RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2015-03-26 23:40:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 1211, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՍԻՆԳԱՊՈՒՐՅԱՆ ՀՐԱՇՔԻ ԿԵՐՏԻՉԸ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Սինգապուրի հիվանդանոցներից մեկում մարտի լույս 23-ի գիշերը 91 տարեկան հասակում վախճանվել է այսպես կոչված սինգապուրյան տնտեսական հրաշքի հեղինակ Լի Կուան Յուն: Նրա պապը եւ հայրը առեւտրականներ էին, իսկ ինքը դարձել էր անկախ Սինգապուրի առաջին վարչապետը: Ազատական գործչի համբավ վայելող այդ բռնապետը բնապաշարներից զուրկ Սինգապուրը կարճ ժամանակում դարձրեց «ասիական վագրերից» մեկը: Վերջին տարիներին Լի Կուան Յուն պաշտոնապես չէր կառավարում, բայց նրա ազդեցությունը դարձյալ զգացվում էր ամեն ինչում: Նրա անունը դարձել է տնտեսական հաջողության խորհրդանիշ: Ո՞րն է գաղտնիքը:


Սովորել, սովորել եւ սովորել

Կուան Յուի հատկանշական գծերից մեկը սովորելու ունակությունն էր: Չինական հասարակության մեջ գնահատվող այդ հատկանիշը նա դարձրեց գրեթե իդեալական: Դպրոցում սովորում էր գաղութարար բրիտանացի պաշտոնյաների զավակների հետ, ուսման գծով մշտապես լավագույնների թվում էր, անգլերեն խոսում էր մայրենի լեզու չինարենից լավ, իսկ ճապոներենին տիրապետեց մի քանի ամսում:

Պատերազմից հետո Լին ուսումը շարունակեց նախ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում, ապա Քեմբրիջում: Վերջինս ավարտեց կրկնակի գերազանցությամբՙ ստանալով տնտեսագիտության եւ իրավունքի դիպլոմներ: Ուսանողական տարիներին ժամանակ գտավ նաեւ քաղաքականությամբ զբաղվելու եւ ամուսնանալու համար: Հետագայում եւս նրա աշխատաժամանակը խստորեն ծրագրված էր:

Մանեւրելու վարպետը

Լին կարողանում էր հարմարվել հանգամանքներին, երբեմն նահանջել եւ մանեւրել: Իշխանության գլուխ անցնելուց հետո նա սթափորեն գնահատեց տարածաշրջանի իրադրությունը: Բրիտանական գաղութային կայսրությունը փլուզվում էր: Մալայացիները եւ ինդոնեզացիները ամբողջ ուժով ցուցադրում էին իրենց ատելությունը նախկին գաղութարարների հանդեպ, իսկ Լին լավ հարաբերություններ հաստատեց բրիտանացիների հետ եւ հասավ այն բանին, որ տասնյակ հազարավոր սինգապուրցիների աշխատանքով ապահովող բրիտանական ռազմակայանը քաղաքում մնա եւս մի քանի տարի: Դա երկրին օգնեց հաղթահարելու դժվար ժամանակաշրջանը:

Երբ ինդոնեզացիները եւ մալայացիները փորձեցին տիրանալ Սինգապուրով անցնող առեւտրային հոսքերին, Լին առաջարկեց քաղաքը միացնել Մալայային: Ստեղծվեց նոր պետությունՙ Մալայզիայի Դաշնությունը: Սինգապուրը երկու տարով ազատվեց մրցակիցներից եւ դրա շնորհիվ վերակառուցեց սեփական տնտեսությունը: Դաշնության կազմում Լին պաշտպանում էր չինական համայնքի շահերը: Երբ դաշնությունում սկսվեցին չին առեւտրականների եւ ֆինանսիստների հալածանքներ, Սինգապուրը նրանց առջեւ լայնորեն բացեց դռները, իսկ Լին հանդես եկավ որպես չինացիների պաշտպան: Հետագայում չինական կապիտալը հոսեց դեպի Սինգապուր:

Գործամետություն եւ շնորհալիություն

Լիի գլխավոր հատկանիշներից մեկը գործամետությունն էր: Հանուն երկրի բարգավաճման նա պատրաստ էր դաշն կնքել թեկուզ սատանայի հետ: Նրան չէր վախեցնում կախվածությունը վերազգային ընկերություններից. Սինգապուրը չուներ բնական հարստություններ, որոնք հնարավոր կլիներ կողոպտել, իսկ արդյունաբերությունը սաղմնային վիճակում էր: Օտարերկրյա կապիտալի ներգրավման նպատակով Լին սահմանեց ցածր հարկեր եւ ստեղծեց արտերկրի ընկերությունների համար անչափ բարենպատ միջավայր:

Բյուրոկրատական արարողակարգերն առավելագույնս պարզեցվեցին, հիմնվեց Տնտեսական զարգացման գործակալություն, որն արտակարգ արագությամբ քննում էր բոլոր նախաձեռնությունները. յուրաքանչյուր ներդնողի հովանավորում էր գործակալության որեւէ պաշտոնյա: 1971 թ. անգլիացիները փակեցին ռազմակայանը, իսկ 1972 թ. երկրի արտահանությունն առաջին անգամ գերազանցեց ներմուծմանը:

Կառավարությունը հետեւում էր համաշխարհային տնտեսության առաջատարներին, թարմ գաղափարներն անմիջապես ներդրվում էին: Սինգապուրի ղեկավարությունը երկրի դպրոցների լավագույն շրջանավարտներին գործուղում էր սովորելու Բրիտանական ընկերակցության, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի եւ Իտալիայի բուհերում:

Սինգապուրում ստեղծված համակարգը կարելի է անվանել ինովացիոն պետական կապիտալիզմ. պետական հատվածը զարգանում էր առավել դինամիկ կերպով, քան մասնավոր գործարարությունը: Լի Կուան Յուի կառավարությունը մանրակրկիտ վերլուծում էր այն ճյուղերը, որտեղ նախապատրաստվում էր տեխնոլոգիական ճեղքում: Նոր մարտահրավերների հայտնվելու դեպքում պետական ընկերությունները մասնավորեցվում էին:

Սինգապուրում կաշառակերության բացակայությունը դարձել է առասպելական. պաշտոնյաների բարձր աշխատավարձը անկասելի ու դաժան պատժի հետ զուգորդելովՙ Լին երկիրը մաքրեց կաշառքներից: Առանց խստությունների նա դժվար թե հաջողության հասներ:

Մեղմաբարո բռնապետը

Սինգապուրի վարչակարգը բնութագրում են որպես «մեղմ ավտորիտարիզմ»: Միահեծանությունը երկրում զգացվում է ամենուրեք: Ըստ էության, Լի Կուան Յուն սահմանեց միակուսակցական համակարգ. ընդդիմություն փաստորեն գոյություն չունի: Դրան նպաստեց գաղութային ժամանակներից Սինգապուրին բաժին ընկած բրիտանական մեծամասնական համակարգը. Լիի հիմնած ժողովրդական գործողության կուսակցությունը նույնիսկ 50 տոկոսից ցածր վարկանիշ ունենալու պարագայում էլ խորհրդարանում ստանում էր տեղերի մեծամասնությունը: Սինգապուրում մինչեւ օրս գործում է ներքին անվտանգության այն տխրահռչակ օրենքը, որը թույլ է տալիս անբարեհույս տարրերին անվերջ կալանքի տակ պահել առանց մեղադրանք ներկայացնելու:

Իրավապաշտպանները Սինգապուրին մեղադրում են խոշտանգումներ կիրառելու մեջ: Երկրում գործում է սքողված գրաքննություն: Լրատվամիջոցների ազատությունը ենթարկվում է Սինգապուրի ամբողջականության շահերին:

Օրենքի խստությունը զգում են շարքային քաղաքացիները: Փողոցում մաստակ ծամելու կամ ուտելու համար նրանք ենթակա են 1000 դոլար տուգանքի, տուգանքներ, հանրօգուտ աշխատանք եւ բանտարկություն են նախատեսված նաեւ ծխախոտի մնացորդը գետնին նետելու կամ փողոցում թքելու համար, իսկ թմրադեղերի առեւտրականներին սպառնում է մահապատիժ: Նույնիսկ համացանցում ագգամիջյան թշնամանքի եւ ատելության հրահրումը ենթադրում է բանտարկություն, նշում է «Լենտա.ռու» կայքէջը: Սինգապուրը համարվում է աշխարհի առավել կարգավորված հասարակություններից մեկը:

Երկրի Քրեական օրենսգրքի չորս տասնյակ հոդվածներ նախատեսում են ճիպոտահարություն, որը կիրառվում է նաեւ դպրոցների բարձր դասարաններումՙ դաստիարակչական նպատակներով:

Սինգապուրյան ազգի «հայրը»

Լիի գլխավոր մեծագործությունը սինգապուրյան ազգի ստեղծումն է: Թեեւ էթնիկ չինացիները երկրում կազմում են գրեթե 80 տոկոս, ազգային լեզուն մալայերենն է, պետական հիմնարկներում կիրառվում է անգելերենը, պաշտոնական լեզուներ են ճանաչված անգլերենը, պուտունհուան (չինարենի գլխավոր բարբառը ՉԺՀ-ում), մալայերենը եւ թամիլերենը, իսկ փողոցներում կարելի է լսել այսպես կոչված «սինգլիշ» եւ «մանգլիշ»ՙ չին-անգլերենի եւ մալայա-անգլերենի բարբառներ:

Ազգային թաղամասերի բնակիչներին բազմահարկ շենքեր տեղափոխելովՙ կառավարությունը միտումնավոր կերպով միախառնում էր էթնիկական տարբեր խմբերը: Լին ի վերջո հասավ իր նպատակին. սոցիոլոգների տվյալների համաձայն, ներկայումս քաղաք-պետության բնակիչների 95 տոկոսը իրեն համարում է նախ եւ առաջ սինգապուրցի, այլ ոչ թե չինացի, մալայացի կամ թամիլ: Ինչ վերաբերում է երկրում մաֆիայի բացակայությանը, դա նույնպես Լի Կուան Յուի ջանքերի արդյունքն է. ժամանակին մի շարք մաֆիականների սպանությունից հետո մյուսները անձնատուր էին եղել իշխանություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 27-03-2015

AZG Daily #43, 16-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ