RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014



Տեղադրվել է` 2014-12-25 23:23:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1331, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԱՄԱՆՈՐԻ ՍԵՂԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՐԵՎԱՋՐԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Արդեն շատերս գիտենք, որ հայրենասիրությունն այն հարցի պատասխանն է, թե ինչո՞ւ ենք մենք ապրում բոլորից վատ: Սա եթե հարցին, ավելի ճիշտՙ հարցերին նայենք գլոբալ առումով: Հարցերը տեղայնացնելու, անգամ մասնավորեցնելու պարագայում մենք դեռ չենք հասկացել, թե ինչու ենք ապրումՙ բոլորից վատ: Ընդ որում, վատ կամ լավ ապրելը մեզանում հստակ չափման մեխանիզմ ունի: Ենթադրենքՙ գալիք Ամանորի սեղանները գուցե Սփյուռքիցՙ տոների կապակցութամբ վերադարձածների համար հայաստանցիների ապրուստի չափման մեխանիզմ լինեն, բայց իրականում բոլորս էլ գիտենք, որ մեր Ամանորի սեղանների բուդը կամ «ասետրինան» մեր լավ ապրուստի մասին չի խոսում: Բոլորս էլ հասկանում ենք, որ բոլորի Ամանորի սեղանները պարտքով են, ընդ որում հաճախ բարեկամներից մեկը սեղան քցելու համար պարտք է անում մյուսից, ով ինքն էլ իր տան սեղանը քցելու համար պարտք է արել երրորդից, սա էլՙ չորրորդից, վերջինս էլ գուցե վարկ է վերցրել բանկից:

Այս փողի վերադարձի պատմությունը, սակայն, ավելի ուշագրավ է, քանի որ նախ գումարը հետ է պահանջումՙ բանկը, մասնավորաբար գալիս է տոկոս եւ մայր գումար մարելու օրը: Վարկառուն, հասկանալի է, գնում է իրենից պարտքով փող վերցրած բարեկամի տուն, սա էլՙ նրա տուն, ում ինքն է տվել, սա էլՙ նրա տուն, ում ինքն է տվել: Արդյունքում բարեկամությունը, մեղմ ասած, ճեղք է տալիս։ Բայց սա կարեւոր չէ, կարեւորն այն է, անշուշտ, որ վարկառուի վարկային պատմությունն է փչանում, ինչը նշանակում է, որ փողի ձեռք բերման այլ ճանապարհ չկա, քանի որ փչացած վարկային պատմությամբ քաղաքացուն բանկերը վարկ չեն տալիս:

Ուրեմն, եթե հարցերից մեկը տեղայնացնենք, ապա կստացվի, որ մենք վատ ենք ապրում, քանի որ վարկ ենք վերցնում, իսկ վարկ ենք վերցնում, որպեսզի Ամանորի սեղան քցենք։ Եզրակացությունՙ մենք վատ ենք ապրում, քանի որ Ամանորի սեղան ենք քցում, եւ, հետեւաբար, վատ չենք ապրի, եթե այդ սեղանը չքցենք, գոնե այդ տեսքով:

Բայց սա դեռ ամենը չէ. բոլորս էլ արդեն գիտենք, որ որակն այն է, երբ դու ամեն բան ճիշտ ես անում, անգամ երբ քեզ ոչ ոք չի նայում անելիս: Այսինքն, ենթադրենք մեկը մայթերին սալիկ խփող վարպետ է, եւ ենթադրենք այս մեկը սալիկ է խփում քաղաքի փողոցներից մեկի աջ մայթին: Հիմա, եթե նա գիտի որակն ինչ է, եւ եթե նրա համար կարեւոր է իր աշխատանքի որակը, ապա նա յուրաքանչյուր սալիկի տակ պարտադիր ցեխ կթափի, որպեսզի ամեն մի սալիկ ամուր կպչի գետնին: Այսպես այս մարդը կանի անգամ այն ժամանակ, երբ շեֆը տարածքում չէ, իսկ շեֆը հիմնականում տարածքում չի լինում: Իսկ եթե սալիկապատման վարպետի համար որակն ամենեւին էլ կարեւոր չէ, գոնե սեփական աշխատանքի արագությունից, հետեւաբար շուտ փող ստանալուց, ապա նա կարող է հատկապես շեֆի բացակայության պայմաններում ամեն մի սալիկի տակ ցեխ չթափել, այլ սալիկն ուղղակի դնել գետնինՙ թող որ մի քանիսն էլ կպած չլինեն սկզբունքով: Արդյունքում, երբ այս գործն արդեն հանձնվի, եւ երբ ուժեղ անձրեւին քաղաքացիներն անցնեն այս փողոցի աջ մայթով, ապա ցեխով չկպցրած սալիկների տեղաշարժից նրանց վրա կթափվի դրանց տակ հավաքված անձրեւաջուրը, ինչից հետո քաղաքացիներն, անուշտ, մի լավ կհիշեն սալիկապատող վարպետին, չմոռանալով վերջում կիսաբարձր շշնջալՙ դե երկիրը երկիր չի, էլի Արդյունքումՙ երկիրը լսում է եւ շարունակում է երկիր չդառնալ:

Ուրեմն, որպեսզի մենք մի փոքր ավելի լավ ապրենք, պետք է ամեն ինչՙ ինչ անում ենք, որակով անենք Չի բացառվում, որ երկիր դառնանք, հիմա էլ ենք, ուղղակի հաճախ, երբ անձրեւին քայլում ենք հենց մեկ ամիս առաջ սալիկապատված փողոցներով, դրանց տակի անձրեւաջուրը դե դուք հասկացաք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014

AZG Daily #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ