RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 30-01-2015



Տեղադրվել է` 2015-01-29 23:28:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 939, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՆՈՐԻՑ ԱՂՄԿՈՒՄ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նախորդ կառավարությունները չկարողացան առեւտրում պարտադիր փաստաթղթաշրջանառությունը կյանքի կոչել

Այս օրերին Երեւանի տոնավաճառների առեւտրականների մի մասը կրկին բողոքի ցույցեր էր անցկացնում կառավարության շենքի մոտ: Պատճառը դարձյալ նույնն էր, ինչ մի քանի ամիս առաջ` շրջանառության հարկի մասին օրենքում կատարված փոփոխությունները: Հիշեցնենք. համաձայն դրանց, առեւտրային գործունեությամբ զբաղվողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 անգամ իջեցվում էր` 3,5 տոկոսից դառնալով 1 տոկոս, փոխարենը առեւտրականներից պահանջվում էր պարտադիր փաստաթղթավորել իրենց ապրանքները: Վերջին պահանջը կառավարությունը բացատրում է առեւտրի ոլորտում ընդգրկված մատակարար` խոշոր ընկերությունների իրական շրջանառության բացահայտման անհրաժեշտությամբ, քանի որ նրանց համար տոնավաճառները հանդիսանում են հարկերի վճարումից զերծ մնալու նպատակով ապրանքների իրացման ամենահարմար վայրը: Նրանք եւ մանրածախ առեւտրականները, չգրված փոխհամաձայնությամբ, աշխատում են առանց փաստաթղթավորման, արդյունքում ձեւավորելով այն ահռելի ստվերը, որ գոյություն ունի առեւտրի ոլորտում:

Անցյալ տարվա հոկտեմբերին, տոնավաճառների առեւտրականների եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մի քանի հանդիպումներից հետո, կառավարությունը համաձայնվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի անցումային դրույթներում կատարել փոփոխություն: Մասնավորապես, մինչեւ հոկտեմբերի 1-ը ձեռք բերած ապրանքային մնացորդի գույքագրման եւ դրա մասին հարկային մարմին ներկայացվող տեղեկանքի պահանջը հետաձգվեց մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը: Այդ ընթացքում պարզեցվեց գույքագրման ձեւանմուշըՙ առեւտրականներին տեխնիկական դժվարություններից, որ կարող էին առաջանալ գույքագրման մասին տեղեկանքի ներկայացման ժամանակ, զերծ պահելու համար: Դրանից հետո բողոքի ցույցերը դադարեցին, ինչից կարելի էր ենթադրել, որ պայմանավորվածությունը կայացել է եւ նոր դժգոհություններ այլեւս չպետք է լինեն: Ընդ որում, այս ընթացքում առեւտարականները վճարում էին արդեն ոչ թե 3,5 տոկոս, այլ 1 տոկոս շրջանառության հարկ:

Սակայն, ինչպես արդեն նշվեց, անցնող օրերին առեւտրականները կրկին սկսեցին դժգոհել, այս անգամ պահանջելով կասեցնել «Շրջանառության հարկի» մասին օրենքի փոփոխությունները եւ ընդհանրապես անցնել հաստատագրված վճարին: Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին էլ պահանջներն այլ էին` մնալ 3,5 տոկոս հարկման դաշտում, բայց չպահանջել պարտադիր փաստաթղթավորում, 1 տոկոս հարկման դաշտ անցնել կամավորության սկզբունքով, շրջանառության հարկի շեմը ներկայիս տարեկան 58 մլն դրամից բարձրացնել 120 մլն դրամի եւ այլն:

Այս խնդրին բազմիցս ենք ադրադարձել, բայց մեկ անգամ եւս նշենք, որ հաստատագրված վճարի, առանց փաստաթղթավորման առեւտրի պարագայում խոշոր մատակարարները կշարունակեն մատակարարված ապրանքի դիմաց փաստաթուղթ չտրամադրել, անխաթար պահպանելով իրենց ստվերային գերշահութաբերությունը: Նույն ահռելի ստվերը կշարունակվի պահպանվել տոնավաճառներում, չխոսելով մաքսանենգ, կեղծված, ժամկետանց, առողջության համար վտանգ ներկայացնող ապրանքների իրացման հնարավորության, մյուս տնտեսվարողների հետ անհավասար մրցակցության պահպանման մասին:

Առեւտրային գործունեությունը բարձր շահութաբերություն ունեցող ոլորտ է, իսկ տոնավաճառներում առեւտրային գործունեություն իրականացնողներին ճանաչող որեւէ անձ կարող է վկայել, որ նրանք միջին եւ միջինից բարձր կենսամակարդակ ունեն: Դա շատ լավ է իհարկե, բայց եթե շրջանառության ընդամենը 1 տոկոսը, ինչը գրեթե ազատ տնտեսական գոտի կարող է համարվել, նրանք չեն ցանկանում վճարել պետբյուջե եւ հնարավորություն են ստեղծում խոշոր ընկերություններին նույն կերպ խուսափել հսկայական հարկերի վճարումից, եթե հարկային բեռի 3,5 անգամ թեթեւացումը ոչ թե գոհունակություն, այլ դժգոհություն է առաջացնում, դա նշանակում է, որ այս ոլորտում իրական շրջանառությունը առնվազն 5-6 անգամ ավելին է, քան տարեկան ներկայացվող միջինը 5 մլն դրամ ցուցանիշը: Դա նշանակում է նաեւ, որ նրանք իրենց պետությունից դուրս են դրել եւ վեր են դասում բնակչության մնացած մասից: Ի դեպ, միայն մեկ ցուցանիշ` շուրջ 57 հազար տնտեսվարողների, որոնցից 40 հազարը առեւտրով զբաղվողներն են, վճարած շրջանառության հարկը բյուջեի եկամուտների ընդամենը 1,3 տոկոսն է կազմում: Ակնառու վկայություն, որ այս ոլորտը միաժամանակ օգտվում է երկու արտոնությունից, օրինական` գործում է խիստ թեթեւ հարկային բեռով, եւ ապօրինի` շրջանառության 80-90 տոկոսը ստվերում է:

Մնում է միայն ենթադրել, թե ինչպե՞ս կվարվի այս անգամ կառավարությունը: Հիշեցենենք, որ առեւտրի ոլորտում փաստաթղթաշրջանառության ամբողջական շղթան ապահովելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկել նախորդ վարչապետները եւս: Անդրանիկ Մարգարյանին չհաջողվեց այդ նպատակով ՀԴՄ-ների տեղադրումը տոնավաճառներում դարձյալ նույն` դժգոհությունների պատճառով: Տիգրան Սարգսյանին թեեւ հաջողվեց ՀԴՄ-ների ներդրումը, բայց փաստաթղթաշրջանառության ապահովման պահանջն իրագործել դարձյալ չհաջողվեց: Եթե դա հաջողվի Հովիկ Աբրահամյանին, ապա դա կլինի ստվերի դեմ ամենաարդյունավետ քայլերից մեկը: Գործող վարչապետը կարծես թե այլընտրանք չունի, քանի որ ահռելի ստվերային շրջանառությունը մի ոլորտում, որը նաեւ որեւէ արժեք չի ստեղծում, պետական եկամուտների եւ պետության անվտանգության ապահովման համար լուրջ վտանգի է վերածվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 30-01-2015

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ