RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014



ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Տեղադրվել է` 2014-12-19 00:07:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2264, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 8

«ԲԻՐԴԱՆ» ՄԻԼԻՈՆԱՏԵՐԵՐԻ, ՔԱՋ ՆԱԶԱՐՆԵՐԻ ԵՎ ԵՐԱԽՏԱՄՈՌՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ՎԱԼԵՐԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, Մոսկվա

Մի իմաստուն մարդ ժամանակին ասել է` հեղափոխությունը նախապատրաստում են հանճարները, իրականացնում են ռոմանտիկները, իսկ պտուղները վայելում են սրիկաները... Գերմանիայի առաջին կանցլեր Օտտո Բիսմարկի կողմից դեռեւս երկու դար առաջ հնչեցված այս խոսքերը համահունչ են մեր ժամանակներին եւ չեն կորցրել իրենց այժմեականությունը: Այս հրապարակումը ուրիշի տարիների տքնանքը անօրինաբար ճանկած-սեփականացրած եւ դրա պտուղները վայելող սրիկաների մասին է:

Ներկայացվող փաստարկները, համոզված ենք, սենսացիոն բացահայտում լինելուց բացի, նաեւ շառաչուն ապտակ կլինեն այն մարդկանց, ովքեր արդեն քանի տարի ոչ միայն հալած յուղի տեղ են ընդունում ամենատարբեր ամբիոններից շեփորահարվող սուտն ու կեղծիքը, այլեւ խիղճ ու ամոթ կորցրածՙ քաջալերում, հովանավորում եւ խնամքով թաքցնում են այդ ամենը:

Ռուսաստանում հրատարակվող «Նոյեվ կովչեգ» թերթն իր այս տարվա համարներից մեկում հարցազրույց է անցկացրել Հայաստանի ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Սամվել Սարգսյանի հետ («Самвел Саргсян: Я оптимист, и вокруг меня много честных людей»: Ինտերնետային տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ` http://www.noev-kovcheg.ru/ mag/2014-01/4294.html):

Այն, որ Հայաստանի ազգային ժողովի պատգամավորն իրեն լավատես անձնավորություն է համարում եւ գտնում է, որ ինքը շրջապատված է ազնիվ մարդկանցով, դա, ինչ խոսք, դրվատելի ցանկություն է: Բայց արդյո՞ք նա` Հայաստանում մեծամասնություն կազմող կուսակցության պատգամավորն ու ինչպես ինքն է ներկայանում հանրությանը` մոսկովյան «Ararat Park Hyatt» հյուրանոցի սեփականատեր, «խցրՌվպ» շինարարական կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սամվել Սարգսյանը, ազնիվ ու պարկեշտ է հանրության եւ իրեն շրջապատող մարդկանց նկատմամբ: Պատասխանը մեր կարծիքով մեկն է` ՈՉ: Իրականումՙ այս անձնավորության մոլեռանդ հավաստիացումներն ընդամենը շղարշ ենՙ կոծկելու եւ քողարկելու դեռեւս նրա իրավանախորդիՙ վաղամեռիկ եղբոր կողմից շրջանառության մեջ դրված մեծ կեղծիքը: Իսկ այսօր նա` պատգամավոր Սամվել Սարգսյանը, «Նոյեվ կովչեգ»-ի միամիտ թղթակցին եւ ընթերցող հանրությանը, ովքեր ոչինչ չգիտեն տարիներ առաջ կատարված այդ կեղծիքի եւ երախտամոռության մասին, անվրդով պատմում է իրենց գերդաստանի պատմությունը, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում անցկացրած տարիները, որոնք լի են եղել դժվարություններով, զրկանքներով եւ աղքատությամբ: Նաեւ ներկայացնում է, ինչպես ասացինք, այս պատմության հետ ամենաուղղակի կապ ունեցող իր վաղամեռիկ եղբոր` Մուրադ Սարգսյանի պատմությունը` նշելով, որ ավագ եղբայրը ընտանիքի կարիքները հոգալու նպատակով 1980-ականների վերջերին, ճարահատյալ, գյուղից մեկնել է Երեւան, ընկերների հետ կախովի առաստաղների տեղադրման գործ են սկսել, իսկ որոշ ժամանակ անց` արդեն 1990-ականների սկզբներին, Հայաստանում տիրող համընդհանուր սովի, աղքատության եւ խավարի օրհասկան ժամանակներում, այլ ելք եւ ապրուստի միջոց չունենալով` ուղեւորվել է Մոսկվա` այդ տարիների իր բազմաթիվ հայրենակիցների պես բախտ որոնելու...

Նշված բարդ ու դժվարին ժամանակներին շատ թե քիչ քաջատեղյակ ընթերցողը հիմա թող վկայի` ինչպիսի՞ն պիտի լիներ այլեւս ոչ «արեւային Հայաստանից», այլ զրկանքների մեջ թաթախված երկրից Ռուսաստանի նման անծայրածիր երկրի մայրաքաղաք ոտք դրած 31-ամյա անփորձ, անհույս եւ շատ բաներից անտեղյակ երիտասարդի հոգեվիճակը, որի մասին այսօր կրտսեր եղբայրը` ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանը, հանգիստ խղճով պատմում է, թե Մուրադը Մոսկվայում շինարարական-վերականգնողական կոոպերատիվ է հիմնել եւ սկզբից եւեթ անվերապահորեն նրան են վստահել ՌԴ մայրաքաղաքի ամենանշանավոր եւ պատմական արժեք ունեցող այնպիսի շենքերի ռեստավրացիոն-վերականգնողական աշխատանքները, ինչպիսիք են Տրետյակովյան պատկերասրահը, Ռուսաստանի մշակույթի ֆոնդը, Մուսին-Պուշկինի առանձնատունը եւ մի շարք այլ երեւելի շինություններ...

Ճշմարտությունն այն է, որ Մուրադը, որպես աշխատող եւ կատարող, իրոք մասնակցել է մի շարք շենքերի վերականգնողական աշխատանքներին, սակայն ... շինարարությունից գիտակ եւ հզոր անհատականության տեր մի մարդու, մեր տաղանդավոր հայրենակիցներից մեկի «թեւի տակ» եւ նրա հովանու ներքո (նրան քիչ հետո կներկայացնենք): Ինչեւէ, շարունակենք:

«Դժբախտաբար,- հարցազրույցում ասում է Սամվել Սարգսյանը,- եղբայրս վաղ հեռացավ կյանքից (մահացել է ծանր հիվանդությունից.-հեղ.), բայց նա կարողացավ իրականություն դարձնել երազանքը` Մոսկվայում հիմնել «Արարատ» հյուրանոցը: Ցավոք, եղբայրս չհասցրեց տեսնել նաեւ Մոսկվայում հայկական եկեղեցու բացումը, որն ինքն էր սկսել կառուցել»...

Իսկ հիմա իր վաղամեռիկ եղբոր մոսկովյան տարիների գործունեությունը բառացիորեն ծուռ հայելում ներկայացնող եւ իրողություններն աղավաղող պատգամավորին, ինչպես նաեւ «Նոյեվ կովչեգ» թերթին ու ընթերցողական լսարանին ներկայացնենք իրականությունը:

Նախ մի մեջբերում «Ազգ» թերթի անցյալ տարվա հրապարակումներից մեկից. «90-ականների սկզբներին Հայաստանում տիրող համատարած խավարի եւ ցրտի այն դժվարին տարիներին, երբ զանգվածային արտագաղթ սկսվեց հատկապես Ռուսաստան` Վարդգես Արծրունին այն եզակի մարդկանցից է եղել, որ անշահախնդիր օգնության ձեռք է մեկնել իր շատ ու շատ հայրենակիցների, անծանոթ մարդկանց, որոնցից մի քանիսն անգամ չէին կարողանում հոգալ իրենց ընտանիքների տարրական պահանջմունքները (Արծրունին էր նրանց կերակրում), հետագայում լավ գործի տեր են դարձել, հզորացել եւ այսօր միլիոնատերի համարում ունեն Ռուսաստանում...»:

Այդ մարդկանցից մեկը, հարգելի ընթերցող, որը ի պատիվ իր մեծ բարերար եւ հովանավոր Վարդգես Արծրունու, կարողացել է իր տեղը գտնել մեծ արեւի տակ եւ առաջ գնալ, եղել է Մուրադ Սարգսյանը...

Մեկ անգամ եւս հիշեցնենք, թե ով է Վարդգես Արծրունին եւ կոնկրետ ինչ դերակատարում է ունեցել ՌԴ մայրաքաղաք նոր-նոր ոտք դրած Մուրադ Սարգսյանի կյանքում:

«Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար», «Մոսկվայի պատվավոր շինարար» կոչումների, «Ռուսաստանի փառք», «Ժողովուրդների բարեկամության» եւ «Պատվո նշան» շքանշանների, «Աշխատանքային փառքի» եւ «Աշխատանքի վետերան» մեդալների դափնեկիր, արմատներով ղարսեցի Վարդգես Արծրունին, որ Հայրենիքում առաջին անգամ ոտք էր դրել 17 տարեկանում, դրանից շատ տարիներ անց, 1987 թվականին, Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարության ժամանակ հրավիրվել է Հայաստան եւ մեր ժողովրդի համար այն դժվարին ու ճակատագրական տարիներին ստանձնել ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալի, ապա ՀԽՍՀ շինարարության պետական կոմիտեի նախագահի պաշտոնները` Հայաստանում մնալով մինչեւ 88-ի դեկտեմբերյան աղետի հետեւանքների վերացման աշխատանքները բնականոն հուն մտնելը:

Վարդգես Արծրունին 1966 թվականից ղեկավար պաշտոններ է զբաղեցնում շինարարության բնագավառում: 1991 թվականին աշխատել է Մոսկվայի կառավարության շինարարական դեպարտամենտում, որպես ղեկավարի տեղակալ, ապա` «Մոսինտերշին» միավորման պետ: Ներկայումս ռուսաստանյան «Արտսինվեստ» հոլդինգի գլխավոր տնօրենն է: Հայ եկեղեցու Ռուսաստանի թեմի թեմական խորհրդի անդամ է, Շուշի քաղաքի «Վերածնունդ» հիմնադրամի հոգաբարձու: Ունի հայ կին, 2 դուստր եւ 4 թոռնիկ:

Այսօր քչերին է հայտնի, որ անցյալ տարի Մոսկվայի կենտրոնում մեծ հանդիսավորությամբ բացված Հայկական եկեղեցական համալիրի հսկա տարածքը Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովից, գործադրած մեծ ջանքերի շնորհիվ եւ աներեւակայելի արգելքներ հաղթահարելով, ձեռք է բերել Վարդգես Արծրունին` իր այդ ազգանվեր արարքի համար արժանանալով Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն պարգեւի` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանի եւ հավատավոր քրիստոնյաների օրհնանքներին:

Համառոտակիՙ այսպիսին է Վարդգես Արծրունու ոչ ամբողջական կերպարը, եւ ինչպես վերը նշեցինք, հենց նա է 90-ականների սկզբներին մեծահոգաբար եւ հայրաբար ձեռք մեկնել Մուրադ Սարգսյանին, օգնել ոտքի կանգնելու, փողի տեր դառնալու... Ցավոք, այս իրողությունը փորձում են շրջանցել նրա հարազատները, մոռանալ եւ ուրանալ կարեկցանքն ու անշահախնդիր ձեռքմեկնումը, ինչը, դժբախտաբար, վերջում մոռացավ նաեւ հենց ինքը` Մուրադ Սարգսյանը, որը Մոսկվա ոտք էր դրել 50 հոգուց բաղկացած շինարարական խմբի կազմում որպես հասարակ եւ շարքային շինարար, եւ ընդ որում` հենց Վարդգես Արծրունու հրավերով...

Երախտամոռների հիշողությունը շատ կարճ է, ինչը պատահեց նաեւ շարադրվող պատմության հերոսի հետ: Նպատակը եղել է մեկը` անազնիվ ճանապարհով, ստի եւ կեղծիքի գնով ձեռք գցել ուրիշի ունեցվածքին եւ տիրանալ ոչ ավելի ոչ պակաս` Վարդգես Արծրունու սեփականությունը հանդիսացող, Կրեմլի հարեւանությամբ գտնվող շենքին, որն այսօր կրում է «Ararat Park Hyatt» անունը:

Ոչ, հարգելի ընթերցող, սա էժանագին սենսացիա եւ տպավորություն թողնելու համար արվող հայտարարություն չէ, այլ իրողություն, շատ տխուր իրականություն, երբ տարիներ շարունակ անմարդկային մեթոդներ գործի դնելով, ընդ որումՙ բարձր մակարդակներով, փորձում են մարդուց խլել իր սեփականությունը: Այս դրվագի վրա էլ լույս սփռենք:

Մոսկվայի պատմական կենտրոնումՙ Կարմիր հրապարակի եւ Մեծ թատրոնի հարեւանությամբ գտնվող եւ ՌԴ մայրաքաղաքում նախկինում հայտնի «Արարատ» ռեստորանի շենքի նոր սեփականատեր Վարդգես Արծրունին դեռեւս 90-ականներին մի օր իր մոտ է կանչում իր «ձեռքի տակ» հլու-հնազանդ եւ խոնարհ աշխատող Մուրադ Սարգսյանին ու հայտնում, որ իրեն պաշտոնի հերթական առաջխաղացում է սպասվում եւ ինչ-ինչ նկատառումներից ելնելով` հարկավոր է այդ շենքի փաստաթղթերն ու ամբողջ թղթաբանությունը ժամանակավորապես ձեւակերպել նրա` Արծրունու վստահությունը վայելող Մուրադ Սարգսյանի անվամբ...

Կարճ ժամանակում վերաձեւակերպումը կայանում է, բայց այն, ինչ տեղի է ունենում հետագայում, վեր էր ամեն սպասվածից: Ամեն ինչ գլխիվայր շրջվում է, երեկվա խոնարհ ու վստահելի մարդը դառնում է բառի բուն իմաստով երախտամոռ եւ ուրացող` շանտաժի ամենագետնաքարշ միջոցները գործի դնելով եւ պնդելով, թե «Արարատ»-ն իրենն է ու` վերջ...

Եվ այսօր, նրա մահից հետո էլ նույն «գործը», հանձին իր զորեղ հովանավորների, շարունակում է նրա եղբայրըՙ տարբեր շնորհանդեսների ժամանակ եւ լրատվամիջոցներով արտաբերելով այն նույն կեղծիքը, թեՙ Կրեմլի հարեւանությամբ գտնվող շենքի սեփականության իրավունքն իրենցն է: Այս առնչությամբ ընդամենը մի մեջբերում կատարենք 2011 թ. մայիսի 24-ի հայաստանյան ԶԼՄ-ներից մեկի մի հրապարակումից. «Մոսկովյան «Ararat Park Hyatt»-ի շուրջ հետագայում խոսակցություններ շրջանառվեցին, որ հյուրանոցի բաժնետերը միայն Սարգսյան ընտանիքը չէ, այլ կան նաեւ այլ հայազգի բաժնետերեր: Ըստ մեր աղբյուրների` երեւանյան «Ararat Park Hyatt» հյուրանոցի բաժնետերերի շարքում եւս, բացի Սամվել Սարգսյանից, հայաստանցի որոշ քաղաքական-տնտեսական գործիչներ կան»

(աղբյուրըՙ http://www.tert.am/ am/news/2011/05/24/168jam/www.youtube.com/user/tertamarmenia/?sw):

Այս մեջբերումն, իհարկե, դարձյալ աղավաղված ձեւով է ներկայացնում իրականությունը, բայց փաստը մնում է փաստ, որ արդեն Հայաստանում էլ կասկածի տակ է դրվում «Ararat Park Hyatt»-ի իրական սեփականատիրոջ շուրջ խոսակցությունը:

Ինչեւէ: Մենք այսօր փորձեցինք համառոտակի շարադրել դեպքերի զարգացման իրական ընթացքն ու ներկայացնել ճշմարտությունը: Ահա եւ այս հրապարակման վերնագրիՙ առաջին հայացքից ոչ սովորական, բայց իրականությունն արտացոլող իմաստը:

Իսկ Վարդգես Արծրունին այս էլ քանի տարի ռուսաստանյան դատական ատյաններում փնտրում է արդարությունն ու ճշմարտությունը, բայց այդպես էլ չի գտնում, քանի որ որոշակի շրջանակների այսօր ձեռնտու չէ լսել նրա ձայնը:

Փաստեր շատ ունի, բայց դեռեւս անհաղթահարելի խոչընդոտներ կան: Դատարանի վրա ազդելու, իրողությունները նենգափոխելու եւ ցանկալի արդյունքի հասնելու համար, օրինակ, հեռախոսազանգերը մինչ օրս չեն դադարում: Ընդ որում` «շատ վերեւներից»: Եվ ռուսաստանյան, եւ թե հայաստանյան: Բայց հույսը չի կտրում: Համոզված էՙ փակուղին կբացվի եւ ճշմարտությունը մի օր կհաղթանակի:

Խմբ. կողմից.- «Ազգ»-ը պատրաստ է հրապարակելու հակառակ կողմի տեսակետներն ու առարկությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 19-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ