RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015



ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տեղադրվել է` 2015-03-19 23:20:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1014, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՌՈԼՖ ՀՈՍՖԵԼԴ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ԵՂԱԾԻՆ ՉԱՓ ԾԱՆՈԹ ՉԷ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ, ՈՐՔԱՆ ՊԻՏԻ ԼԻՆԵՐ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Պոտսդամում գործող Լեփսիուսի հիշատակի տանՙ Լեփսիուսհաուսի 2011-ից գիտական ղեկավար պատմաբան Ռոլֆ Հոսֆելդին հանդիպեցինք մարտի 1-3 Բեռլինումՙ իրենց եւ Գերմանիայի պատմության թանգարանի համատեղ կազմակերպած գիտաժողովին, որ կրում էր «Դարի ոճրագործության վկաները. գերմանական ռայխը եւ Հայոց ցեղասպանությունը» վերնագիրը: «Նեմեսիս» գործողությունը» (2005), «Յոհաննես Լեփսիուսՙ գերմանացի մի բացառություն» (2013), գրքերի հեղինակին առիթ կար շնորհավորելուՙ գրախանութ էր հասել նրա «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» 288 էջանոց գիրքը:

- Պարոն Հոսֆելդ, գո՞հ եք կոնֆերանսից:

- Այո, շատ գոհ եմ: Ընդհանրապես առաջին անգամ է, որ նման կոնֆերանս է կազմակերպվում այս թեմայով եւ հանգամանորեն, նման մանրամասնությամբ է անդրադարձ արվում հարցին: Բարձրամակարդակ արտակարգ բանախոսներ ունեցանք, որ տարբեր թեմաների շուրջ ելույթներով հանդես եկան, ունկնդիրների մեծ հետաքրքրություն կար, նաեւՙ աշխուժություն, քննադատական հարցեր էլ ուղղեցին բանախոսներին: Կարծում եմՙ երբեւէ հնարավոր չէ, որ մի գիտաժողովում կարելի լինի բոլոր հարցերին սպառիչ պարզաբանում տալ: Բայց այն կարծիքին եմ, որ գլխավոր, կարեւոր հարցերի շուրջ բարձրաձայնվեց, եւ նրանք, ովքեր այստեղ էին, նաեւ բանախոսներն էլ, կարող են տուն գնալ խնդրահարույց հարցերի վերաբերյալ տարբերակված, որոշակի պատկերացում կազմած եւ նոր հարցադրումներովՙ իհարկե:

- Կոնֆերանսի ելույթները գրքով հրատարակելո՞ւ եք:

-Այդպիսի մտադրություն համենայնդեպս ունենք: Սա նաեւ ֆինանսական խնդիր է: Լեփսիուսհաուսը համեմատաբար փոքր մասնավոր կազմակերպություն է, երբ այս ծանրաբեռնված օրերն անցնեն, ապրիլի վերջին - մայիսի սկզբին, հնարավոր կլինի մտածել անհրաժեշտ ֆինանսներ հայթայթելու վերաբերյալ: Մեզ համար նախընտրելի կլինի բոլոր ելույթները տպագրել գերմաներեն լեզվով, ինչը ենթադրում է, թե ոչ գերմաներեն ելույթներն էլ դեռ պիտի թարգմանվեն եւ դրան զուգահեռՙ ելույթներն պարփակող հատորը նաեւ անգլերեն տարբերակն էլ պիտի ունենա: Բայց ոչինչ չեմ կարող խոստանալ, քանի որ, ինչպես հայտնեցի, ֆինանսների հարց է:

- Պարոն Հոսֆելդ, Ձեր հրատարակած երեք գրքերն էլ բարձր ենք գնահատում, դրանք դիտարկում ենքՙ որպես մտավոր հարստացում: Բայց դրանից բացի ի՞նչ կարող են անել մտավորականները, որ քաղաքական գործիչներն առանց հարաբերականացնելու, առանց ժխտելու իրականությունըՙ ճշգրիտՙ ցեղասպանություն բառեզրն օգտագործեն հաջորդ բանաձեւում:

- Ես կարող եմ հանդես գալ Լեփսիուսհաուսի անունից կամ անհատապես: Հարցն այն է, որ գործ ունենք քաղաքական կուսակցություններով, քաղաքական կառույցներով, քաղաքական համալիր գործընթացներում որոշիչ դերակատարում ունեցողների հետ: «Ես ուզում եմ» ասելով հաջողության չես հասնի: Գերմաներեն ասածՙ մեծ համբերությամբ հաստ տախտակը պիտի ծակես-փորես: Երկար ժամանակ է, ինչ կապի մեջ եմ Բունդեսթագի տարբեր քաղաքական կուսակցություններ ներկայացնող պատգամավորների հետ, հուսով եմ, որ Բունդեսթագում նորից քննարկում կլինի, առայժմ չենք կարող ասելՙ ի՞նչ կլինի, ի՞նչ ուղղությամբ կընթանա, բայց պիտի ջանանք, որ հանրությունն իրազեկ դառնա: Գիտաժողովին ներկա էին մեծ թվով ունկնդիրներ, լրագրողներ: Բայց գիտաժողովից հետո էլ պիտի խոսենք, արծարծենք թեման: Նման մի իրադրության մեջ էր գտնվում նաեւ Յոհաննես Լեփսիուսը, որ քաղաքական հարցերի վերաբերյալ առերեսվում, հակադրվում էր, հիմա էլ տարբեր պատճառներով այդ հակադրումը կա: Միակ ուղին, որ ես եմ տեսնում, հրապարակային աշխատանք տանելն է: Բայց սա պիտի յուրաքանչյուրի հնարավորությունների, ուժերի չափով արվի, ամեն ինչ չես կարող. կարող ես միայն շեշտադրումներ անել:

- Թուրքական լրատվամիջոցները ներկա՞ էին գիտաժողովին:

- Նեղ սահմանմամբՙ թուրքական լրատվամիջոցներին չեմ նկատել գիտաժողովին, տեսել եմ մի շարք թուրք լրագրողների, որոնք աշխատակցում են գերմանական լրատվամիջոցներին:

- Ձեր երրորդՙ «Մահ անապատում» գիրքն եք հրատարակել Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմայով: Որքա՞ն ժամանակ է, որ ուսումնասիրում եք այդ թեման:

- Զբաղվում եմ դրանով մոտավորապես 20 տարի: Իսկ գրքի վերաբերյալ կդժվարանամ ասել, թե որքան ժամանակ եմ հատկացրել հետազոտական նյութն ամբարելու համար: Սա 20 տարվա հետազոտական նյութն ամբարում է իր մեջ, բայց նոր հայացք կա, որ առանձին հարցերի առումով մեխանիզմներն մեզ ավելի ըմբռնելի են դառնում: Երկու կարեւոր տեսակետի է առնչվում. առաջինը թուրքական ներքին քաղաքականությանն է վերաբերում, մասնավորապեսՙ ինչպես էր «Միասնություն եւ առաջադիմություն» կոմիտեն աշխատում, ինչպիսի գաղափարաբանությամբ էր ներկայանում, ինչպիսի օրակարգ ուներ, ինչպես էր զարգանում, պետական ապարատն ինչպես էր գործում Թուրքիայում. չես կարող ցեղասպանություն կազմակերպել առանց նախապատրաստական աշխատանքի, որոշակի կառույց պիտի զբաղվեր դրա կազմակերպմամբ, սարսափազդու կատարելությամբ էր արված գործը, եւ պիտի հասկանալ, թե ինչպես է հնարավոր եղել դա իրականացնել: Մյուս տեսանկյան մասին ավելի շատ բան գիտենք այսօր, քան նախկինումՙ օսմանյան Թուրքիայում հայկական քաղաքականության մասին է խոսքը, մի ժամանակաշրջան, երբ դաշնակցությունն ու երիտթուրքերը համագործակցում էին, մինչեւ համաշխարհային պատերազմի սկիզբը: Այժմ մի փոքր առավել տեղեկացված ենք այդ ժամանակահատվածի վերաբերյալ, քան նախկինում:

- Նյութը հետազոտելիս ո՞րն է Ձեզ համար ամենազգայուն, հուզիչ պահը եղել:

- Հուզիչը շատ անհատական ընկալում է:Չենք պատմում գեղեցիկ երեւույթների մասին: Սարսափելի դաժան երեւույթների մասին է խոսքը , եւ պատմում ես դա: Ես գիտակցված հստակ անվանել եմ երեւույթներն իրենց անուններով: Ընթերցողը քիչ բան կհասկանա, եթե միայն ակադեմիականՙ տարածություն պահելու եղանակով շարադրես. առավել իմաստալից է իմանալ, թե ինչ սարսափելի դաժան դեպքեր են պատահել, երբեմն իհարկե շատ դժվար է դրանք կարդալ:

- Առիթ եղե՞լ է հանդիպել որեւէ վերապրողի:

- Ոչ, արդեն վերապրողներ չկան, նրանց ժառանգներն են ապրում, եւ նրանցից համեմատաբար շատերին եմ ծանոթ այս 20 տարիների ընթացքում:

- Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Աշխարհի տարբեր անկյուններում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: Ձեր գիրքը երկու շաբաթ առաջ է գրախանութ հասել: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- Գրքերը գրվում են ընթերցվելու նպատակով: Որ մարդկանց ինչ-որ բանի մասին իրազեկեն, որ դրանից առաջ չէին իմացել, իսկ նպատակըՙ պարզաբանել, բացահայտելն է: Ակնկալում եմ, որ գիրքը հնարավորինս շատ ընթերցող գտնի, շատերն իմանան եղելության մասին, դրանով նպաստելով, որ առավել շատերը կզբաղվեն այս խնդրով: Սա մի թեմա է, որ պետք եղածին չափ ծանոթ չէ հանրությանը: Հրապարակայնությունը կօգնի, որ Գերմանիայում իրազեկվածությունը մեծանա: Ակնկալում եմ, որ լրատվամիջոցներն անդրադառնան գրքին: Երբ գրքի մասին գրվում է գերմանական մեծ թերթում, թեմային իրազեկ է դառնում առավել մեծ թվով հանրություն, գիրքն իր գոյությամբ ի վիճակի չէ դա անել: Հարցին առավել մեծ գիտակցված ուշադրություն հատկացնելու առումով իմ փոքր ներդրումն է սա: Իբրեւ անհատ ավելին չեմ կարող անել:

- Շնորհակալությո՛ւն:

Բեռլին

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ