RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014



ՀՐԱՏԱՊ

Տեղադրվել է` 2014-12-19 00:07:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1783, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՎՍՏԱՀ Է ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից

Դեկտեմբերի 18-ին Մոսկվայի Միջազգային առեւտրի կենտրոնի շենքում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոբելյանականՙ թվով 10-րդ մամուլի մեծ ասուլիսը, որին մասնակցելու համար Ռուսաստանից եւ այլ երկրներից հավատարմագրվել էին զանգվածային լրատվության միջոցների 1.259 ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ` Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակիցը:

Ասուլիսը մեկնարկեց Մոսկվայի ժամանակով ժամը 12.00-ին եւ նախատեսված էր անցկացնել մեկուկես ժամից ոչ ավելի, սակայն աննախադեպ մեծ հետաքրքրություն առաջացրած այդ հանդիպումը տեւեց ավելի քան երեքուկես ժամ: Միջոցառումը ուղիղ հեռարձակվում էր ինչպես ռուսական «Առաջին», «Ռոսիա 1», «Ռոսիա 24» ալիքներով, այնպես էլ youtube-ի ինտերնետային ցանցով:

Ռուսաստանի նախագահի հաշվետու ասուլիսի հիմնական թեմաները վերաբերում էին տնտեսական եւ միջազգային խնդիրներին, ներքաղաքական իրադրությանը, Եվրասիական տնտեսական միության հետ կապված հարցերին եւ այլն:

Լրագրողների առաջին հարցերը, ինչպես եւ սպասվում էր, ռուբլու անկման եւ ԱՄՆ դոլարի բարձրացման շուրջ էին: Լրագրողներից ոմանք գնահատականներ հնչեցրին, որ Ռուսաստանում բարդ իրավիճակ է, ռուսական տարադրամի շուկայումՙ խուճապ, սպասվում է ապրանքների թանկացում: Այս ամենին գումարվում են նաեւ Արեւմուտքի կողմից նոր պատժամիջոցների սպառնալիքները:

«Տնտեսության ներկայիս իրավիճակը պայմանավորված է հիմնականում արտաքին գործոններով»,- ասաց Պուտինը: Պետության ղեկավարը հնարավոր համարեց ռուբլու վերարժեւորման կուրսի պահպանությունը եւ խոստացավ հարգել բոլոր սոցիալական պարտավորությունները. «Ես հուսով եմ, որ այսօրվա եւ երեկվա արտարժույթի փոխարժեքի անկումը եւ ռուբլու արժեքի բարձրացումը կշարունակվի»,- ասաց նա: Պուտինը հույս հայտնեց, որ արտարժույթի փոխարժեքի նվազումը ռուբլու նկատմամբ կշարունակվի: Միեւնույն ժամանակ, Պուտինը նշեց, որ Կենտրոնական բանկը եւ կառավարությունը ձեռնարկում են համապատասխան միջոցներՙ իրավիճակը կայունացնելու համար: Ռուսաստանի տնտեսությունն անպայման, առավելագույնը 2 տարվա ընթացքում դուրս կգա ճգնաժամային իրավիճակից, հայտարարեց Վլադիմիր Պուտինը:

Անդրադառնալով նավթի նվազող գներինՙ ՌԴ նախագահը համամիտ էր այն կարծիքին, որ նավթի գների հետագա նվազումը կազդի ազգային արժույթի եւ հետեւաբար մյուս բոլոր ցուցանիշների վրա: Նա հավելեց նաեւ, որ էկոնոմիկայի հարմարեցումը նավթի ցածր գներին անխուսափելի է, եւ շեշտեց տնտեսությունը դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը:

Խոսելով Մաքսային միության հետագա ճակատագրի մասինՙ Պուտինը նշեց, որ Մաքսային միության գոյության ընթացքում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառությունը աճել է 50%-ով:

ՌԴ նախագահը հայտարարեց, որ նախագահական հաջորդ ժամկետի համար առաջադրվելու որոշումը կկայացնի երկրում աշխատանքի արդյունքներից ելնելովՙ եւ նախագահական, եւ կառավարական մակարդակներում, բայց դրա համար դեռ վաղ է: Պուտինը հավաստիացրեց լրագրողներին, որ չի մտածում իր վարկանիշը պահպանելու մասին, նախընտրում է զբաղվել հստակ աշխատանքով:

«Ազգի» թղթակցին, ցավոք, այդպես էլ չհաջողվեց իր հարցը հնչեցնել, քանի որ Վլադիմիր Պուտինը դահլիճում «անկանխատեսելի» էր, եւ ամեն անգամ «ձեռքերի անտառից» ինքն էր մատնացույց անում լրագրողներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ