RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 30-01-2015



ԹՈՒՐՔԱՊԱՏՈՒՄ

Տեղադրվել է` 2015-01-29 23:28:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1449, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 25

ԴՈՂՈՒ ՓԵՐԻՆՉԵՔ. «ԼԵՄԿԻՆԸ ԻՐԱՎԱԲԱՆ ՉԷՐ... ՄԵՆՔ ԵՆՔ ԻՐԱՎԱԲԱՆ, ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԽՈՍԵԼ ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հունվարի 28- ն է: Ստրասբուրգի ՄԻԵԴ-ում ժամը 9 անց 15 սկսվող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատավարությանը 7 րոպե է մնացել: Միայն ֆոտոլրագրողներն են աշխույժ լուսանկարում այս կամ այն ճանաչված անձին, մեկ էլ թուրք հեռուստալրագրողներըՙ հպարտ մի երեւույթով, որ իրենց իրավաբանների, դիվանագետների, քաղաքական ընտրանին կուռ շարքով ներկա է: Մտածեցի պահը հարմար է ու հայտնվեցի Հայոց ցեղասպանության ջերմեռանդ ժխտողի դիմաց, որ թեպետ արտաքուստ կայտառ տեսքինՙ շատ հանգիստ էլ չէր: Թուրքիայի սահմաններից դուրս գտնվելու արտոնությունը հենց ՄԻԵԴ -ում ներկայանալու առիթով ստացած Փերինչեքի կարմիր փողկապը միակ արնագույն «լրացումը» չէր նրա արտաքին տեսքին. արցունքակալած, կարմրած, ճպռոտած աչքեր ուներ, գիշերը չի՞ քնել, թե՞ ծանրագույնՙ ժխտողականության ախտով վարակված լինելուց բացի տառապում է այլ հիվանդությամբ էլՙ պատմական իրադարձությունները, կարդացած գրքերն ու հեղինակները ցանկալի տեսողությամբ կրճատելու, բառերը փոխելու ախտով: Եվրոպական 17 «բժիշկներից» կազմված դատական ատյանը մինչ կորոշի նա մանրէակի՞ր է, եւ կամ ինչպե՞ս վարվել գաղտնի շրջանից արդեն վաղուց դուրս եկած, վարակակիր այս պացիենտի հետ (որին ի դեպ «էրգենեքոնի» գործով թուրքական հասարակությունից էլ մեկուսացրել էին), որն համառորեն չի էլ ուզում բուժվել, իր համար չափազանց անսպասելի ձայնագրիչս ուղղեցի նրան:


- Պարոն Փերինչեք, ե՞րբ է Թուրքիան ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

- Խոսենք նիստից հետո: Ես դատարանում, նիստի ժամանակ կխոսեմ այդ մասին:

- Հայաստան գնալո՞ւ եքՙ 2015 ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ ծունկի իջնելով Ծիծեռնակաբերդում:

- Հայաստանի հետ եղբայրության, բարեկամության զգացում ունեմ, այնտեղ ապրողները մեր քույրերն ու եղբայրներն են: 2015-ի ողբերգությունը մեր ողբերգությունն է:

- Ձերՙ «մեր ողբերգություն» բնորոշումը ինչպե՞ս հասկանալ:

- Հայերի ու թուրքերի, օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդների ողբերգությունն է դա:

- Ուրեմն ճանաչու՞մ եք ցեղասպանությունը:

- Եղածը ցեղասպանություն չէր:

Նիստի ընդմիջմանը Փերինչեքին մոտեցան նաեւ միջազգային տարբեր լրատվամիջոցներից:

Շվեյցարական պետական հեռուստատեսություն.- Ասում ենՙ Դուք Շվեյցարիա էիք եկել հատուկ պրովոկացիայի համար:

- Սա պրովոկացիա չէր: Մենք ուզում էինք Շվեյցարիայի հասարակությանը հիշեցնել եվրոպական ազատությունների մասին: Հիշեցնել Ռոբեսպիերի, Գալիլեյի, Գյոթեի, Բիսմարկի, Բեթհովենի մասին:

ՇՊՀ. - Դո՞ւք էլ «Շառլի եք»:

- «Շառլին» շատ կարեւոր մարդ է, չէ, ես Դողու Փերինչեքն եմ: Շվեյցարիայի ժողովրդի բարեկամն եմ:

«Ազգ».- Իսկՙ «Ես Հրանտ Դի՞նք եմ»: Այդ շարժումը սկսվեց Դինքի մահվան առիթով:

(Չի պատասխանում):

«Ազգ».- Դուք իմ հարցին չպատասխանեցիք:

- Ասացիՙ ես Դողու Փերինչեքն եմ: Հրանտ Դինքը մեր ընկերն էր: Մենք պաշտպանում ենք նրա հիշատակը:

«Ազգ».- Հետաքրքիր է իմանալՙ ինչպե՞ս:

(Փերինչեքը կմկմում է).- Ըըըըըը... մենք... զրպարտում էինք... ըըըը... Հրանտ Դինքին, ...ըըը ...դրա համար շատ ենք ցավում: (Այնուհետՙ աշխույժ) Դուք մեզ չեք ճանաչում, ես գիտնական եմ, ինտերնացիոնալիստ, սոցիալիստ, Թուրքիայում ապրող հայերի ընկերն ու բարեկամն եմ, քեռիս մի հայի հետ էր իր կազմակերպությունը հիմնել, այդ հայը իմ քեռին էլ էր: Արզինջանքեմալիեից (Երզնկա- Ա.Հ.) եմ, մեր գյուղում շատ հայեր են բնակվում:

ՇՊՀ.- Շատ ցավ կա այս գործում, Դուք խաղաղությա՞ն կողմնակից եք:

- Եվրոպայում խաղաղության, ազատության, հանդուրժողականության կողմնակից եմ: Երբ թուրքերը հայերի դեմ են խոսում, հայերըՙ թուրքերի ու հիշեցնում ատելության, թշնամության մասին, չենք կարող հանդուրժել:

«Ազգ».- Պարոն Փերինչեք, Հասան Ջեմալի «1915 ցեղասպանություն» գիրքը կարդացե՞լ եք:

- Ոչ, դեռ չեմ կարդացել:

- Ինչու՞ չեք կարդացելՙ բավականաչափ հետաքրքրական չէ՞ իմանալ ի՛նչ է մտածում թուրք մտավորականը, գրողը, լրագրողը, վերջապես ՙ Ջեմալ փաշայի թոռը:

- Ոչ, իհարկե:... Ես շատ եմ կարդացել, օրինակՙ Քաջազնունու գրածն եմ կարդացել:

- Դուք դա ոչ այնքան կարդացել եք, այլ վերաշարադրելՙ սեփական մեկնաբանմամբ:

- Լալայան, Մյասնիկյան, հայ քաղաքական շատ գործիչների գրքեր եմ կարդացել:

- Իսկ Թաներ Աքչամի գրքերը կարդացե՞լ եք:

- Բնականաբար, կարդացել եմ:

- Եվ ի՞նչ կարծիք ունեք:

Չի պատասխանում: Ընդմիջումից հետո նիստը շարունակվում է: Նիստից հետո նա նորից որեւէ լրագրողի չի մերժում, պատասխանում էՙ անընդհատ նույնՙ արդեն քանի տարվա իր ներսի ձայնագրությունը միացնելով:

- 1915-ին հնարավոր չէր խոսել Հայոց ցեղասպանության մասին, 1948-ից հետո կարող ենք խոսել ցեղասպանության մասին: Մինչ այդ նման տերմինաբանություն չկար: Ես իրավաբան եմ:

«Ազգ».- Այդ բառեզրը ստեղծեց Ռաֆայել Լեմկինըՙ հենց նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը:

- Ոչ, դրանք կոտորածներ էին:

- Կոտորածներ չէին, այլապես ինչո՞ւ Լեմկինը դրանք բնորոշելու համար հենց ցեղասպանություն բառեզրը ստեղծեց:

- Լեմկինը իրավաբան չէր: («Ահա՛», ոչ այնքան զարմացած միջամտում եմ ես, մինչ ուրիշ լրագրողներ իրենց ամուր նյարդերն են ի ցույց դնում- Ան. Հ.): 1948-ի ՄԱԿ- ի կոնվենցիայից հետո կարող ենք խոսել ցեղասպանության մասին: Մե՛նք ենք իրավաբան, մե՛նք կարող ենք խոսել ՄԱԿ-ի կոնվենցիայի մասին:

Շվեյցարացի լրագրող.- Ո՞րն է Ձեր նպատակը, երբ հիմա ցեղասպանության մասին եք խոսում, սա պրովոկացիա՞ է, թե՞ ոչ:

- Սա պրովոկացիա չէ, իմ կարծիքն եմ հայտնում: Դուք էլ կարող եք Ձեր տեսակետը հայտնել: Մենք պաշտպանում եք Ձեր կարծիքի ազատության իրավունքն էլ: Հայերն էլ կարող են իրենց տեսակետը հայտնել:

Շ. լ.- Եվ Ձեր կարծիքն ի՞նչ է:

- Հայերը մեր ընկերներն են, նրանք էլ կարող ասել այն, ինչ մտածում են:

«Ֆրանս Արմենի».- Ի՞նչ կասեք Թալեաթ փաշայի մասին:

- Թալեաթ փաշան Թուրքիայի ժողովրդավարական հեղափոխության առաջնորդն էր, եթե կարդաք1908-ի օգոստոսի Փարիզի թերթերը, կտեսնեք, որ Թալեաթը Թուրքիայի ժողովրդավարական հեղափոխության մեծ առաջնորդ է: Նա մարդու իրավունքների եվրոպական ավանդության կրողն է Թուրքիայում: Խնդրեմ կարդացեքՙ 1908-ի եվրոպական թերթերը, կտեսնեք, որ նա ազատության, ժողովրդավարության ներկայացուցիչն է, նա խաղաղության բարեկամն էր, նա հայերի ընկերն էր, նա էր, որ ի մի բերեց ժամանակի հայկական կուսակցություններին, հայկական ժողովրդավար կազմակերպություններին, նրանց հետ միասին կռվի ելավ սուլթան Համիդի դեմ:

Ֆրանսիական լրատվամիջոց.- Ի՞նչ կարծիք ունեք, որ փաստաբան Ամալ Քլունին է Ձեր ընդդիմախոսը: Դա Ձեզ համար լա՞վ է, թե՞ վատ:

- Լավ է, լավ... Ուզում եմ հայ ժողովրդին ասել, խնդրում եմ կարդացեք 1923-ին Հովհաննես Քաջազնունու հոդվածը, այդժամ ողջ իրականությունը կհասկանաք: Հովհանես Քաջազնունին հայոց հանրապետության հիմնադիրներից է, Հայաստանի առաջին հանրապետության վարչապետը, եթե ուզում եք այդ գիրքը անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներենՙ կարող եմ Ձեզ տրամադրել, մենք պետք է այդ գիրքը հայերեն լեզվով էլ հրատարակենք: Ոչ միայն Քաջազնունի, Լալայան, Բորյան, Մյասնիկյան,Փիրումյան: Կարդացեք, նրանք են իրականությունը գրել: Երկկողմանի ջարդեր (Massaker) են եղել:

«Ազգ».- Գրիգոր Զոհրապին գիտե՞ք:

- Նա էլ մեր պետության պաշտպանն է եղել, բայց դժբախտաբար մի շարք հայկական կազմակերպություններ համագործակցեցին սոցիալիստական Ռուսաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի, այլ իմպերիալիստական երկրների հետ: Երկու ժողովուրդներն էլ շատ ցավ են տեսել, նաեւՙ թուրքերը եւ քրդերը:

- Զոհրապը Թալեաթի ընկերն էր, բայց Թալեաթը սպանեց նրան: Թուրքական ընկերությունն այդպե՞ս է լինում:

- Սա արդեն պատմական բանավեճի մաս է: Սա ապագայում կքննարկենք:

(Մեր ընթերցողներից իհարկե ներում եմ հայցում, որ ամենասկզբում տված հարցս նորից եմ կրկնում: Պարզապես վերջում, մինչ դատարանը 6-8 ամիս հետո վճիռը կհրապարակի, ես լրագրողի իմ պարտականությունը կատարեցիՙ Գերմանիայից աշխարհին ծանոթՙ մեղքից մաքրող դեղամիջոցը գնեցի, որից մի կաթիլ թուրք ժխտողականինՙ վարակազերծման ակնկալիքով):

- Գնալո՞ւ եք Ծիծեռնակաբերդ:

- Գնալու եմ, Հայաստան գնալու եմ:

- Ե՞րբ եք ծնկի իջնելու հայոց զոհերի անմար կրակի առջեւ:

- Հայերն իմ բարեկամներն են: Իմ ողջույնն եմ հղում նրանց: Իմ զգացումները հայերի հանդեպ շատ դրական են:

Ստրասբուրգ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 30-01-2015

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ