RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015



ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

Տեղադրվել է` 2015-03-19 23:20:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1245, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԻՆՉՈ՞Ւ ԻՍԼԱՆԴԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԵՄ-ԻՑ ԵՎ Ո՞ՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այն պահին, երբ Եվրոմիության (ԵՄ) պաշտոնյաները տարբերակներ են մշակում «Արեւելյան գործընկերության» ձեւաչափի փոփոխման ուղղությամբ, երբ ԵՄ հետ ասոցիացումը հեղաշրջումների եւ արյունահեղության պատճառ է դառնում Ուկրաինայում, երբ ԵՄ անդամակցության ձգտող երկրները փորձում են ամեն կերպ ապացուցել, որ ջանք չեն խնայում իրենց առաջադրված բոլոր պահանջնեը կատարելու համար, ԵՄ ներսում տեղի են ունենում տրամագծորեն հակառակ գործընթացները:

ԵՄ-ն դեռ չի փլուզվում, բայց ...

Մեծ Բրիտանիան ավելի վճռականորեն է հայտարարում ԵՄ-ից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Նման ցանկությունների մասին է հայտարարում նաեւ Իտալիան: Հունաստանը հրաժարվում է վճարել եվրոպական խոշոր ֆինանսական կազմակերպութուններին եւ մասնավորապես Գերմանիային ունեցած իր պարտքերը, Եվրոխորհրդարանի ընտրություններում հաղթանակ են տանում «եվրոսկեպտիկներ» համարվող ուժերը, Արեւմտյան Եվրոպայի երկրներում ավելի բարձր են հնչում միգրացիոն քաղաքականության խստացման եւ մասնավորապես իսլամական տարրի ավելացման դեմ պայքարելու անհրաժեշտության մասին կոչերը, տարբեր երկրներ տարբեր ցանկություններ են արտահայտում միջազգային քաղաքականության առանցքային հարցերի` ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, եվրոն շարունակում է արժեզրկվել եւ այլն:

Այս ամենով հանդերձ, դեռեւս վաղ է ասել, թե Եվրոմիությունը կազմաքանդման եզրին է, բայց որ այս պահին տեղի ունեցող գործընթացները դրան են տանում, երեւում է անգամ անզեն աչքով: Եվ վերջապես, ԵՄ հանդեպ անվստահության եւ չարդարացված դրական ակնկալիքների փլուզման վերջին ակնառու օրինակը` մարտի 12-ին Իսլանդիան պաշտոնապես հայտարարեց ԵՄ անդամակցության դիմումը հետ վերցնելու մասին: Սա սառը ցնցուղ էր եվրոչինովնիկների համար, որքան էլ որ նրանք փորձեն անվրդով կեցվածք ընդունել եւ ԵՄ ազդեցության ընդլայնման քայլեր անել` որոնց թվում այս օրերին Հայաստանում անցկացվող «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի նիստն ու այլ միջոցառումները:

Ինչո՞ւ Իսլանդիան չցանկացավ դառնալ ԵՄ անդամ: Չէ՞ որ այս փոքրիկ կղզին ամենաեվրոպական երկիրն էր, եթե որպես այդպիսին մայրցամաքի բնակիչների կողմից ընկալվում է Արեւմտյան Եվրոպան: Իրականում Իսլանդիայի օրինակը բավականին հատկանշական է մի շարք առումներով:

Ինչո՞ւ Իսլանդիան չցանկացավ

Հիմնական պատճառը, որ բաժանում է ԵՄ եւ Իսլանդիան իրարիցՙ այն խաղի կանոններն են, որոնք դրվում են ԵՄ անդամ դառնալու կամ ԵՄ հետ ասոցիացվելու պարագայում եւ որոնք թելադրված են ապրանքների իրացման շուկաների համար մղվող պայքարում: Ավելի պարզ ասած` ԵՄ-ն ցանկանում է ընդլայնել այսպես ասած «հին» Եվրոպայի (ԵՄ հիմնադիր անդամ երկրների) արտադրողների համար նոր երկրներում ապրանքներ վաճառելու հնարավորությունները: Նման երկրներ են ԵՄ-ին նոր անդամակցած, անդամության կամ ասոցիացման ձգտողները: Միաժամանակ, վերջիններիս առջեւ դնելով բարձր ստանդարտների պահպանման չափանիշներ եւ ապրանքների քանակային սահմանափակումներ` քվոտաներ, սահմանափակում է նրանց ապրանքների արտահանումը «հին» Եվրոպա:

Բանն այն է, որ նոր անդամակցած, անդամության կամ ասոցիացման ձգտող երկրների արտադրողները մեծ ծախսեր պետք է անեն այդ ստանդարտներին իրենց ապրանքները համապատասխանեցնելու, ապա եւ արեւմտաեվրոպական երկրների շուկա մուտք գործելու համար: Բնական է, որ անգամ եթե այդ ներդրումները կատարվեն, ստանդարտները համապատասխանեցվեն, մարկետինգային եւ գովազդային աշխատանքներ տարվեն, արտադրվող ապրանքների ինքնարժեքն այնքան բարձր կլինի, որ դրանք կդառնան անմրցունակ «հին» Եվրոպայի ապրանքների համեմատ, որոնք արդեն անցել են այդ փուլը եւ նման քայլեր անելու կարիք չունեն: Նրանց արտադրությունները նորացված են եւ մշտապես նորացվում են, ստացվող ապրանքն անհամեմատ էժան է լինում: Արդյունքում, արեմտաեվրոպական ապրանքները գրավում են նոր անդամակցած կամ ասոցիացված երկրների շուկաները, իսկ վերջիններս չեն կարողանում դա անել եւ անգամ սեփական երկրներում են սկսում զիջել դիրքերը:

Վերադառնալով Իսլանդիային, նշենք, որ այս երկրի արտահանման 42 տոկոսը ձուկն ու ձկնամթերքն է: ԵՄ քվոտաները, էկոլոգիական պահանջները վանում էին Իսլանդիային, քանի որ դրանց իրագործումը բացասական հետեւանքներ կունենային բարեկեցիկ այս երկրի համար, որը զգալիորեն պայմանավորված է հենց ձկնարդյունաբերությամբ: Պատկերացնելու համար այս ճյուղի կարեւորությունը, հիշատակենք ԵՄ հետ բանակցություններում իսլանդական կողմի ներկայացուցիչներից մեկի արտահայտությունը. «Ձկնարդյունաբերությունը մեզ համար ավելի կարեւոր է, քան մեքենաշինությունը Գերմանիայի համար»: Իսլանդական իշխանությունները առաջնայնությունը տվեցին սեփական երկրի տնտեսության շահերին, այլ ոչ թե լոզունգներին եւ դեկլարացիաներին, դրանց տակ թաքցված ականներով: Հիշեցնենք, որ այս երկրի բնակչությունը 318 հազար է, սակայն համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)` մոտ 14 մլրդ դոլար: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի 35 հազար դոլար ցուցանիշով Իսլանդիան ամենաբարեկեցիկ երկրներից է: Հարց է առաջանում, եթե նման բարձր կենսամակարդակ ունեցող երկիրը հրաժարվում է ԵՄ-ին անդամկցելուց, քանի որ դա ոչ միայն շահավետ չի, այլեւ լուրջ վնասներ կարող է պատճառել իր տնտեսության համար, ապա ի՞նչ տրամաբանությամբ են այլ, շատ ավելի նվազ զարգացած եւ ցածր կենսամակարդակ ունեցող երկրները «տենչում» նետվել դեպի ԵՄ:

Իսկ Հայաստա՞նը...

Օբյեկտիվ պատճառներն այն են, որ պետությունները չեն ցանկանում վատ հարաբերություններ ունենալ աշխարհի ուժային կենտրոններից մեկի հետ, ինչպիսին հանդիսանում է ԵՄ-ն: Դա լավ երեւաց մեր երկրի օրինակով: Երբ Հայաստանը հայտարարեց ԵՏՄ մտնելու մասին, ԵՄ պաշտոնյաները մեկը մյուսին հետեւից վերջնագրային հայտարարություններով հանդես եկան, բացատրություններ պահանջելով մեր երկրից` չնայած նրան, որ Հայաստանը չէր հայտատարել ԵՄ ասոցիացումից հրաժարվելու մասին, եւ այդ գործընթացը հետագայում շարունակվեց:

ԵՄ անդամակցելու կամ ասոցիացվելու ձգտումների սուբյեկտիվ պատճառներից գլխավորը այդ երկրներում եվրոպական ուղղությունը կարեւորող եւ դրանով սնվող քաղաքական ձեւավորված վերնախավն է: Հակառակ տնտեսական բացասական հետեւանքներին, որոնք վերեւում նշված պատճառներով տեղի են ունենում կամ սպասվում են նման երկրներում, այդ վերնախավը, նույն ԵՄ աջակցությամբ, բուռն քարոզչական գործունեություն է իրականացնում սեփական երկրներում բարեկեցիկ Եվրոպայի պատկերը ներկայացնելու եւ ԵՄ անդակցության կամ ասոցիացման դեպքում այդ բարեկեցությունը մեխանիկորեն սեփական երկիր տեղափոխելու մասին պատրանքներ ստեղծելու ուղղությամբ: «Կդառնանք քաղաքակիրթ եւ բարեկեցիկ եվրոպական ընտանիքի անդամ», իսկ թե ինչպե՞ս եվրոպական բարեկեցությունը կտեղափոխվի տվյալ երկիր, երբ նման բարեկեցության հասնելու համար եվրոպական երկրները տասնամյակների եւ անգամ դարերի ճանապարհ են անցել, «եվրոպամոլ» գործիչները չեն ասում:

Ի տարբերություն այս երկրների, ավելի բարեկեցիկ եւ սակավաթիվ բնակչություն ունեցող Իսլանդիան իրավիճակը սթափ գնահատեց եւ տեսավ այն վտանգերը, որն այդպես համառորեն չեն ուզում տեսնել ուրիշները` թաքցնելով ԵՄ ընդլայնման իրական դրդապատճառները: Կարող է հարց առաջանալ` իսկ Հայաստանը ճի՞շտ է վարվում ԵՄ հետ ասոցիացմանը գնալով:

Ի տարբերություն Իսլանդիայի, Հայաստանը օբյեկտիվ պատճառներով չի կարող հրաժարվել ԵՄ հետ ասոցիացումից: Դա եւ քաղաքական միակողմանի կախվածությունից խուսափելու, եւ մեր ազգային քաղաքական շահերը Եվրոպայում առաջ մղելու գործոններով է պայմանավորված: Այս դեպքում, ֆինանսական զանազան աջակցությունները ԵՄ-ից էական դեր չեն խաղում: Ասենք, ԵՄ-ն 10 մլն եվրո վարկ է տրամադրում էներգետիկ ոլորտի համար, իսկ ատոմակայանի ժամկետի երկարացման համար Ռուսաստանը տրամադրում է 30 մլն դոլար դրամաշնորհ եւ 270 մլն դոլար վարկ: Մյուս բոլոր դեպքերում էլ այս երկու ուղղություններից մեր ստացածի տարբերությունները ահռելի են: Ուստի, ԵՄ հետ քաղաքական ասոցիացման պայամանագիրն առավել անվնաս եւ ձեռնտու տարբերակ է Հայաստանի համար: Տնտեսական ասոցիացումը ԵՄ-ի հետ միանշանակորեն կվնասեր մեր տնտեսությանը` ինչպես արդեն վերը նշված եվրոպական պահանջների եւ սահմանափակումների, այնպես էլ մեր եւ եվրոպական տնտեսությունների տարբեր մակարդակներում գտնվելու առումներով: Ակնհայտ է, որ ավելի հեշտ է մրցել քեզ հավասար կամ մոտ քաշային կարգայինի հետ, քանՙ անհամեմատ ավելի մեծ քաշային կարգ ունեցողի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 20-03-2015

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ