մարդը

«Մորիցբուրգի» ցուցահանդեսը «իսկական Մեեգերեն» տեսնելու եզակի հնարավորություն է ընձեռում: Այդ առասպելական կեղծարարը 1930-1940-ական թթ. գերմանական եւ հոլանդական դպրոցների «հին վարպետների գործերի» հիրավի զանգվածային արտադրություն կազմակերպեց: Վան Մեեգերենը կեղծարարությունը հասցրել էր կատարելության. նա օգտագործում էր նույն ներկերը, ինչ Վերմեեր Դելֆտացին կամ Պիտեր դե Հոխը, որոնց ստեղծագործությունների կեղծումով ինքը հռչակավոր դարձավ: Մեծ մասամբ նա օգտագործում էր նաեւ այդ վարպետների ժամանակաշրջանի կտավներ, որոնց վրայից քերում-հանում էր սակավարժեք պատկերները, նշում է «Դոյչե վելլե» ռադիոկայանը:

Վան Մեեգերենի կենսագրության ամենափայլուն էջը «Քրիստոսը եւ դատավորները» գեղանկարի վաճառքն է ռայխսկանցլեր Հերման Գյորինգին: Թեեւ նկարիչը իր հանցակից նկարավաճառին խստիվ արգելել էր կեղծվածքներ վաճառել նացիստներին, վերջինս չէր դիմացել գործարքից խոշոր շահույթ ստանալու գայթակղությանը:

Պատերազմից հետո Վան Մեեգերենին ձերբակալեցին հենց այն մեղադրանքով, որ ազգային ունեցվածք է վաճառել թշնամուն: Նա ստիպված խոստովանեց, որ զբաղվել է կեղծարարությամբ, որի համար իրեն սպառնում էին բանտարկության ավելի կարճ ժամկետ եւ ավելի փոքր խայտառակություն: Իր ասածն ապացուցելու նպատակով բանտում ստեղծեց եւս մեկ «Վերմեեր». այդպես ի հայտ եկավ «Տաճարում աղոթող երիտասարդ Քրիստոսը» գեղանկարը:

Կեղծվածք եւ նմանակում

Անշուշտ, կեղծվածք հանդիսանում են հին արվեստի ոչ բոլոր պատճենումներն ու նմանակումները: «Կեղծվածքը առհասարակ ոչ թե արվեստաբանական, այլ իրավաբանական եզրույթ է», ընդգծում է «Մորիցբուրգի» ցուցահանդեսի կազմակերպիչ Լիլլի Վայսվայլերը: Վերջին հաշվով Վան Մեեգերենի կտավները եւս ունեն անվիճելի գեղագիտական արժանիքներ: Նույնը կարելի է ասել նաեւ մուրանյան հնօրյա ապակեղենի կամ «հին հռոմեական» ոճի բրոնզե քանդակների ճարտար նմանակումների մասին:

Որոշ ստեղծագործություններ (մասնավորապես, փորձագիտական շրջանակներում որպես «իսպանացի անհայտ վարպետի գործեր» կոչվողները) զուտ գեղարվեստական առումով միանգամայն կարող են մրցել հնօրյա իրերի հետ: Դա վերաբերում է, օրինակ, օդեսացի ոսկերիչ Իզրայիլ Ռուխոմովսկու խույրին, որն իբր պատկանել է սկյութ տիրակալ Սայտաֆեռնին: 1896 թ. Լուվրի թանգարանը տվյալ խույրը ձեռք բերեց այն ժամանակվա համար հսկայական գումարովՙ 200 հազար ֆրանկով: Կեղծիքի բացահայտումից հետո Ռուխոմովսկին Փարիզում սկսեց աշխատել արդեն որպես ինքնօրինակ ոսկերիչ:

Ցուցադրության կազմակերպիչների խոսքերով, նախագծի նպատակն է ոչ միայն ցուցադրել հետաքրքրաշարժ իրեր, այլեւ տեսականորեն իմաստավորել կեղծարարության խնդիրը, որն ավելի ու ավելի լայն տարածում է գտնում եւ մարտահրավերի երանգ ստանում: Այդ նպատակով ցուցահանդեսի շրջանակներում արդեն անցկացվել է քննարկում, որին մասնակցել են թանգարանային գործի փորձագետներ:

Ընդհանուր հետեւությունն այս է. կեղծվածքների հեղեղից շուկան հնարավոր է փրկել միայն անկախ լաբորատորիաների, արվեստաբանների, թանգարանների աշխատակիցների, հին իրերի եւ արվեստի գործերի հայտնի առեւտրականների միջճյուղային սերտ համագործակցությամբ: Սակայն փորձագետները կասկած չունեն, որ քանի դեռ գոյություն ունի պահանջարկ, կլինի նաեւ առաջարկ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ