RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014



Տեղադրվել է` 2014-12-19 00:07:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2416, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՎԵՐՄԻՇԵԼԻ ՓԼԱՎ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

1990-ականներին, երբ մենք դեռ չէինք վաճառել մերՙ այսօր 25 հազար դոլար արժեցող երկու սենյականոց բնակարանը ընդամենը 2500 ԱՄՆ դոլարով, երբ հայրս մշտական աշխատանք չուներ, չնայած ամեն օր երեկոյան ինձ ու քրոջս կոնֆետ էր բերում, եւ հաջորդ օրվա ճաշի համարՙ վերմիշելի նորանոր տեսակներ, մի օր ես արթնացա մորս լացի ձայնից: Երկար ժամանակ պետք չէր ինձ հասկանալու, որ հայրս տանը չէ, ավելինՙ չի էլ վերադարձել այդ օրը տուն, բայց մայրս արտասվում էր ոչ թե որովհետեւ նա չէր եկել, այլ քանի որ նա գիտեր, թե ինչու չի եկել:

Հորս պատերազմ էին տարել, հենց այդպես, փողոցից, իր կամքին հակառակ, այսինքն երբ հայրս ասել էր, որ թողնեն տուն գաՙ մեզ ցտեսություն ասի, նոր ուր ուզում են կգնա, չէին համաձայնել: Նստեցրել էին «Վիլիս»-ն ու տարել:

Ապրեցինք: Մի օր անգամ նամակ ստացանք հորիցս, որ լավ է, որ շուտով կգա, եւ որ ես, եթե պետք լինիՙ գնամ դիմացի բակի մթերքի խանութն ու խանութպան Վաչիկին ասեմՙ մեզ վերմիշել տաՙ «նիսյայով», մինչեւ պապան կգաՙ կտա:

Պետք է խոստովանելՙ ես ինձ շատ լավ էի զգում, անգամ, երբ գնում էիՙ Վաչիկի խանութ. հայրս կռվում էր, հայրս, ուրեմն հերոս էր, հայրս ուրեմն ուժեղ էր: Այդ տարիներին ես երկու անգամ կարդացի «Գեւորգ Մարզպետունի» վեպը...

Հավաքները եռամսյա էին: Այսինքնՙ երեք ամիս անց հայրս եկավ, նա սափրված էր, ինչը ինձ զարմացեց, քանի որ մեր բակում ո՛վ վերադառնում էր պատերազմիցՙ մորուքով էր լինում: Ես հասկացա, որ մորուքը պատերազմի սպի չէ, այլՙ դրա հետ ոչ մի կապ չունեցող բնավորություն:

Մենք ավելի լավ ապրեցինք, չնայած հաճախ էինք էլի վերմիշել ուտում, բայցՙ ամբողջ ընտանիքով:

Տարիներ անցան, պատերազմն ավարտվեց, ով կարող էրՙ վերադարձավ, ցավոքՙ ոչ բոլորը: Մեր բակից ավելի շատերը չկարողացան վերադառնալ, բայց ամենաշատերըՙ առհասարակ չգնացածներն էին. խաղաղությունը, ինչպես եւ պատերազմը տղամարդու անհրաժեշտություն ունի, եւ տղամարդը միայն պատերազմ գնալու համար չէ, անգամ, երբ պատերազմ էՙ հայ-րե-նա-կան: Մեղադրելի չէ, մեղադրելի ոչ ոք չէ, քանի որ բոլորն ընտանիք ունեն, որի առջեւ պատասխանատու են:

Արդեն հիմա, երբ պատերազմն ու վերմիշելը ինձ համար գոնե անցած էտապ են, ես ոչ մի տեղ չեմ հայտարարում, որ հայրս, գիտե՞ք, ազատամարտիկ է: Նա ինքը դա չի ընդունում եւ չի հայտարարում: Ազատամարտիկն, ըստ իս, կամ 1994-ից այն կողմ բոլոր ծնվածներս ենք, կամ միայն նրանք, ովքեր պատերազմի առաջին օրից են գնացել եւ կա՛մ չեն վերադարձել, կա՛մ վերադարձել են վերջում, ամենավերջում, ոչ թեՙ երեք ամիս անց, ինչպես հայրս:

Հայրս պատերազմի մասնակից է, բայց ո՞վ, հարցնում եմ, ո՞վ պատերազմի մասնակից չէՙ այն մարդկանցից, ովքեր ծնվել են 1994-ց այն կողմ:

Ուրեմն ո՞ւմ ենք այսօր Հայաստանում զարմացնումՙ «ես ազատամարտիկ եմ» բղավելով... Երբ հայրս կռվում էր, ես ու մայրս երկու օրով գնացինք նրա մոտ: Մայրս գաթա էր թխել, հորս պաշտելի գաթան: Ես երկու օր մնացի պատերազմի հենց մեջը, եւ եթե ձեզանից շատերը իրենց ազատամարտիկ են կոչում, ուրեմն ես էլ, հայրս էլ, մայրս էլ... ազատամարտիկ ենք:

Իսկ ազատամարտիկին չի կարելի ծեծել, ոչ թե որովհետեւ նա ազատամարտիկ է, այլ որովհետեւ մարդուն չի կարելի ծեծել:

Ես էլ այլեւս վերմիշելի փլավ չեմ ուտում, բայց, սա, իհարկե, իմիջիայլոց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ